«Խաղաղության համապարփակ, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում սահմանագծում և սահմանազատում անցկացնելն աննախադեպ երևույթ է դիվանագիտական պրակտիկայում». մայիսի 12-ին, Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքին հայտարարեց արտակարգ և լիազոր դեսպան, Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանը:
Նա ընթերցեց Դիվանագիտական խորհրդի կազմած փաստաթղթից մի հատված, որում ասվում է. «ՀՀ Ինքնիշխան տարածքում` Տավուշի մարզում սկսված գործընթացը առանց վերապահումների պետք է որակել որպես սահմանազատման եւ սահմանգծման անօրինական գործընթաց` ուժի սպառնալիքի ներքո կամ կապիտուլիացիայի շարունակություն` թվացյալ խաղաղության պայմաններում: Դրա լավագույն ապացույցը Ալիեւի ձեւակերպումն է, որ առանց մեկ կրակոցի իրենց թելադրած պայմաններով ադրբեջաբնական կողմը ստանում է տարածքներ: Միեւնույն ժամանակ անվտանգության որեւէ երաշխիք չկա նոր պատերազմը կանխելու, եւ հերթական ռազմական ագրեսիայի վտանգը շարունակվում է կախված մնալ մեր ժողովրդի գլխին:
Այլեւս հստակ է, որ չկան իրական բանակցություններ, եւ գործընթացը տեղի է ունենում Հայաստանի կողմից միակողմանի զիջումների ճանապարհով:
Ավելին` երկու երկրների միջեւ խաղաղության համապարփակ պայմանագրի, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում սահմանագծում և սահմանազատում անցկացնելն աննախադեպ երևույթ է դիվանագիտական պրակտիկայում, ինչն ուղղակիրոն կասկածի տակ է դնում դրա օրինականությունը: Նման մոտեցումն անընդունելի է, հակաիրավական եւ հակասահմանադրական»:
Դիվանագետ Վահագն Մելիքյանը ներկայացրեց նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նախատեսված քայլերը, որոնք մշակվել են Դիվանագետների համահայկական խորհրդի կողմից:
Առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.
ՀՀ արտաքին քաղաքական նշանակետը աներկբայորեն կայուն և տևական խաղաղության շուրջ չընդհատվող և համապարփակ բանակցություններն են՝ բոլոր առաջնահերթ հարցերի օրակարգով, նպատակ ունենալով բացառել պատերազմի հավանականությունը՝ ՀՀ նոր իշխանությունը, ի դեպս նոր բանակցողի, պետք է սթափ գնահատական տա և ձերբազատվի ժողովրդի թիկունքում ձեռք բերված բանավոր պայմանավորվածություններից:
Հանձնառու լինելով միջազգային և փաստաթղթավորված բոլոր պարտավորություններին և հանձնառություններին և առաջնորդվելով ՀՀ անվտանգության առաջնահերթություններով՝ ներգրավելու ենք կառուցողական և փոխշահավետ բանակցություններում:
Իրականացնել արտաքին քաղաքական օրակարգի սկզբունքային փոփոխություն՝ բացառելով հակառուսականությունը, հակաարևմտականությունը կամ ցանկացած հակա-ներով ձևավորված արտաքին քաղաքական բովանդակություն՝ զսպման ճկուն քաղաքականություն որդեգրելով:
Բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձներն ու դիրքավորումները՝ աշխարհակարգի սրընթաց փոփոխությունների և անորոշության պայմաններում:
Հարկավոր է գիտակցել, որ միջազգային քաղաքականությունը մի գործընթաց է, որտեղ ազգային շահերը սրբագրվում են, բայց չեն վտանգվում երբեք:
Ազգային շահերի հայեցակարգը չի ենթարկվում շինծու խաղաղություն, ոչ էլ պատերազմի անխուսափելոիություն, հակառակը, ենթադրում է հակամարտող շահերի մշտական կարգավորում՝ դիվանագիտական ողջ գործիքակազմով, ինչի բացակայությունն այսօր առկա է, և բոլորը գիտեն:
Պետք է հստակեցնենք մեր ազգային շահերը, դրանք հավասարակշռենք նոր իրողությունների պայմաններում՝ չզիջելով մեր հիմնարար իրավունքները, չփոխելով մեր ինքնության աղբյուրները, և չթուլացնելով մեր պետականության հիմքերը:
Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների, ինչպես նաև խորացնենք մեր գործընկերությունը և գործակցությունը ուժային այլ կենտրոնների հետ:
Համազգային ճգնաժամը հաղթահարելու համար կենսական անհրաժեշտություն է համահայկականությունը: Դրա նոր բանաձևումը, որին հասնելու միակ ճանապարհը պետք է դիտարկել համահայկական ներուժի համախմբումը՝ ներհանրային հաշտեցումը և համերաշխությունը, այս գործում անժխտելի է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու, համահայկական կառույցների և Արցախի Հանրապետության օրինական իշխանությունների անփոխարինելի առաջնորդությունն ու ակտիվ դերակատարությունը:
Հայ ժողովուրդը բացառիկ հնարավորություն ունի հասնելու ներքին հաշտեցման, համախմբվածության և միասնականության, ինչն էապես կնպաստի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացմանը: