Խոր ցավով տեղեկացանք, որ 67 տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։
Լալա Մնացակայնանը հայ թատրոնի ու կինոյի սիրված դերասանուհիներից էր եւ իր ուրույն տեղն էր սահմանել թատերական աշխարհում՝ աշխատելով հիմնականում կատակերգական ժանրում։
Շատերը նրան իբրեւ կատակերգակ դերասանուհի գիտեն, բայց քչերն են տեսել, թե ինչպես էր Լալան խաղում դրամատիկ դերերը։ Նրա Չապեկի «Մայրը» դրաման հայ բեմի պատմության մեջ կմնա իբրեւ անգերազանցելի դերակատարում, ինչը նրա տաղանդի վկայությունն էր։ Տասը տարի առաջ՝ 2014 թվականին բախտ ունեցանք այդ ներկայացումը դիտելու Պրահայում։ Դերասանուհու խաղն այնքան անկեղծ ու համոզիչ էր, որ հուզել էր նաեւ չեխ հանդիսատեսին։ Չապեկի բեմադրության ռեժիսորը նույնպես Լալան էր։ Անմոռանալի էր նաեւ, երբ նա ներկայացնում էր Դեմիրճյանի հանրահայտ «Հայը» պատմվածքը։
Լալան կատակով ասում էր՝ «Ես ձեւավորվել եմ մաթեմատիկական թեքումով թատերական ընտանիքում»։ Նա երբեք դժվարություններից չէր խուսափում, ընդհակառակը ասում էր՝ «Փորձությունը մեզ տրվում է ոչ թե նրա համար, որ հուսահատվենք, այլ նրա համար, որ գնանք այն ճանապարհով, որը մեզ առաջ կտանի՝ բացելով այն ճշմարտությունը, որ մարդը նաեւ հոգեւոր արարած է, եւ աշխարհ է եկել ստեղծելու, արարելու համար»։
Մեզ հետ զրույցում նաեւ տալիս էր թատրոնի սահմանումը.«Աշխարհում չկա թատրոն, որն ինքն իրեն կարողանա պահել։ Լավ թատրոնը հարուստ երկրի համար է։ Այսօր, եթե քո բեմադրությանը չաջակցեն, չհովանավորեն, ոչինչ չես կարող անել։ Թատրոնի ասպարեզում դժվարությունները շատ են, բայց տարօրինակն այն է, որ հետ կանգնողներ քիչ են լինում։ Սա էլ մեր ընտրությունն է, մեր ճանապարհը»։
Նա աշխատել էր Հայաստանի ամենատարբեր թատրոններում՝ Վանաձորի Աբելյան թատրոնից մինչեւ Սունդուկյան, եւ ինչպես ինքն էր ասում, փորձարկել էր թատերական համարյա բոլոր ուղղությունները, եւ իրեն հարազատ էր համարում այդ ամենի սինթեզը։ Այդ հարցում նրան մշտապես աջակցել է մայրը՝ թատերականի դասախոս Էլիզա Գյուլեսերյանը։
Ու ինչպես ինքն էր սիրում ասել՝ «Ես միշտ անում եմ այն, ինչը սիրում եմ։ Եվ անում եմ նրանց համար, ում սիրում եմ՝ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ։
Նա բոլորին վարակում էր իր ժպիտով ու հումորով։ Այդպես կենսուրախ էլ կմնա մեր հիշողության մեջ, ինչպես վերջին անգամ մի քանի ամիս առաջ Պրահայում ներկայացրեց կատակերգություն՝ վատառողջ վիճակում բարձրանալով բեմ, Լալան լիովին կերպարանափոխվեց՝ ծիծաղ ու սեր պարգեւելով ներկաներին։
ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմի անունից ցավակցում ենք Լալա Մնացականյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին։ Աստված հոգին լուսավորի։
Հակոբ Ասատրյան
Պրահա
Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23_ին ժամը 18։00_ից 20։00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը հունիսի 24_ին ժամը 11։00_ից 13։00 նույն տեղից։
Ստորեւ հատվածներ 2014 թվականի մեր ամսագրի հրապարակումներից։


Ի դեպ, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո դեկետմբերի 1-ին Լալա Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ «Կյանքում ամենադժվար ու անելանելի վիճակներում անգամ միշտ ուժ եմ գտել իմ մեջ ելք փնտրելու։ Սա իմ կյանքում առաջին դեպքն է, որ այնքան հուսախաբված, հիասթափված ու կոտրված եմ, որ բառեր չեմ գտնում արտահայտելու այն մեծ ցավը, որը երկար ժամանակ տանջում, հետապնդում ու ոչ մի կերպ բաց չի թողնում ինձ։
Ես լռում էի։ Լռում էի, որովհետև չէի կարողանում մեջս ուժ գտնել, որ դուրս գամ այն խորը անհուսությունից, որն ամեն օր մաշում էր ինձ։ Չէի կարողանում համակերպել այն մտքի հետ, որ մենք այսքան զրկանքների ու չապրելու միջով անցանք, որ արժանանանք այս ճակատագրին։
Մեզ թվաց, մենք մերժում ենք վատթարագույնը, այնինչ պարզվեց, որ ընտրում ենք սարսափելին։
Մի ամբողջ ժողովուրդ խաբվեց, և մնաց մենակ իր ցավի, վշտի, կորստի ու չապրած կյանքի հետ։Մի ամբողջ ժողովուրդ ապրել չէր ուզում․․․Բայց ․․․ չապրելը ելք չի, չապրելը հանձնվել է։
Այն ԼՈՒՅՍ ԷՐԵԽԵՔԸ, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն Հայրենիքի, մեզ հանձնվելու իրավունք չեն տվել։
Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, այն ժողովրդին, որն անվերապահ հավատում էր քեզ։
Եթե քո մեջ խղճի մի փոքր նշույլ դեռ մնացել է, դու պարտավոր ես ամեն գնով ազատել մեր գերիներին։
Եթե քո մեջ արժանապատվության մի փոքր նշույլ դեռ մնացել է, ապա պարտավոր ես ինքնակամ հեռանալ։
Հայ ժողովուրդը կգտնի իր մեջ ուժ ՆՈՐԻՑ ԱՊՐԵԼՈՒ»։



