Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության անելիքները. ապագա ղեկավարը չպետք է լինի որեւէ կուսակացության կամ խմբի անդամ

  • 12.05.2024
  • 0
  • 145 Views

Մայիսի 12-ին Երեւանի Հանրապետույթան հարապարկում հրավիրված հանրահավաքում Բագրատ Սրբազանը ներկայացրեց ապագա անցումային կառավարության անելիքները։ Նախ նա հայտարարեց, որ անցումային կառավարության ղեկավարի թեկնածուն չպետք է լինի որևէ կուսակցության կամ խմբի անդամ։

Ինչպիսի՞ն պետք է լինի Անցումային Կառավարությունը։

Ստորեւ Բագրատ Սրբազանի ներկայացրած կարեւոր կետերը․

🔹 Անցումային Կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ և ընդունակ, բարձր մասնագիտությամբ մարդկանցով՝ հնարավորություն տալով մարդկանց՝ անկախ կուսակցական և այլ պատկանելությունից ներգրավվելու այդ հաշտության կառավարության մեջ,

🔹 Երկրում պետք է գերիշխի ներքին հաշտեցման մթնոլորտը՝ հիմնված արդարության սկզբունքի վրա,

🔹 Պետական կառավարման՝ քաղծառայողների համակարգը պետք է լինի կայուն և ապահով՝ ո՛չ թե սրա-նրա քմահաճույքով պայմանավորված, ո՛չ թե հարազատների, բարեկամների լցոնումներով պայմանավորված,

🔹 Անցումային Կառավարությունը պետք է երաշխավորի ազատ և արդար ընտրությունները գալիք՝ մնայուն Կառավարության համար,

🔹 Մինչև նոր ընտրությունները որևէ կերպով չպետք է լինեն Սահմանադրության ամբողջական փոփոխությունների մասին խոսակցություններ,

🔹 Անցումային Կառավարությունը պետք է հանձնառու լինի շարունակել խաղաղ բանակցությունները,

🔹 Պետք է մերժի հակա-ներով արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվելով գործիք դառնալուց, զարգացնելով իր սեփական՝ հայկական օրակարգը, բարեկամների փնտրտուքով, բայց ո՛չ երբեք հույսը միայն բարեկամների վրա դնելով, այլ ապավինելով սեփական ժողովրդի ուժականությանը և կամքին,

🔹 Չճանաչել որևէ ուժով ձևավորված որևէ իրողություն՝ չվավերացնելով ուժի կիրառմամբ ձևավորված իրողությունները։ Բոլոր կարգավորումները պետք է տեղի ունենան բանակցությունների արդյունքնով՝ միջազգային իրավունքի և արդարության սկզբունքի հիման վրա,

🔹 Մեր տարածաշրջանի և հարևանների ստեղծած թշնամական իրադրությունը մեզ ստիպում է լինել ոչ «սովորական», այլ դառնալ «հատուկ» պետություն, որից պիտի բխեն բոլոր հայեցակարգային դրույթները՝ տարածված ողջ համակարգերի վրա,

🔹 Կառավարման համակարգ պետք է վերադառնան բոլոր փորձառու մասնագետները՝ կլինեն դիվանագետներ, զինվորականներ․․․ ՝ պետական ծառայության մեջ գտնվող բոլոր անձինք, ովքեր ինքնակամ հեռացել կամ անարդարացիորեն հեռացվել են,

🔹 Պետք է նոր հայեցակարգ մշակել Սփյուռքի հետ հարաբերության համար՝ ներգրավելով սփյուռքյան բոլոր կարող ուժերը՝ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի կյանքի զարգացման մեջ՝ թե՛ ներքին, և թե՛ արտաքին մակարդակով,

🔹 Հայաստանը պետք է մուտք գործի հետպատերազմյան ապաքինման, զարգացման փուլ, որը ենթադրում է նոր բարքեր, նոր վարքագիծ, նոր՝ ժամանակակից պետության կազմավորման ռազմավարությամբ և հայեցակարգով,

