Ալեքսանդր Սպենդիարյանին և Ղազարոս Սարյանին նվիրված համերգ կանադական Մոնրեալում

  • 02.05.2024
  • 0
  • 131 Views

Կանադայի Մոնրեալ քաղաքում ապրիլի 28-ին առաջին անգամ հնչեց հայ անվանի կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի և Լազար (Ղազարոս) Սարյանի չքնաղ երաժշտությունը «Գարնանային հիշատակի համերգ» խորագրով միջոցառմանը։

Այս համերգը մշակութային և երաժշտական համագործակցության արդյունք էր բրիտանահայ երաժիշտ մաեստրո Սիփան Օլահի և Մոնրեալի ՀԲԸՄ-ի միջև, որը տեղի ունեցավ ՀԲԸՄ-ի Ալեքս Մանուկյան համերգասրահում, Մոնրեալ։

Համերգի ամբողջ ծրագիրը կազմել  էր միջոցառման գեղարվեստական ղեկավար Սիփան Օլահը՝ ներառելով երկու կոմպոզիտորների մի շարք ստեղծագործություններ, որոնք Մոնրեալում հնչեցին առաջին անգամ։ 

Փայլուն կատարումներով հանդես եկան Սիփան Օլահը (տենոր, դիրիժոր, Լոնդոն), Հայարփի Եղիկյանը (սոպրանո, Լոնդոն), Հակոբ Մուրադյանը (հոբոյ, Լոնդոն), Խաչատուր Ղազարյանը (դաշնամուր, Մոնրեալ), ինչպէս նաև Ռապսոդի լարային քառյակը Մոնրեալից (Նաիրի Փիլոյան՝ 1-ին ջութակ, Զոե Դյումե՝ 2-րդ ջութակ, Ջոնաթան Ֆոնդտեն՝ ալտ, Լևոն Մարկոսյան՝ թավջութակ)։

Նշենք, որ անվանի կոմպոզիտորների նվագախմբային ստեղծագործությունները այս կազմի համար փոխադրել էր մաեստրո Սիփան Օլահը՝ հնարավորություն ընձեռելով կամերային կազմով կատարելու այս երաժշտական գործերը։

Ծրագրում ընդգրկված էին Սպենդիարյանի Երևանյան Էսքիզներից «Էնզելին», Ղրիմյան Էսքիզներից «Ղայթարման», Սարյանի «Ադաջիո և Պար» ստեղծագործությունը, Սիմֆոնիկ Սերենադից «Սերենադ» առաջին մասը, մի շարք գործիքային անսամբլային ստեղծագործություններ, ինչպես նաև երկու կոմպոզիտորների լիրիկական ռոմանսները։ 

ՀԲԸՄ-ի Մոնրեալի գործադիր կոմիտեն իր գոհունակությունը հայտնեց բոլոր երաժիշտներին, հանձինս մաեստրո Սիփան Օլահի՝ Ալեք Մանուկյան կենտրոնում դասական երաժշտության նման հեղինակավոր և պրոֆեսիոնալ միջոցառում ներկայացնելու համար:

Համերգին ներկա էր Քվեբեկի Մոնրեալ քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Լևոն Աֆեյանը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում