
Ապրիլի 26–ին Բեռլինի ավետարանական ակադեմիայի շենքում հրավիրված մամլո ասուլիսի մեկնարկին Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ պարոն Յոնաթան Շպանգենբերգը ողջունելով ներկաներին՝ հակիրճ ներկայացրեց օրվա թեմայի հրատապությունը և հայկական կողմի պահանջը՝ Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն, կասեցնե՛լ թշնամու ապօրինի գործողությունները։
«Հարգելի՛ ներկաներ, Հայաստանն այսօր գոյութենական սպառնալիքի տակ է։ Ադրբեջանը ոչ միայն ռազմական ոտնձգություններ է իրեն թույլ տալիս՝ խաթարելով երկրի անվտանգությունը, այլ նաև Բաքվի պառլամենտը հանդգնում է պահանջներ ներկայացնել Հայաստանի ամբողջ սուվերեն տարածքի նկատմամբ։ Այդ պատճառով այժմ հարկավոր է կասեցնել դեպի Ադրբեջան ցանկացած տեսակի՝ քաղաքական, տնտեսական և ամենակարևորը ռազմական օգնությունները։ Ապա հրատապորեն ճնշում գործադրել Բաքվին, որ ժողովուրդների իրավունքները հարգի և առանց «եթե, ապա»–ի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,– շեշտեց պարոն Շպանգենբերգը։

Իր ելույթում Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման հանձնախնբի հիմնադիր անդամ, իրավապաշտպան, դր․, պրոֆ․ տիկին Թեսսա Հոֆմանը առանձնահատուկ ձևով շեշտեց, որ հայերը սարսափելի կերպով երկու անգամ Ցեղասպանություն ապրեցին։ «Առաջին համաշխարհային պատերազմի շղարշի ներքո Օսմանյան կայսրությունը աննկարագրելի դաժանությամբ մեկ ու կես միլիոնից ավելի հայ սպանեց։ Այս բնորոշման հիմքով էլ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները, ինչպես նաև շատ գիտնականներ 2022 թվականի օգոստոսից զգուշացնում էին Հվ․ Կովկասում նոր Ցեղասպանության վտանգի մասին։ Բայց շատ երկրների թվում Գերմանիան ևս պասիվ դիտորդի դերում էր, այնպես, ինչպես առաջին ցեղասպանության ժամանակ։ Գերմանիան, որպես ԵՄ կոնվենցիայի և Հռոմի ստատուտը ստորագրող երկիր, իր պարտավորությունը խախտել է։ Այս պահին հայերով չբնակեցված հայկական տարածքներում խստորեն վտանգված է հայկական մշակութային ժառանգությունը։ Իբրև ցայտուն օրինակ՝ մարդկությունն այլևս ոչինչ չի գտնի աշխարհում առաջինը և հազարամյակներ հայերով բնակեցված Նախիջևանում։ Այնտեղ միայն 1997-2006 թվերի ընթացքում ադրբեջանական բանակը 28․000 հայկական հուշարձան ոչնչացրեց, այդ թվում մոտ երկու հազար տարեկան Ջուղայի հայկական գերեզմանատունը՝ շուրջ 10.000 գերեզմանաքարերով ու զարդաքանդակ խաչքարերով»,– եզրափակելով խոսքը՝ տիկին Հոֆմանը հորդորեց ներկաներին այս մասին մշտապես բարձրաձայնել։
Վտանգված ժողովուրդների իրավունքները պաշտպանող միության՝ մարդու իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար տիկին Սառա Ռայնկեն նույնպես իր խոսքում բարձրաձայնեց, որ Գերմանիան լուռ նստած նայեց, թե ինչպես է Արցախը սովամահ լինում, ապա ինչպես են մարդիկ բռնի տեղահանվում․ «Անհասկանալի ու ծիծաղելի է, որ արտգործնախարար տիկին Բայերբոքը Հայաստանին ու Ադրբեջանին հաշտության կոչ է անում, առանց հաշվի առնելու Արցախում կատարված ցեղասպանությունը։ Այս ամենը այն բանի համար է, որ կարողանան ռուսական գազը Ալիևի օգնությամբ գնել։ Իհարկե, Ադրբեջանն էլ ունի գազ և նավթ։ Բացի դրանից Արցախի ընդերքում կան օգտակար հանածոներ, այդ թվում հազվագյուտներ՝ լիտիում և այլն։ Ի՞նչ է, Ադրբեջանը ցեղասպանություն է կատարել, որ Գերմանիայի ու Եվրոպայի հետ Արցախի ընդերքը սպառի՞։ Մենք պնդում ենք, որ այժմ հրատապ է մարդկանց իրավունքների պաշտպանությունը, այլ ոչ թե՝ հանածոները։ Կանցլեր Շոլցը չպետք է այս մասին լռի Ալիևի հետ հանդիպման ժամանակ»։