🔹 Պետք է կասեցվի մի շարք վիճահարույց ծրագրերի իրականացումը՝ անհեթեթ «Ակադեմիական քաղաք» կոչվածը, հայոց լեզուն գիտության ոլորտից դուրս մղելու՝ Կառավարության № 2298 որոշումը, Բանկային գաղտնիքը վերացնելու մասին Կառավարության որոշումը, բազմաթիվ անհասկանալի ծրագրերը՝ սկսած տրանսպորտի գներից մինչև հրեշավոր այլ թանկացումներ,

🔹 Պետք է բանտերից ազատ արձակվեն բոլոր քաղաքական հայացքով բանտարկյալները, ինչպես նաև ամբողջ ջանքը ներդրվի՝ վերադարձնելու Արցախի Հանրապետության մեր ռազմաքաղաքական ղեկավարությանն ու մեր բոլոր գերեվարված տղաներին,

🔹 Զարգացնել և մշակել նոր Ռազմական դոկտրինը՝ կանխարգելման և որևէ սպառնալիքի դեպքում անհամաչափ հարվածների սկզբունքով, հետախուզության և հակահետախուզության նոր հայեցակարգը՝ հնարավորինս չեզոքացնելով բոլոր սպառնալիքները աշխարհի ցանկացած կետում, որոնք կլինեն ի վնաս մեր պետությանը,

🔹 Ժողովրդագրության զարգացում՝ ներգաղթի պայմանների ներդրումով, ընտանիքի սրբության, զարգացման, պաշտպանության և բնական աճի խթանումով,

🔹 Մեր պայմաններում, որտեղ տևական շրջափակման սպառնալիքներ են, տնտեսությունը ամեն գնով դարձնել ինքնաբավ՝ բոլոր ձևերով՝ չխոսելով արդեն ընդերքի և ռեսուրսների մասին, ջրերի կառավարման մասին, էկոլոգիայի և էկոնոմիայի հավասարակշռության մասին,

🔹 Կրթությունը՝ որպես առաքինի մարդ կերտելու միջավայր և ուղղություն՝ ոչ թե պարզապես քաղաքացի՝ անհասկանալի իրավունքներով և պարտականություններով,

🔹 Գիտելիքի զարգացումը՝ որպես տնտեսության և բոլոր ճյուղերի մեջ առաջնորդող ծրագիր,

🔹 Մարդու իրավունքները, քաղաքացու ազատությունները, ժողովրդավարական արժեքների հաստատումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ազգային փոքրամասնություններին։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը վարչապետության թեկնածու է, նա պատասխանեց, որ պատրաստ է ստանձնելու ցանկացած պատասխանատվություն։

Այսօրվա հանրահավաքում Դիվանագետների համահայկական խորհրդի անունից ելույթ ունեցավ եւ արտաքին քաղաքականության ապագա քայլերը ներկայացրեց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։

Դիվանագետ Վահագն Մելիքյանը ներկայացրեց Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նախատեսված քայլերը, որոնք մշակվել են Դիվանագետների համահայկական խորհրդի կողմից:

Առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ արտաքին քաղաքական նշանակետը աներկբայորեն կայուն և տևական խաղաղության շուրջ չընդհատվող և համապարփակ բանակցություններն են՝ բոլոր առաջնահերթ հարցերի օրակարգով, նպատակ ունենալով բացառել պատերազմի հավանականությունը՝ ՀՀ նոր իշխանությունը, ի դեպս նոր բանակցողի, պետք է սթափ գնահատական տա և ձերբազատվի ժողովրդի թիկունքում ձեռք բերված բանավոր պայմանավորվածություններից:
 

 Հանձնառու լինելով միջազգային և փաստաթղթավորված բոլոր պարտավորություններին և հանձնառություններին և առաջնորդվելով ՀՀ անվտանգության առաջնահերթություններով՝ ներգրավելու ենք կառուցողական և փոխշահավետ բանակցություններում:
 

 Իրականացնել արտաքին քաղաքական օրակարգի սկզբունքային փոփոխություն՝ բացառելով հակառուսականությունը, հակաարևմտականությունը կամ ցանկացած հակա-ներով ձևավորված արտաքին քաղաքական բովանդակություն՝ զսպման ճկուն քաղաքականություն որդեգրելով:
 

Բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձներն ու դիրքավորումները՝ աշխարհակարգի սրընթաց փոփոխությունների և անորոշության պայմաններում:
 

Հարկավոր է գիտակցել, որ միջազգային քաղաքականությունը մի գործընթաց է, որտեղ ազգային շահերը սրբագրվում են, բայց չեն վտանգվում երբեք:
 

Ազգային շահերի հայեցակարգը չի ենթարկվում շինծու խաղաղություն, ոչ էլ պատերազմի անխուսափելոիություն, հակառակը, ենթադրում է հակամարտող շահերի մշտական կարգավորում՝ դիվանագիտական ողջ գործիքակազմով, ինչի բացակայությունն այսօր առկա է, և բոլորը գիտեն:
 

Պետք է հստակեցնենք մեր ազգային շահերը, դրանք հավասարակշռենք նոր իրողությունների պայմաններում՝ չզիջելով մեր հիմնարար իրավունքները, չփոխելով մեր ինքնության աղբյուրները, և չթուլացնելով մեր պետականության հիմքերը:
 

Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների, ինչպես նաև խորացնենք մեր գործընկերությունը և գործակցությունը ուժային այլ կենտրոնների հետ:
 

Համազգային ճգնաժամը հաղթահարելու համար կենսական անհրաժեշտություն է համահայկականությունը: Դրա նոր բանաձևումը, որին հասնելու միակ ճանապարհը պետք է դիտարկել համահայկական ներուժի համախմբումը՝ ներհանրային հաշտեցումը և համերաշխությունը, այս գործում անժխտելի է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու, համահայկական կառույցների և Արցախի Հանրապետության օրինական իշխանությունների անփոխարինելի առաջնորդությունն ու ակտիվ դերակատարությունը:
 

Հայ ժողովուրդը բացառիկ հնարավորություն ունի հասնելու ներքին հաշտեցման, համախմբվածության և միասնականության, ինչն էապես կնպաստի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացմանը:

Մայիսի 13-ից ժամը 8-ից ողջ հանրապետության տարածքում կսկսվի դասադուլ եւ գործադուլ։ Բագրատ Սրբազանը կայցելի ՀՀ Նկարիչների միություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, ՀՀ Գրողների միություն, կշարունակի հանդիպումները բոլոր քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ։

Այսուհետ ամեն օրվա ավարտին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կհավաքվի Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ օրն ամփոփելու և համակիրների հետ քննարկելու հետագա անելիքները։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ այն լինելու է ազատ շփման հարթակ, իսկ հանրահավաքներ կհրավիրվեն անհրաժեշտության դեպքում։

«Մեր տղերքը արյունով ու արցունքով տարիներով համառ կերպով իրենց կյանքով գրել են մեզ ու պաշտպանել, կռվել են չարիքի դեմ, պաշտպանել մեզ։ Մենք ո՞վ ենք, որ չլինենք նրանց հետևորդները և չնույնանանք նրանց հետ։ Ես իմ ամբողջ անցած հոգևոր ծառայության 30 տարիները դրել եմ զոհաղեղանին և չեմ խաբելու ձեզ, ժողովուրդ ջան։ 

Փոխավստահությամբ, համբերությամբ ընթանալու ենք։ Մեր Տերն ասում է՝ ով համբերություն ունեցավ՝ կյանք կունենա։ Խառնվել են իրար, իրենց ներսը տակն ու վրա է, հավատացեք՝ մեկ մարդու պաշտպանելու համար։ 

Մեր խնդիրը ՔՊ–ի հետ չէ, մեղք գործածների հետ չէ, մենք պետք է բոլորին հնարավորություն տանք արդարանալու, որպեսզի հաշտություն գոյանա։ Մեր խնդիրը մեկ մարդու հետ է, ով ստի գործարանն ու գործիքն է և նա պետք է հեռանա խաղաղ ու անցնցում, ինչպես որ ստանձնել է՝ պետական գործչի գիտակցությամբ»,– ասաց նա։ 

«Իմ հավատքն ու համոզումն է, ուզում եմ աչքերս այդպես փակել աշխարհում, որ Ոսկեպարով պիտի վերադառնանք Արցախ»,– հավելեց նա։

orer.eu

(2) Facebook

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում