Սիցիլիական հաղթանակ. սոպրանո Արփի Սինանյանի առաջին միջազգային մրցանակը. Հարցազրույց ՕՐԵՐ-ին

  • 21.05.2024
  • 0
  • 1125 Views

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի  16-19-ը  Իտալիայում տեղի ունեցավ  “XXVI Edizione del Concorso Internazionale per cantanti lirici Città di Alcamo” մրցույթը, որի երկրորդ պատվավոր տեղին արժանացավ սոպրանո  Արփի Սինանյանը։ Նա արժանացել է նաև “Ente Luglio MusicaleTrapanese” միջազգային հատուկ մրցանակին և որպես եզրափակիչ փուլին հասած ամենաերիտասարդ երգչուհի՝ ստացել “Borsa di studio Famiglia La Monica” հատուկ մրցանակը։ Այդ առիթով կարճ զրույց ունեցանք երգչուհու հետ։

-Սիրելի Արփի, նախ շնորհավորում ենք մրցանակի առիթով, բայց մինչ մրցույթի մասին հարց ուղղելը, կխնդրեինք պատմես, թե որտե՞ղ ես ուսանում եւ արդյո՞ք սա նմանատիպ մրցույթին առաջին մասնակցությունն էր։

-Շնորհակալություն։ Սովորում եմ Երեւանի պետական կոնսերվատորիայում՝ 3-րդ կուրսում։ Ավարտել եմ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը եւ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը։  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի «Երիտասարդական ծրագրի» մեներգչուհի եմ(ղեկավար Լ. Ջավադյան)։ Մի քանի անգամ լավ արդյունքներ եմ գրանցել առցանց միջազգային մրցույթներում։ Սակայն առաջին անգամ էի մասնակցում Եվրոպայում տեղի ունեցող միջազգային մրցույթի։ Իտալիան, լինելով պատմական եւ մշակութային կենտրոն, մեծ նշանակություն ունի բոլորիս համար։

-Այս հաղթանակը առաջի՞նն էր։Ընդհանրապես, ինչպե՞ս անցավ մրցույթը եւ ո՞ր քաղաքում էր։

-Այո,  Իտալիայի Հանրապետության՝ Սիցիլիայի հետ եմ կապում իմ առաջին միջազգային հաղթանակը, որին ես չէի հասնի առանց ինձ «հավատացող» եւ անսահման աջակցող մարդկանց։ Մրցույթն անցկացվում էր Իտալիայի Սիցիլիա շրջանի Ալկամո քաղաքում։ Մրցակիցները թվով 46ն էին՝ 16 երկրից (Հայաստան, Չինաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Հարավային Կորեա, Թայվան, Մեքսիկա, Արգենտինա, Ռուսաստան, Ուկրաինա,, Բուլղարիա, Հունգարիա,Իտալիա և այլն)։Բոլոր մասնակիցները հմուտ կատարողներ էին , մեծամասամբ իրենց երկրներում կայացած արտիստներ։

-Ինչպիսի՞ն էին ձեր տպավորությունները եւ ի՞նչ արիաներ  կատարեցիք մրցույթի ընթացքում։

-Հետաքրքիր էր ծանոթանալ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, տեղեկանալ իրենց երկրներում օպերային արվեստի զարգացման միտումների մասին եւ պարզապես ձեռք բերել նոր ընկերներ։ Մրցույթի ընթացքում կատարել եմ Ա. Վիվալդիի «Բայազետ» օպերայից Իռենայի արիան, Շ. Գունոյի «Սաֆո» օպերայից Սաֆոյի արիան, Ք. Վ. Գլյուկի «Ալցեստա» օպերայից Ալցեստայի արիան եւ Ջ. Վերդիի «Տրուբադուր» օպերայից Լեոնորայի արիան։

-Մրցույթից հետո այլ առաջարկներ եղա՞ն։

-Այս մրցույթի շրջանակներում հրավեր եմ ստացել մասնակցելու “Ente Luglio Musicale Trapanese”-յի կողմից կազմակերպվող համերգում։ Իսկ հունիսի 2-ին Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնում Հայաստանի եւ Ռուսաստանի երիտասարդական ծրագրերի համատեղ համերգին կկատարեմ Լեոնորայի արիան Ջ. Վերդիի «Տրուբադուր» օպերայից։

Սպասում եմ նաեւ մի քանի մրցույթների ամփոփմանը , որոնց նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարել եմ։

-Հաջողություն ենք մաղթում եւ նոր հաղթանակներ։

Հ.Ասատրյան

Օրեր ամսագիր

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում