Հայաստանցի հրաձիգները շարունակում են փայլուն ելույթները Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում։
«Հրաձիգներ Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը վազող թիրախ միքս մրցաձևում դարձել են Եվրոպայի չեմպիոններ։ Այդ մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Խաչատրյան – Հարությունյան զույգը 378 միավորով, 2-րդ հորիզոնականով դուրս է եկել կիսաեզրափակիչ։Կիսաեզրափակչում ՝ 7:5, իսկ արդեն եզրափակչում՝ 6:4 հաշվով հաղթանակ տոնելով՝ մեր հրաձիգները նվաճել են մեր թիմի 5-րդ ոսկե մեդալը այս առաջնությունում»,- նշված է հաղրոդագրությունում։
Գոռ Խաչատրյանը՝ վազող թիրախ ձևի Եվրոպայի երիտասարդական առաջնության խառը վազք մրցաձևի անհատական պայքարում ճանաչվել է հաղթող։ Խաչատրյանը խոցել է մրցումային օրվա լավագույն արդյունքը՝ 381 միավոր։
Կանանց թիմային պայքարում Գոհար Հարությունյան – Լիլիթ Մկրտչյան – Արուսյակ Գրիգորյան եռյակը ոսկե մեդալակիր է դարձել խառը վազք մրցաձևում։ Հայաստանի թիմը հավաքել է 1112 միավոր։
Եվրոպայի երիտասարդական առաջնության խառը վազք մրցաձևի թիմային պայքարում Գոռ Խաչատրյան – Հայկ Մինասյան – Համլետ Կարենյան եռյակը 1082 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։ Նույն մրցաձևի կանանց պայքարում Մարի Ղազարյան – Անահիտ Սարգսյան – Աիդա Ազատյան եռյակը 1021 միավորով նույնպես նվաճել է արծաթե մեդալ։
Ավելի վաղ Գոհար Հարությունյանը Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել նաև 10 մետր վազող թիրախ մրցաձևում։ Գոհար Հարությունյան – Լիլիթ Մկրտչյան – Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակն էլ դարձել էր արծաթե մեդալակիր։
Երիտասարդների թիմային պայքարում Գոռ Խաչատրյան – Հայկ Մինասյան – Համլետ Կարենյան եռյակը դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան – Անահիտ Սարգսյան – Աիդա Ազատյան եռյակն արժանացել էր բրոնզե մեդալի։
10մ վազող թիրախ մրցաձևի երիտասարդների պայքարում բրոնզե մեդալակիր էին դարձել Գոռ Խաչատրյանը և Մարի Ղազարյանը։
Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 4-ին։