Նախօրոք հայտարարված էր, որ այս տարի սերբահայերի հավաքը խաչքարի մոտ տեղի պիտի ունենա ոչ թե ապրիլի 24-ին, այլ ապրիլի 19-ին։ Պայմանավորված ժամից մեկ-մեկուկես ժամ առաջ արդեն շատերն էին եկել Զեմուն թաղամասի քաղաքային այգում գտնվող XVIII դարի Սուրբ Գաբրիել հրեշտակապետի եկեղեցու առջև։ Այստեղ, դեռ 1988 թվականին, քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի արարած խաչքարն է տեղակայվել՝ նվիրված սերբ օդաչուներին, որոնք, շտապելով 1988 թ․ դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից տուժածների համար մարդասիրական օգնություն հասցնել, դեկտեմբերի 12-ին ավիավթարի հետևանքով զոհվեցին, (ի երախտագիտություն, ևս մեկ խաչքար նվիրվեց Նովի Սադ քաղաքին և տեղակայվեց 1746 թվականին կառուցված և 1963 թ․ քանդած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու տեղում):
Հայերի եղեռնի 109-րդ տարելիցն է․ այն կազմակերպել են Սերբիայում Հայաստանի դեսպանությունը և «Վրնյաչկա Բանյայի հայեր» կազմակերպությունը։ Ներկաներին եռալեզու (հայերեն, անգլերեն և սերբերեն) խոսքով դիմեց Սերբիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Կատարվեց ծաղկեպսակների զետեղման արարողություն։
Սպասում էինք, որ ուղղափառ սերբական եկեղեցու հոգևոր հայրերը պատարագ կկատարեն, սակայն անակնկալ էր, երբ հատուկ այս նպատակով Բելգրադ այցելած Ռումանիո հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը բարեխոսական կարգ կատարեց Կոմիտասյան Տեր ողորմեայով և Հայր մերով։ Թերևս առաջին անգամ էինք ներկա գտնվում նման արարողության Սերբիո մեջ, երբ հայ հոգևորականն է այն անցկացնում։ Եղել են դեպքեր, երբ այցելել են հայ հոգևորականներ տարբեր առիթներով, սակայն մեր սերբահայ համայնքը տեղեկացավ, որ Գերաշնորհ Տեր Տաթևը Սուրբ Էջմիածնի կողմից նշանակվել է բալկանյան երկրներում հոգևոր առաջնորդ։ Թեպետ մեր այդ օրվա հավաքը տխուր առիթով էր, սակայն մենք շատ ուրախացանք, որ վերջապես կունենանք մեր հոգևոր հովվին։ Նրա առաքելությունն է շարունակաբար այցելել բալկանյան երկրների քաղաքներ և տեղի եկեղեցիներում հայալեզու պատարագ անցկացնել։ Այն որ նա՝ Տաթև Սրբազանն, իր կոչման իրական հետևորդն է, ցույց տվեց նրա անցկացրած զրույցը մեզ հետ։
Ռումանիո հայոց թեմի առաջնորդարանը հետաքրքիր ծրագրեր է նախատեսել իրականացնել առ այն, որ ծագումով հայ պատանիներն ու երիտասարդները հյուրընկալվեն Ռումինիայում և հոգևոր ու մշակութային դասընթացների միջոցով կրթվեն, հնարավորինս իրազեկվեն հայ առաքելական քրիստոնեության առանձնահատկություններին, հայ հոգևոր երգին ու, պարզապես, համահայկական այդ հավաքույթների միջոցով իրար կապեն աշխարհասփյուռ հայ ազգի երիտասարդ սերնդին։
Ապրիլի 19-ին ևս մեկ կարևոր իրադարձություն եղավ․ Զեմունից տեղափոխվեցինք Բելգրադի կենտրոն, որտեղ Ցեպտեր հյուրանոցի սրահներից մեկում տեղի ունեցավ գրականագետ Աելիտա Դոլուխանյանի՝ «Անի, հայ Բագրատունիների մայրաքաղաքը» գրքի սերբերեն տարբերակի շնորհանդեսը։ Երեկոյին ելույթ ունեցան Սերբիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, Տ․ Տաթև Սրբազանը, գրքի հեղինակ Աելիտա Դոլուխանյանը և գրքի հրատարակիչ Վեսնա Պեշիչը։
Անուշ Բալայան,
Բելգրադ
Ապրիլի 19, 2024 թվական