Մայիսի 30ին Պրահայի Ատրիում համերգասրահում տեղի ուեցավ «Կանք, կլինենք» գրական երաժշտական հրաշալի երեկոն, որը նվիրված էր Հայաստանի առաջին Հանրապետության 106-ամյակին։ Հային ու հայրենիքին նվիրված պոեզիան, հայ երգն ու երաժշտությունը միանգամայն հայկական կոլորիտ էին ստեղծել դահլիճում։ Շատերը չէին կարողանում զսպել հուզմունքը’ մանավանդ այս օրերին, երբ փոթորկված է հայ ժողովրդի ապագան։ Գրական ու երաժշտական համարները հաջորդում էին միմյանց։
Երեկոյի գրական մասը վարեց Գեղանուշ Աբրահամյանը, ով ներկայացրեց ոչ միայն Համո Սահյանի ու Պարույր Սևակի ստեղծագործություններից, այլեւ ընթերցեց Հովհաննես Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» հոդվածից մեջբերումներ, որոնք կարծես թե գրված էին մեր օրերի համար։ «Ներսից է լինելու մեր փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած», սա էր Թումանյանի պատգամը, որ մտորելու եւ խորհրդածելու թեմաներ էր առաջարկում՝ հայ ժողովրդի անցած պարտությունների եւ հաղթանակների մասին, պատմության էջեր, որոնք ներկայի ճշմարիտ լույսի տակ մղում են յուրաքանչյուրիս սթափ վերլուծության։
Երեկույթին հատուկ տոնականություն ու գույն էր հաղորդում սոպրանո Վարինե Մկրտչյանը, ում մատուցմամբ, հայ երգը յուրովի զարդարում է ցանկացած միջոցառում։ Դրա վկայությունն էր նաեւ Վարինե Մկրտչյանի վերջին մենահամերգը։
Երեկոյի ընթացքում իրենց հեղինակային ստեղծագործություններով հանդես եկան կոմպոզիտոր, դաշնակահար Մարատ Խաչատուրյանը եւ դիրիժոր, կոմպոզիտոր Գայանե Առաքելյանը։ Միջոցառմանը յուրահատուկ հայկական շունչ ու տեսք հաղորդեցին «Դինա դանս շոուի» պարուհիները՝ կատարելով հայկական պարեր։
Տոնական ձեռնարկին ներկա էին նաեւ Չեխիայում հայկական դեսպանության դիվանագետներ Էմմա Պառավյանը եւ Արամ Քարամյանը։
Ջերմ ծափողջյուններից հետո, հանդիպման վերջում հանդիսատեսը շփվեց մասնակիցների հետ՝ կիսվելով ոգեւորիչ տպավորություններով։ Բոլորի ցանկությունն էր ավելի հաճախ կազմակերպել նման ձեռնարկներ։
Վերջում նշենք, որ երեկոն կազմակերպել էր Չեխիայի հայ երիտասարդական միությունը՝ Մարիամ Ալոյանի նախաձեռնությամբ։
Orer.eu