Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հայաստանի ղեկավարները ցավակցել են Իրանի հոգևոր առաջնորդին. Ուղղաթիռի վթարի զոհ է դարձել 8 հոգի

  • 20.05.2024
  • 0
  • 337 Views




Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը մայիսի 19-ին վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ-ոք ողջ չի մնացել։ Բացի նախագահից ուղղաթիռի մեջ էին գտնվել նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Այաթոլլահ Մոհամմադ Ալի Ալ- Հաշեմը:
Իրանի գլխավոր շտաբի պետը հանձնաժողով է ստեղծել՝ նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետաքննության համար: Հայտնի է դարձել նաեւ, որ իմամ Ալի Ալ-Հաշեմը վթարից հետո մեկ ժամ դեռեւս կենդանի է եղել, եւ նույնիսկ հասցրել է կապվել հեռախոսով եւ զրուցել նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էբրահիմ Ռաիսիի մահվան հաստատման դեպքում նախագահի լիազորությունները կատարելու է նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերը։

Ըստ ԻԻՀ Սահմանադրության՝ նախագահի առաջին տեղակալը, խորհրդարանի նախագահը և դատական համակարգի ղեկավարը ձևավորելու են խորհուրդ, որն առավելագույնը 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպի նոր նախագահի ընտրությունը։

Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Իբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։

Նորին Սրբությունը հանուն Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին` հայցելով, որ Բարձրյալը զորավիգ լինի Իրանի Իսլամական Հանրապետությանը հաղթահարելու դժվարին փորձությունը։ 

Ցավակցագրեր են ուղարկել նաեւ Հայաստանի նախագահը, վարչապետը եւ Ազգային ժողովի նախագահը, ինչպես նաեւ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիային ու նրանց ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Ձերդ Վսեմություն,

Խորապես ցնցված եմ ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից, որի հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու նրանց ուղեկցող բարձրաստիճան այլ անձինք:

Անկեղծ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, Իրանի կառավարությանն ու Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն:

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու դառնությունը:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձե՛րդ Վսեմություն,

Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։

Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից անկեղծ ցավակցության ու մխիթարության խոսքեր եմ հղում իմ թանկագին բարեկամ և գործընկեր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։

Զորակցում եմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն։

Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին»։
 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին: Ցավակցական նամակում ասված է.

«Ձե՛րդ գերազանցություն,

Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղեկցող անձնակազմի զոհվելու գույժը:

Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին այդ ողբերգական ցավը:

Դժվարին այս պահին թույլ տվեք, Ձե՛րդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն, մխիթարական խոսքեր եւ եղբայրական զորակցություն հայտնել Ձեզ, խորհրդարանի անդամներին եւ Իրանի բարեկամ ժողովրդին»:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում