Հայաստանի կողմից Պաղեստինը անկախ պետություն ճանաչելու մասին հայտարարությունից հետո արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան գոհունակություն է հայտնում Հայաստանի կողմից Պաղեստինը ճանաչելու որոշման կապակցությամբ։
“Թուրքիան ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը Դա տեղի է ունեցել Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի կողմից ձեռնարկված նմանատիպ քայլերից հետո:”
Իրենց հայտարարության մեջ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչներն ընդգծել են, որ Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջ է:
“Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի ավելի մեծ թվով երկրներ ճանաչեն Պաղեստինը”, – ասվում է հաղորդագրության մեջ:
Մյուս կողմից, Իսրայելի արտգործնախարարություն է հրավիրել Հայաստանի դեսպան Արման Հակոբյանին, իսկ Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտարարել է, որ Պաղեստին պետությունը ճանաչելու Երեւանի որոշումը բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։
«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը նվեր է ՀԱՄԱՍ-ի եւ այլ պաղեստինյան խմբավորումների «ահաբեկիչների եւ մարդասպանների համար»։ Այս քայլը երկարաժամկետ լուրջ հետեւանքներ կունենա Իսրայելի եւ Հայաստանի հարաբերությունների վրա»,-գրել է նա Տելեգրամյան իր ալիքում։
Իր հերթին, «Արմենպրես»-ի հետ զրույցում արաբագետ, վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության ճանաչմանը, ասել է , որ Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը պայմանավորված է Գազայի հատվածում շարունակվող հակամարտությամբ, որը առաջացրել է լրջագույն հումանիտար և ռազմական մարտահրավերներ ամբողջ տարածաշրջանի համար։
Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը ինչպես կազդի հայ-իսրայելական հարաբերությունների վրա, հաշվի առնելով նաև այն, որ Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն, Պետրոսյանը նշեց, որ, բնականաբար, բացասական ազդեցություն կունենա, սակայն այդ հարաբերությունները մինչև այդ որոշումն էլ չէին փայլում դրական հատկանիշներով։
«Բնականաբար, Իսրայելի վարքագիծը կանխատեսելի էր և տրամաբանական։ Իսրայելը նախկինում ևս նման մոտեցում է ցուցաբերել, երբ որևէ պետություն ճանաչել է Պաղեստին Պետությունը, Այսինքն՝ դեսպաններին կանչել է արտաքին գործերի նախարարություն, բողոքի նոտա է հղել։ Իսրայելի վարքագիծը ևս այս պարագայում ևս կանխատեսելի էր։ Ինչպիսի ազդեցություն կունենա Իսրայել-Հայաստան հարաբերությունների վրա այս որոշումը՝ բնականաբար, որևէ կասկած չկա, որ բացասական ազդեցություն է ունենալու, բայց այդ որոշման էլ Հայաստան-Իսրայել հարաբերությունները չեն փայլել իրենց դրական, որակական հատկանիշներով։
Բացի այդ, մինչև այժմ էլ Իսրայելը բազմիցս իրականացրել է քայլեր, հատկապես՝ Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում հարաբերությունների խորացմամբ, որը ռազմավարական և անվտանգային խնդիրների առաջացրել Հայաստանում»,- ընդգծեց Պետրոսյանը։
Արաբագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է բարձրաձայնի իր մտահոգությունները ոչ միայն Իսրայել-Հայաստան կամ Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում եղած մտահոգիչ իրողություններով, այլև հենց Իսրայելի տարածքում իսրայելահայ համայնքի նկատմամբ վարվող քաղաքականության հետ կապված։
Հարցին, թե ինչպե՞ս կընկալի ԱՄՆ-ն Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, արաբագետը պատասխանեց՝ չի կարծում, որ Հայաստանի որոշումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա։
«Վերջին շրջանում նկատում ենք լրջագույն խնդիրներ նաև ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում, որը պայմանավորված է Իսրայելում գործող կառավարության քաղաքականությամբ, որն իր ծայրահեղականությամբ ազդում է ոչ միայն տարածաշրջանի անվտանգության վրա, այլև խնդիրներ է առաջացնում անգամ տարբեր դաշնակցային հարաբերություններում։ Վերջին շրջանում անգամ ԱՄՆ-ն ակնարկել է Պաղեստին Պետության ստեղծման հավանականության մասին՝ օրակարգ բերելով «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» բանաձևի հիման վրա խնդրի կարգավորումը։ Այնպես որ, վստահ եմ, որ Հայաստանի կայացրած որոշումը բավականաչափ կշռադատված է։ Այն կայացվել է տարածաշրջանային և միջազգային իրողություններով և գլոբալ անվտանգային մարտահրավերներով պայմանավորված»,- ասաց Պետրոսյանը։
Ըստ արաբագետի՝ հայ-պաղեստինյան հարաբերությունների հետագա զարգացումը կախված է, թե ինչպիսի լուծում կստանա պաղեստինյան հակամարտությունը։
«Բնականաբար, դրանից հետո արդեն հնարավոր կլինի քննարկել Պաղեստին-Հայաստան հարաբերությունների զարգացման հարցը։ Այս պահին Հայաստանում նման որոշումը հիմնականում պայմանավորված է ստեղծված տարածաշրջանային լարվածությունը, անվտանգային լրջագույն մարտահրավերները կանխելու և լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմ թույլ չտալու համար»,-եզրափակեց Պետրոսյանը։
orer.eu