Երեւանում նշվել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության 20 ամյակը

  • 09.10.2024
  • 0
  • 447 Views

Ալ.  Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Սինոփսիս Արմենիա»-ի 20-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որի ընթացքում անցկացվել է «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով հոբելյանական մրցանակաբաշխությունը։

«Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ կարևոր է տեսնել, թե այս 20 տարիների ընթացքում ի՞նչ աճ է գրանցել ընկերությունը. «20 տարի առաջ սկսել ենք 45 աշխատակցով, իսկ այսօր մենք ունենք 1300 աշխատակից, մենք սկսել ենք մեկ կենտրոնով, իսկ այսօր ունենք 3-ը: Այս տարիների ընթացքում հսկայական փոփոխություններ է կրել նաև մեր աշխատանքի որակը: Ուրախ եմ նշել, որ հինգ տարի առաջ ընկերության 15-ամյակին ես ասացի, որ ցանկություն ունենք կենտրոն ստեղծելու Գյումրիում և այսօր այն արդեն գործում է»:

Զորյանը նշեց, որ ձեռքբերումներով չեն սահմանափակվելու և քայլելու են ժամանակին համընթաց՝ զարգացնելով ընկերության հնարավորությունները:

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ողջունելով և շնորհավորելով ընկերության 20-ամյակը, ընդգծեց, որ այս տարիների ընթացքում անցել են և՛ դժվարությունների, և՛ մարտահրավերների միջով, բայց առավել շատ հաջողություններ և մեծագույն նվաճումներ են գրանցել:

«Հպարտ եմ «Սինոփսիս Արմենիա»-ի աշխատակիցներով, քանի որ շատերը ունենալով արտերկրում աշխատանք գտնելու լայն հնարավորություններ՝ աշխատում, արարում և ստեղծում են հայրենիքում: Մեր աշխատակիցները այս տարիների ընթացքում ստեղծել են նաև մոտ 15 հազար նոր աշխատատեղեր՝ հանրապետության սպասարկման ոլորտում: Իհարկե, մեր հաջողությունը լիարժեք չէր լինի առանց մեր գործընկերների՝ համալսարանների, միջազգային կառույցների, միությունների, և՛ այսօրվա, և՛ նախկին ղեկավարների»,- եզրափակեց Մուսայելյանը:

Ներկաներին ողջունել են նաեւ ԱԺ փոխոսնակ Արշակյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանը։

Հանդիսավոր երեկոյի ընթացքում ներկայացվել են ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք իրականացվել են Հայաստանի Կառավարության, կրթական համակարգի և բիզնես ու հասարակական կազմակերպությունների հետ։ Այս տարի 20-րդ անգամ ամենամյա կրթական պարգևների են արժանացել «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» մրցանակաբաշխության 37 հաղթողներ՝ 31 ուսանող և 6 աշակերտ: Մրցանակները հանձնել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհավորել է «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը 20-րդ տարեդարձի առիթով և նշել, որ այն կարևոր իրադարձություն է և՛ «Սինոփսիս Արմենիա» ընկերության, և՛ «Սինոփսիս» ընկերության, և՛ Հայաստանի Հանրապետության համար: Նա նշել է, որ ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից է, որը ստեղծել է նոր աշխատանքային միջավայր, նոր աշխատանքային մշակույթ, նոր աշխատանքային հարաբերություններ: Վարչապետի խոսքով՝  ընկերությունն աշխատանքը համադրել է   ստեղծագործության, ստեղծարարության հետ, անընդհատ խրախուսել է առողջ ապրելակերպը, բնապահպանական ընկալումը, սոցիալական պատասխանատվությունը և, որն ամենակարևորն է, անընդհատ քաջալերել է կրթությունը և փորձել աջակցել տաղանդավոր մարդկանց:

Վարչապետը կարևորել է «Սինոփսիս»-ի դերը նաև կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելու իմաստով և ընդգծել, որ այսօր էլ Հայաստանում առկա է կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելու շատ կարևոր խնդիր՝ բակերում, գյուղերում, թաղամասերում, ընդհուպ՝ բուհերում:  «Կառավարությունը գործընկեր է համարում բոլոր այն ընկերություններին, բոլոր այն անհատներին, որոնք հենց այս տրամաբանությունն են դնում իրենց գործունեություն հիմքում, սրան կարևոր նշանակություն են տալիս»-, ասել է նա:

ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը հիմնվել է 2005 թ-ին՝ նպատակ ունենալով ճանաչել լավագույններին և խանդավառել հաջորդներին՝ ընտրելու ՏՏ ոլորտը, որպես ամենաարագ աճող և աշխատուժի անընդհատ աճող պահանջարկ ունեցող ոլորտ։ Մինչ օրս այս պարգևին արժանացել է 642 ուսանող և աշակերտ: «ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևի» հաղթողները 2008թ․-ին հիմնել են «Հաղթողների ակումբ»-ը, որի անդամներից շատերն այսօր Հայաստանի բիզնեսի և գիտության առաջատարներ են, ՏՏ ոլորտի ստարտափերի հիմնադիրներ: «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հովանավորը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է։

Աղբյուր՝ Press Office of the Government of RA, Armenpress,

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում