Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում Փարիզի Մոնմարտր թաղամասում

  • 20.05.2024
  • 0
  • 321 Views

Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ մայիսի 16-ին Փարիզի 9-րդ թաղամասի Նավարեն 22 փողոցում բացվեց հուշատախտակ՝ նվիրված աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին։ 1939-1956թթ․ ընթացքում Փարիզի Մոնմարտր պատմական այս թաղամասում է Շառլ Ազնավուրն անցկացրել իր մանկությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի դեսպանությունը։

Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի Մարտիկների և պատերազմի զոհերի ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Մարի-Քրիստին Վերդիե-Ժուկլասը։

Արարողությանը ներկա էին նաև Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Սիլվեն Մայարը, Փարիզի քաղաքային խորհրդի անդամ, Հիշատակի և վետերանների հարցերով պատվիրակ Ալեքսի Գովցյանը, Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ պատվելի Ժոել Միքայելյանը, մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսիացիներ և ֆրանսահայեր։

Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց հայազգի աշխարհահռչակ արտիստի հիշատակի հավերժացմանն ուղղված նախաձեռնության համար, որը նաև խորհրդանշական տուրք է հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամությանը: Դեսպանը կարևորեց Մեծ Հայի և միաժամանակ Մեծ Ֆրանսիացու անգնահատելի ավանդը իր երկու Հայրենիքները՝ Հայաստանը և Ֆրանսիան շաղկապելու գործում։ Ընդգծեց նրա կարևոր դերակատարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Դեսպանը նշեց նաև անկախությունից ի վեր Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած Շառլ Ազնավուրի մշտական և անվերապահ ներկայությունը Հայաստանի Հանրապետության կողքին, կարևոր դերակատարությունն ու մասնակցությունը՝ ի նպաստ Հայաստանի միջազգային բոլոր նախաձեռնություններին։

Դեսպանը հիշեցրեց նաև, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Նավարեն 22 հասցեում գտնվող իրենց բնակարանում է Ազնավուրյանների ընտանիքը պատսպարել Դիմադրության շարժման հայազգի հերոսներ Միսաք և Մելինե Մանուշյաններին՝ ընդգծելով, որ հայազգի երկու ականավոր գործիչների՝ Միսաք Մանուշյանի և Շառլ Ազնավուրի մտերմությունը սկիզբ է առել հենց այդ հասցեում։

Երգչի հիշատակը ոգեկոչող միջոցառմանը ներկա էին նաև Փարիզի Կոնդորսե, Վիկտուար և Ռոկ դպրոցների բազմաթիվ սաներ։ Նրանք ներկայացրեցին Շառլ Ազնավուրի ջերմ հիշողությունները՝ Նավարեն փողոցում անցկացրած տարիներից, կատարեցին երգչի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Նրանք ընկան», ինչպես նաև «Լա բոհեմ» ստեղծագործությունները։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում