«Դիլիջան Ֆորտե» համերգը՝ մշակութային վերածնունդ

  • 04.06.2024
  • 0
  • 170 Views

Հունիսի 1-ին Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների տան Բեթհովենյան համերգասրահում «Արվեստ 23» ՀԿ-ի նախաձեռնությամբ և միջոցառման գլխավոր գործընկեր Ամերիաբանկի հովանավորությամբ կայացավ «Դիլիջան Ֆորտե» տաղանդների համերգը:

Համերգին մասնակցելու համար աշխարհի տարբեր ծայրերից գեղատեսիլ Դիլիջանում էին հավաքվել բացառիկ տաղանդով օժտված պատանի երաժիշտներ՝ 14-ամյա ջութակահար Շան-Էն Հշին Թայվանից, 11-ամյա կլարնետահարուհի Ելիզավետա Գամարիսը Ռուսաստանից, 11-ամյա դաշնակահարուհի Անջելա Յիշուան Միաոն Չինաստանից, և Հայաստանից 18-ամյա հոբոյահար Հայկ Հեքեքյանը:

Պատանի երաժիշտներն իրենց տպավորիչ ելույթներով հիացրին ներկաներին և լուսավորեցին Դիլիջանն իրենց փայլով ու տաղանդով՝ համերգային կատարումներով հանդես գալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Նշենք, որ մրցույթ-փառատոնի և այն հենց Դիլիջանում անցկացման գաղափարը պատկանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին։ Նախագծին առաքելության իրագործման ճանապարհին արդեն միացել են մարդիկ, որոնք նույնպես հենց առաջին քայլերից հավատում են դրա տեսլականին՝ հանձինս գործարար և ներդրող՝ Միքայել Փաշայանի:

Համերգն ազդարարեց 2025թ.-ի «Դիլիջան Ֆորտե» դասական երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցելու են տարբեր ազգերի 8-16 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտներ աշխարհի տարբերի երկրներից։ Միջազգային այս խոշոր միջոցառման նպատակն է բացահայտել նոր տաղանդներ և աշխարհին տալ նոր անուններ՝ Դիլիջանը նորից դարձնելով մշակութային ծաղկուն կենտրոն։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում