«Հեռուստալրագրությունը նման է հավերժական սիրո, որից բաժանվելն այլևս անհնարին է»,- վաստակաշատ լրագրող Սերգո Երիցյանի հայտնի այս տողերն են զարդարում նրա անունը կրող լսարանի պատերից մեկը։ Այսօր Մանկավարժական համալսարանում կայացավ լսարանի հանդիսավոր բացումը։
Երիցյան ընտանիքի նախաձեռնությամբ նորոգված և կահավորված լսարանի բացման պատիվն ընձեռվեց որդուն՝ Սարգիս Երիցյանին․ Կուլտուրայի ֆակուլտետի 208 լսարանը Հեռուստառադիոլրագրության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանի անունով էր անվանակոչվել ՀՊՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ։
Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանն արժևորեց լրագրողական մանկավարժության մեջ մեծ ներդրում ունեցած Սերգո Երիցյանի անցած ուղին և խորհրդանշական համարեց, որ անվանի լրագրողի անունը կրող լսարանը բացվում է Հայկական մամուլի օրը․«Սերգո Երիցյանը ոչ միայն հայտնի հեռուստալրագրող էր իր հանրահայտ «Կարծիք» հաղորդաշարով, այլև ճամփորդական ակնարկներով, բազմաթիվ հետաքրքիր այլ նախաձեռնություններով։ Նրա մյուս և շատ էական վաստակն այն էր, որ ակադեմիական հիմքերի վրա դրեց լրագրողական կրթությունը․ բոլորը գիտեն՝ բուհական համակարգում անհնար է կազմակերպել լրագրողական կրթություն առանց նրա հայտնի ձեռնարկների, մենագրությունների և բազմաթիվ հոդվածների»,- նշեց Լևոն Գալստանն ու հավելեց՝ այդ ակադեմիականությունը, լրագրողական փորձն ու նաև իր մարդակային կերպարը ուրվագծում են Սերգո Երիցյան երևույթը։
Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչը կարծում է, որ հիմնանորոգված, կահավորված և մասնագիտական գրականությամբ հագեցած այս գեղեցիկ միջավայրը մեծ դերակատարում կունենա դասախոսների և ուսանողների համար․ այն նույնպես կրթություն է, դաստիարակություն։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց Երիցյան ընտանիքին նախաձեռնության համար և ընդգծեց՝ չափազանց կարևորում է մասնագիտական ձեռագրաբանությունը, իսկ պրոֆեսոր Երիցյանի անունը կրող լսարանը հնարավորություն կտա սովորել մասնագիտական ոլորտում ամենակարևորը, հասականալ լրագրության մեջ բովանդակային այն յուրահատկությունները, որոնք պայմանավորում են նրա անհատականությունը։
Ռեկտոր Գևորգյանը նկատում է՝ յուրաքանչյուր ոլորտ կարևորվում է ոչ թե նրանով՝ ինչ ունենք, այլ նրանով, թե ինչպիսին կլինի այդ ոլորտը վաղը։ Նա շնորհակալություն հայտնեց ընտանիքի անդամներին բուհը մասնագիտական գրականությամբ հարստացնելու համար․ դրանք հնարավորություն կտան ապագա լրագրողներին սովորել, զարգանալ։
Լսարանի հանդիսավոր բացմանը ներկա էին նաև պրոֆեսոր Երիցյանի գործընկերները, ընկերները, ուսանողներ։ Արձակագիր, լրագրող Վրեժ Սարուխանյանը նկատում է՝ կենսաբանական մահը չի կարող ընդհատել ազնվագույն ժառանգությունը․մարդու իսկական տարիքն ու կենսագրությունն այնքան է, ինչքան ապրում է, զգում է, տեսնում է կյանքը։
Նրա կարծիքով, Սերգո Երիցյանը հասցրեց տեսնել այդ կյանքը․ նա իր երազի ճանապարհի արագությունը հասկանում էր և դրա շնորհիվ էր նաև, որ կարողացավ շատ բանի հասնել․«Նա իր ամեն նյարդով կապված էր հայրենիքի հետ, իսկ նրա թողած կարևոր վաստակը ժողովրդի սերն էր։ Նա բարի խորհրդատու էր բոլորի համար․նրա կյանքը լի էր սիրով ու բարությամբ։ Մենք դեռ երկար կսպասենք Սերգո Երիցյանի երազների կատարմանը»։
Սերգո Երիցյանի որդին՝ Սարգիս Երիցյանը նկատում է՝ լսարանի շնորհիվ ուսանողների հետ կմնա ոչ միայն սիրելի մանկավարժի անունը, այլև հնարավորություն կլինի մեկ մարդու անցած ճանապարհով, ճակատագրով, կրթական, դաստիարակչական գործունեությամբ ուսանել ու կերտել սեփական ճանապարհը․«Նա մանկավարժ էր, որ դաստիարակում էր ոչ թե խոսքով, այլ իր սեփական օրինակով ու ապրած ճանապարհով։ Վստահ եմ՝ գալիք սերունդները հնարավորություն կունենան նրան ճանաչել իր գրքերի, հաղորդումների, ստեղծագործական ժառանգության միջոցով, իսկ գործընկերների և դասախոսների պատմած հիշողությունները կօգնեն հմտանալ այս մասնագիտության մեջ»։
Հայտնի լրագրող Լյուսյա Մեհրաբյանը լիահույս է, որ լրագրողների նոր սերուդը կմեծանա Սերգո Երիցյանի օրինակով։
Ներկաները նաև դիտեցին Հեռուստառադիոլրագրության ամբիոնի դասախոսական կազմի համատեղ ջանքերով ստեղծված Սերգո Երիցյանին նվիրված «Շարունակվող ճամփորդություն» վավերագրական ֆիլմից մի հատված՝ մարդկային մեկ ճակատագրի պատմություն՝ անցյալից դեպի ապագան գնացող ուղերձներով։-
Աղբյուր՝ https://aspu.am/hy/
Վերջին երեք լուսանկարները՝ Էդուարդ Տեր-Սահակովի