Բանախոսն այնուհետև թվարկեց այն պահանջները, որոնք իրենց միությունն է ձևակերպել կանցլեր Շոլցին նախապես՝ ապրիլի 23–ին ուղղված դիմում–կոչի մեջ։ Այդ փաստաթուղթը միասին մշակել և ստորագրել են՝ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը, Մարդու իրավունքների միջազգային միությունը և Վտանգված ժողովուրդների իրավունքները պաշտպանող միությունը։ Կոչի մեջ իբրև կարևորագույն կետեր նշված են․ «Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչում և դատապարտում, անհարժեշտ պատաժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, բանտարկյալների ազատ արձակում, բռնի տեղահանվածների հետ վերադարձ և կրթամշակութային քաղաքականության վերացում Ադրբեջանում, որը սովորոցնում է ատել հայերին»։
Ինչպես մեզ տեղեկացրեց պարոն Շպանգենբերգը, իրենք ստացել են հաստատում, որ կոչը ժամանակին կանցլերն ստացել է։
Գերմանիայում մարդու իրավունքների միջազգային միության խորհրդի խոսնակ պարոն Վալերիո Քրյուգերն իր ելույթում շեշտեց, որ Հայոց Ցեղասպանությունն առ այսօր ժխտող և այն շարունակող Ադրբեջանն իբրև գործընկեր եվրոպական քաղաքական բեմում չի կարող գտնվել․ «Ալիևի ռեժիմի բոլոր գործողությունները գնահատվում են որպես ցեղասպանական։ Նա սպառնում է, որ արևմտյան Ադրբեջան է վերադառնալու՝ նկատի ունենալով փաստացի Հայաստանը։ Սա իհարկե ծիծաղելի է, բայց Գերմանիան չպետք է այդ հայտարարություններն անտեսի, որովհետև խաղասեղանին Հայաստանի գոյությունն է դրված»։

Հրավիրյալ բանախոսների կազմում էր նաև Հաագայի մարդու իրավունքների միջազգային քրեական դատարանի նախկին առաջին գլխավոր դատախազ պարոն դր․ Լուիս Մորենո Օկամպոն։ Նա անդրադառնալով Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին՝ դիմեց Գերմանիայի կառավարությանը զգոնության կոչով․ «Գերմանիան չպետք է մտադրություն ունենա Արցախում ապրող հայերի ոչնչացմանը և ցեղասպանության մասնակիցը լինելուն։ Միջազգային քրեական դատարանը հետևում է և բացատրում է, որ եթե Գերմանիան օգնություն ցուցաբերի Ադրբեջանին, ապա կդառնա հանցակից։ Իսկ դա առաջ է բերում պատասխանատվություն»։
Ասուլիսի ավարտից անմիջապես հետո շտապեցինք դեպի Գերմանիայի կանցլերի նստավայրի դիմաց կազմակերպված բողոքի ցույցին, ուր, ըստ նշանակված ժամադրության, 10:00–ին պիտի կայանար Շոլց–Ալիև հանդիպումը։ Տեղաբնակ հայ ցուցարարներին միացել էին խնդրով մտահոգ բազմաթիվ գերմանացիներ և հայեր՝ այլ քաղաքներից։ Ցուցարարաների պաստառները և աղմկոտ կոչերը հստակ պահանջներ էին ներկայացնում՝ «գերիների ազատ արձակում», «Ալիևը տեռորիստ է և մարդասպան», «Ալիևին ուղարկե՛լ Հաագա», «Արցախը Հայաստան է», «ոչ մի գործարք հանցագործի հետ» և այլն, և այլն։


