2024 թվականի ապրիլի 22-ից 27-ը Խորվաթիայում առաջին անգամ անցկացվեցին Հայկական մշակույթի օրեր՝ նպատակ ունենալով ներկայացնել Հայաստանի մշակութային և պատմական ժառանգությունը։ Այս բացառիկ ձեռնարկների կազմակերպիչն էր Հայ-Խորվաթական համայնքը(Armenian-Croatian Community)։
Խորվաթիայում հայկական մշակույթի առաջին օրերի կարևորագույն իրադարձությունն էր, անկասկած, Խորվաթիայի պատմության մեջ առաջին անգամ մատուցված պատարագը` ըստ Հայ Առաքելական եկեղեցու հնագույն ծեսի։ Պատարագիչն էր Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բալկանյան երկրներում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, որը պատասխանատու է նաև Խորվաթիայի համար (նստավայրը՝ Բուխարեստ)։ Պատարագը մատուցվեց Զագրեբի Սուրբ Բլաժ/Վլաս եկեղեցում: Այս բացառիկ եկեղեցական արարողությունը հնարավոր դարձավ Զագրեբի արքեպիսկոպոսության ընդառաջման շնորհիվ՝ ծխական քահանա Հայր Բորնա Պուշկարիչի ջերմ ընդունելությամբ և հյուրընկալությամբ։
Ավելի քան հիսուն խորվաթահայեր՝ իրենց ընկերների և հյուրերի հետ միասին, ներկա էին այս բացառիկ պատմական իրադարձությանը, այդ թվում՝ Արսէն Քանթարչի-Ղարաբաղյանը, Ավօ Զգուշեանը, Կատարինե Հովսեփյանը, Շողիկ Զգուշեանը, Արփի Վարդանյանը և Ալինա Գիշյանը։ Պատարագին ներկա էր նաեւ Պրահայում Հայաստանի դեսպանության դիվանագետ Արամ Քարամյանը։
Նշենք նաեւ, որ մշակութային օրերի ընթացքում կազմակերպվեցին նաեւ համերգներ, որոնց մասնակցեցին հայ եւ խորվաթ երաժիշտներ ու երգիչներ։ Մասնավորապես, Հայաստանից եկել էին տենոր Հայկ Վարդանյանը եւ դաշնակահարուհի Կատարինե Հովսեփյանը, երգչուհի Լիլիթ Բլեյանը եւ կիթառահար Տիգրան Տեր Ստեփանյանը, որոնք հանդես եկան առանձին համերգային ծրագրերով, իսկ մշակութային օրերի վերջին օրվա եզրափակիչ համերգում հայ եւ խորվաթ երաժիշտները հանդես եկան միասին։ Նրանց թվում էին նաեւ երիտասարդ խորվաթահայեր Ալեքսանդր եւ Անդրեյ Դալիբալթայանները։ Զագրեբի երաժշտական ակադեմիայում անցկացվեց վարպետության դաս Հայկ Վարդանյանի եւ Կատարինե Հովսեփյանի մասնակցությամբ։ Այստեղ ցուցադրվում էին նաեւ Ալինա Գիշյանի կավե աշխատանքները։
Ա. Գ.
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Զագրեբ
orer.eu