Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարևորել է նաև ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ընդգծելով, որ այդ պայմանավորվածություններն արտահայտված են հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության մեջ, և հանդիպումը որևէ գաղտնի օրակարգ չի ունեցել:
Վարչապետ Փաշինյանը նաև դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:
Զրուցակիցներն ընդգծել են 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կարևորությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում: Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաև նույն հռչակագրի հիման վրա սահմանազատման և սահմանագծման գործընթացի իրականացումը բացում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը:
Քննարկվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն արտահայտում է 2023 թ. հուլիսին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր պայմանավորվածություններն առ այն, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա, հավասարության և փոխադարձության սկզբունքով: Այս պայմանավորվածություններն արտահայտված են նախագահ Միշելի՝ վերոնշյալ հանդիպմանը հաջորդած հայտարարությունում:
Հ.Գ. Հետաքրքիր է, ու՞մ է հասցեագրելու Փաշինյանը Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները, Ալիեւի՞ն։