Վտանգված ժողովուրդների իրավունքները պաշտպանող միության անդամ տիկին Ռայնկեն այստեղ նույնպես ելույթ ունեցավ՝ խոսքն ուղղելով իրենց երկրի ղեկավար պարոն Շոլցին․ «Մենք ուզում ենք, որ Դուք ուղիղ քննարկեք հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ ․․․Գերմանիայի կայսեր Թեոբալդ ֆոն Հոլլվեգը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ասել էր, որ կարևորը մինչև պատերազմի ավարտը թուրքերին ամեն գնով իրենց կողքին պահելն է՝ անկախ այն բանից, թե դա քանի հայի կյանք կարժենա, անգամ եթե հայերը վերանան։ Ամոթալի անցյալ։ Նույն կերպ մեր օրերում՝ 2023 թվականի օգոստոսի 22–ին, Գերմանիայի կառավարության խոսնակը մեր այն հարցին, թե Արցախում կատարվողը արդյո՞ք ցեղասպանություն չէ, պատասխանեց, որ այդ հասկացությունն այստեղ տեղին չէ։ Ի՞նչպես կարելի է մարդու իրավունքները ոտնահարել»։
«Այսօրվա մեր ցույցի պահանջն է, որ հայերի դեմ ցեղասպանությունը չկրկնվի»,– իր խոսքում հստակորեն նշեց նույն միության տնօրեն պարոն Ռոման Կյուհնը։
Գերմանիայում մարդու իրավունքների միջազգային միության խորհրդի խոսնակ պարոն Քրյուգերն էլ ներկաներին պատմեց, որ Ալիևն իր ռեժիմով, ինչքան երկրի ներսում, այնքան էլ երկրից դուրս, տեռորի է ենթարկում մարդկանց։ Այնտեղ չկա խոսքի ազատության նշույլ անգամ․ «Գիտական բոլոր փաստերը նա կեղծում է իր ուզած ձևով, շատ ցավալի է և տխուր, որ Գերմանիայի կառավարությունն այս ամենին վրա աչք է փակում։ 100 տարի առաջվա գերմանական կառավարության թույլ տված սխալն այսօր պարոն Շոլցն իրավունք չունի կրկնելու։ Դրա համար ենք մենք այսօր այստեղ բարձր աղաղակում»։
Ցեղասպանության հանձնախմբի անդամ տիկին Թեսսա Հոֆմանն էլ նորից հիշատակեց․ «Սիրելի՛ ցուցարարներ, ես Ալիևին ոչ թե տեռորիստ կանվանեի, այլ՝ ցեղասպան, և քանի դեռ նա չի պատժվել, մենք պահանջելու ենք նրան դեպի Հաագայի դատարան ուղարկելու անհրաժեշտությունը, ուր նա պիտի համապատասխան հոդվածներով դատվի»։

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի անդամ պարոն Սամվել Լուլուկյանն էլ ցույցի ընթացքում պարբերաբար նշելով Արցախի ցեղասպանության որոշ դրվագներ, ներկա սպառնալիքները և մեր անհապաղ անելիքները՝ հիշեցրեց, որ պարոն Օկամպոն 2022 թվականի օգոստոսին Ալիևի դեմ հայց է ներկայացրել միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանն իբրև ցեղասպան պետություն Հայաստանի դեմ․ «Պատիժը սարերի հետևում չէ»։

Մինչ հայկական կողմը բողոքի իր ձայնն էր բարձրացնում, կանցլերի նստավայրի մուտքի դիմաց խմբված գերմանացի և մի քանի տասնյակ թուրք լրագրողները մեկ ու կես ժամ սպասում էին Ալիևի ժամանմանը, բայց նա դեռ չկար ու չկար։ Հեռվից նկատում էինք բոլորի անհանգիստ շարժումները։ Սահմանված կարգով հայ ցուցարարները գրանցել էին մեկ ու կես ժամանոց ցույց՝ 10։00–ից մինչև 11։30–ը։ Մեզ պարզ դարձավ, որ բռնապետ Ալիևը իր սանձարձակությունն այստեղ ևս դրսևորեց․ ամենայն հավանականությամբ ճշտել էր տվել մեր ցույցի գրանցված ժամանակահատվածը և առանց երկմտելու կանցլեր Շոլցին և բոլոր լրատվամիջոցներին սպասել տվեց այնքան, որ մենք ավարտենք այն, իսկ ինքը անաղմուկ մոտենա, իբրև բան չի կատարվում։ Բայց մենք վայրկյան անգամ չլռեցինք։ Անմիջապես գործող կարգով երկարացրեցինք մեր ցույց անելու իրավունքը։ Ժամը 11։32–ին երևացին բռնապետին ուղեկցող շարասյան լույսերը։ Կանցլերը Շոլցը Ալիևին դիմավորեց մեր բարձրաձայն աղմուկ–աղաղակի ներքո և վայրկյաններ անց հրավիրեց ներս։ Դիմավորման ընդունված արարողակարգը, որը սովորաբար մի քանի րոպե տևողություն ունի, հնարավոր չեղավ։

Բնականաբար, մեզ բոլորիս հետաքրքրում է այն հարցը, թե Ալիևի այս արարքը ինչ արձագանք կամ հետևանք կունենա։ Իրենց աշխատանքին շտապող հայ ցուցարարների մի մասը հեռացավ՝ վստահ լինելով, որ իր առաքելությունը կատարել է, իսկ մյուս մասը սպասեց ու նույն աղմուկ–կոչերով ճանապարհեց ցեղասպան Ալիևին։
Գայանե Առաքելյան
Բեռլին

