Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»

  • 03.05.2024
  • 0
  • 1819 Views

Լուսանկարը՝ iDNEScz

Դեռեւս մարտի վերջին հայտարարվեցին Չեխիայի «Անդյել» երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրները։ Առաջին անգամ «Տարվա Լավագույն երգչուհի» ճանաչվեց Պամ Ռաբբիտ/ Pam Rubbit  բեմական անունը կրող հայուհի Պամելա Նարիմանյանը։ Ժամանակակից պոպ երաժշտության ներկայացուցիչը, որը երգում է անգլերեն եւ չեխերեն, տարիներ առաջ  յութուբում արդեն ուներ միլիոնից ավելի հետեւորդներ։ Anděl Coca Cola երաժշտական ​​մրցանակը նրան հանձնվել է իբրեւ 2023 թվականի լավագույն մենակատար երգչուհի։

Պամելան ծնվել է 1997 թվականին Պրահայում՝ հայկական ընտանիքում։ 14 տարեկանում գրել է առաջին երգը, իսկ 19 տարեկանում արդեն թողարկել է առաջին երգի տեսահոլովակը։ Պամելայի եւ Բեն Քրիստոֆի հետ համատեղ երգը հավաքել է մեկ միլիոնից ավելի դիտում։

Նա իր առաջին լուրջ կատարումը սկսել է իբրեւ Միկոլաս Յոզեֆի վոկալիստ, որին ուղեկցել է Պորտուգալիայում կայացած Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում։ Պամելան ստեղծագործում է գրեթե բոլոր բնագավառներում՝ երաժշտության հեղինակ է, գրում է երգերի խոսքեր, պարում է և ստեղծում է իր երգերի խորեոգրաֆիան, որոշում է իր տեսահոլովակների սյուժեն:

Նրա երաժշտական ​​կարիերան սկսվել է 2019 թվականին, երբ հունվարի սկզբին նա թողարկեց իր դեբյուտային «Mom, I’m lost» ալբոմը։ Նա մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի ազգային փուլում Easy to Believe երգով։ 2022 թվականին O2 արենայում Սոֆյան Մեջմեդջի հետ միասին եղել է Mirai խմբի մենակատարներից մեկը։

2023 թվականի հոկտեմբերի 20-ին նա թողարկեց իր առաջին ալբոմը՝ «Ես սիրում եմ ինտերնետը»։ 2024 թվականի հունվարի 11-ին ալբոմի շնորհանդեսը տեղի ունեցավ Պրահայի հանրահայտ Lucerna Music Bar-ում։ Նրան աջակցել են տարբեր կատարողներ, ինչպիսիք են Mirai Navrátil-ը, Annabelle-ը, Slza-ն, Marta Jandová-ն: Totally Nothin երգչուհին նրա հետ կատարել է «To Love» երգը։ Բացի իբրեւ մենակատար հանդես գալուց, նա երգել է նաեւ Prague Lounge Trio խմբի հետ։ Պամելան երգել է նաեւ Společné sami երգը Գաբի Սիտտովայի համանուն ֆիլմի համար։

«Մլադա Ֆրոնտա Դնես» օրաթերթի հինգշաբթի օրվա ամսագրային հավելվածում տպագրվել է Պամելայի հետ հարցազրույց՝ «Ծնվեց աստղը» խորագրով, որտեղ նա բացահայտել է, թե ինչու է իր բեմական անունը Ճագար բառի անգլերեն տարբերակը ընտրել։ Պարզվում է, նա ոչ միայն շատ է սիրում ճագարներին, այլեւ տանը ճագար է պահում։ Եվ իր ընկերն է առաջին անգամ իրեն անվանել ճագար/Rubbit։ Եվ երբ յոթ տարի առաջ ընկերների հետ «Արցունքներ» խումբը ստեղծեցին ու սկսեցին տարբեր միջոցառումների ու հանդեսների ժամանակ ելույթ ունենալ, ինքն իբրեւ բեմական անուն որոշեց օգտագործել իր անվան կրճատ տարբերակը՝ ավելացնելով Ռաբբիտը։  

Լրագրողի հարցին, թե որքանով է կապված հայկական արմատների հետ, Պամելան խոստովանում է, որ թեեւ ընտանիքը հայկական է, բայց քանի որ ծնվել ու հասակ է առել Պրահայում, իրեն զգում է չեխուհի, եւ շատ է սիրում Չեխիան ու Պրահան։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ Պամելան երբեք հայկական համայնքի հետ կապ չի պահպանել։

Ամեն դեպքում, շնորհավորում ենք Պամելային նման կարեւոր մրցանակի առիթով եւ մաղթում նաեւ վերադարձ հայկական արմատներին։

Ավելացնենք նաեւ, որ «Անդյել» մրցանակաբաշխության ժամանակ  Տարվա երգիչ է ճանաչվել Դավիթ Կոլլերը, իսկ լավագույն ալբոմ է ընտրվել November 2nd խմբի ձայնասկավառակը։ Ֆոլկ անվանակարգում մրցանակը տրվել է  Մարիա Պուտներովային։ Ռոքի բնագավառում լավագույնը ճանաչվել է Exorcizphobia խումբը, իսկ ռեփի բնագավառում լավագույնի մրցանակը տրվել է MC Gey ին։ Տարվա երաժշտական խումբ է ճանաչվել J.A.R-ը։

Հ.Ասատրյան

Օրեր եվրոպական ամսագիր

Orer.eu

Ստորեւ Պամելայի մի քանի երգերի հղումները։

Pam Rabbit – Mom, I’m Lost (Official Music Video) (youtube.com)

Լուսանկարները՝ Դնեսի թիվ 17, 2024թ. ապրիլի 25-ի համարից

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում