Եվ այսպես Սագունտոն դարձավ Իսպանիայի 41-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քիչ առաջ, քաղխորհրդի նիստի ժամանակ, քաղաքային ավագանու բոլոր վեց` Սոցիալիստական (PSOE), Ժողովրդական (PP), Ինիցիատիվա Պորտենյա (Iniciativa Porteña), ՎՈՔՍ (VOX), Կոմպրոմիս (Compromis) և Ձախ միություն (Izquierda Unida) կուսակցությունները միաձայն ընդունեցին “Արարատ” հայկական միության միջնորդագրի հիման վրա կազմված Ինստիտուցիոնալ հայտարարությունը, որը ներկայացրեց քաղաքապետ Սոցիալիստական կուսակցության խոսնակ Ֆինա Էսպարդուսերը (Fina Esparducer)։
Միջնորդագրում մասնավորապես նշված է, որ «Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի կոտորածը ծրագրված և կազմակերպված էր Օսմանյան կայսրության կողմից և որ այն ցեղասպանություն է։ Ուստի Սագունտոն պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում տարբեր քաղաքների, ինչպես նաև Վալենսիայի մարզային և Իսպանիայի կառավարություններին հետևել իր քայլին և նույնպես ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»:
Քաղաքապետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց հայկական կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր ներկա էին նիստի ժամանակ և ովքեր պայքարում են, որպեսզի վերականգնվի պատմական արդարությունը։
Իր հերթին հայկական կազմակերպության նախագահ Արարատ Ղուկասյանը շնորհակալական խոսք ուղղեց քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետին` հայկական հարցի նկատմամբ անաչառ և հետևողական լինելու համար։
«Պետք է միասնական պայքարենք նման հարցերում, որպեսզի, ի վերջո, հաղթի արդարությունը։ Այլապես, մոռացումն ու ուրացումը տանում են դեպի էլ ավելի դաժան հանցագործությունների, որոնց, ցավոք սրտի, ականատես ենք լինում մեր օրերում, անգամ այս ժողովրդավարական կոչվող 21-րդ դարում»,- իր խոսքում նշեց Ղուկասյանը։
Նիստին ներկա էին Սագունտոյի հայերը, ովքեր վերջում շնորհակալական խոսքեր ուղղեցին բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին։ Մի հետաքրքիր պատմական ակնարկ գոյություն ունի Սագունտո քաղաքի մասին Վիքիպեդիայում։
Այնտեղ կարդում ենք, որ Գասպար Խուան Էսկոլանոն իր «Վալենսիայի պատմության տասնամյակները» (1610-11) աշխատության մեջ գրում է, որ Սագունտոյի առաջին բնակիչները եղել են հայ ընտանիքները՝ սագեցիները, ովքեր Տուբալի (Հաբեթի որդի Թոբել) հետ թերակղզի են հասել և դրել քաղաքի առաջին հիմքերը անվանելով այն Սագունց (այսինքն` Սագեցիներ, Սագա քաղաքից):
Ահա այսպիսի հետաքրքիր փաստեր ենք հայտնաբերում Իսպանիայում, որտեղ հայկական հետքի մասին բազում հետաքրքիր պատմություններ կան։ Դե իսկ մեր պայքարը շարունակվում է, որի գլխավոր նպատակն է` հասնել մինչև Իսպանիայի կառավարություն և հորդորել, որ այս երկիրը նույնպես ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Արարատ հայկական միություն
Վալենսիա ,Իսպանիա