«Կրկնվող ցեղասպանությունն անտարբերության արդյունքում տեղի ունեցավ». Բունդեսթագի պատգամավոր

  • 24.04.2024
  • 0
  • 156 Views

«Մենք չե՛նք մոռացել, կանգ չե՛նք առնելու և պահանջում ե՛նք արդարադատություն»՝ ահա այս պահանջով ապրիլի 20–ին իրենց բողոքի ցույցը սկսեցին գերմանաբնակ հայերը Բեռլին քաղաքում ցեղասպան Թուրքիայի դեսպանատան դիմաց։  

Միջոցառման մեկնարկին «Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» հիմնադիր անդամ պարոն դր․ Ժիրայր Քոչարյանը հնչեցրեց տերունական աղոթքն՝ ի հիշատակ անմեղ զոհերի։ Եվ, ինչպես ավանդաբար ամեն տարի, կարդաց ցեղասպանված հայ մտավորականների տասնհինգ նոր անուն՝ հիմնականում ծննդյան վայրերով ու տարեթվերով՝ գրողներ, արվեստագետներ, լրագրողներ, իրավաբաններ, հոգևորականներ և քաղաքական գործիչներ։

«Հարգելի՛ ներկաներ, մենք պարտավոր ենք հարգել նրանց հիշատակը, գրանցել այս ամենը և փոխանցել արդարադատությանը։ Մենք ոչ միայն նրանց ենք կորցրել, այլ չծնված նրանց սերունդներին, նրանց ծննդավայրերը, նրանց ստեղծած հարուստ ու բազմաշերտ մշակույթը և ի վերջո մեր հայրենիքի կեսից ավելին։ Անշուշտ, հիմա՝ Արցախի կորստից հետո, կրկնակի ծանր է խոսել այս ամենի մասին, բայց պարտավոր ենք գործել»,– նշեց պարոն Քոչարյանը։

Ելույթի իր խոսքում «Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» հիմնադիր անդամ, գերմանացի իրավապաշտպան տիկին դր․, պրոֆ․ Թեսսա Հոֆմանը նշեց, որ ցավալիորեն կրկնվող ցեղասպանությունն իրեն գրեթե շվարության է հասցնում։

«Սիրելինե՛ր, թվում էր՝ այսօր 1915 թվականի Հայոց Ցեղասպանության մասին խոսելն ու հիշեցնելն իբրև անցյալ պիտի հնչեր, բայց՝ ցավոք։ Ցեղասպանությունն այսօր Հայաստանում  նորից կրկնվում է։ Եթե պատկան մարմինները, որոնց մենք բազմիցս ենք դիմել, ու եվրոպական երկրները ժամանակին արձագանքեին և քայլեր ձեռնարկեին, Լեռնային Արցախում սա տեղի չէր ունենա»,– ընդգծեց տիկին Հոֆմանը։

Նա անդրադարձավ արցախյան ողբերգություններին՝ խոսելով բազմաթիվ խնդիրների մասին, վերլուծեց ՀՀ ներկա իրավիճակը, սպառնացող վտանգները, գերիների հետ կապված հարցերը և մասնավորապես միջազգային հանրության անգործությունը։ Պատմեց, որ մինչև Արցախի շրջափակումը, երբ Եվրոպան 2022 թվականի ամռանը դիտորդներ ուղարկեց Հայաստան, ինքը վստահ էր, որ նրանք հնարավոր ցեղասպանության վտանգը տեսան ու լռեցին։ Կային նաև գերմանական մի շարք կառույցներ, որոնք ժամանակին զգուշացվեցին իրենց կողմից՝ այդ թվում արտգործնախարարությունը, մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը։ Նրանք էլ ապօրինաբար լռեցին։

«Սա չէր պատահի ո՛չ Լեռնային Արցախում, ո՛չ Հայաստանում։ Երբ մեր արտգործնախարարը, Բաքու և Երևան այցերից հետո, մեր այն պահանջին, թե պետք է պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ, պատասխանեց՝ թե մենք ցանկանում ենք մեր հարաբերությունները երկու երկրների հետ էլ պահպանել, ավելորդ եմ համարում անգամ խոսել։ Գործողությունները մութ և անհասկանալի են։ Սակայն մենք չե՛նք լռելու և գործելու ենք։ Ավելին, մենք լիահույս ենք, որ դատավճիռը չի ուշանա և շոշափելի արդյունքների կհասնենք»,– եզրափակեց տիկին Հոֆմանը։

Ելույթ ունեցան նաև ցույցի մի քանի մասնակիցներ։ Ազգությամբ հույն պարոն Սավվիդիս Կոնստանդինոսը, որ նույնպես տարագիր է դարձել ցեղասպան Թուրքիայի ոճրագործությունների հետևանքով, հակիրճ պատմեց իր պապիկի պատմությունը, թե ինչ դժոխքի միջով է անցել Թոփալ Օսմանի գործողությունների հետեւանքով՝ բազմաթիվ հույների հետ միասին, որոնք մեծամասամբ սպանվել են․ «Մենք պետք է հիշե՛նք ու պայքարենք։ Իբրև օրինակ՝ Փոքր Ասիայում միայն քրիստոնյաներ էին ապրում, այսօր պատկերը տեսնում եք ինքներդ։ Երևի մատների վրա հաշվենք։ Կարծում եմ, որ Եվրոպան էլ երկար չի մնա այսպես, եթե անտարբեր անցնենք իրողությունների կողքով»։

«Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» անդամները նշեցին, որ իրենք պատրաստավում են մի շարք կառույցների հետ միասին Արցախի ցեղասպանության հետ կապված մամլո ասուլիս հրավիրել։ Կարևորում են հատկապես ամսի 26-ին բռնապետ Ալիևի Բեռլին այցի հետ կապված բողոքի ակցիան, որին հրավիրեցին բոլոր մտահոգ և արդարադատություն պահանջող մարդկանց։

Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով հաջորդ միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 21–ին Շառլոթենբուրգ թաղամասի պատմական պանթեոնում։ Տեղի եկեղեցու դահլիճում կազմակերպված անմեղ զոհերի ոգեկոչման երեկույթը վարեց «Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհերի էկումենիկ հուշահամալիրի աջակցության խմբի» անդամ Անի Սերոբյանը։

Մասնակիցներին նախ ողջունեց իրավապաշտպան, դր․, պրոֆ․ տիկին Թեսսա Հոֆմանը․ «Մենք այս տարվա հուշ երեկոյին հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում ոչ միայն առաջին համաշխարհային պատերազմից առաջ և հետո երիտթուրքերի և քեմալիստների ռեժիմին զոհ դարձած անմեղ մարդկանց հիշատակը, այլ նաև հայ ժողովրդի կրկնվող ցեղասպանության զոհերին։ Այն փաստացիորեն սկսվեց 2022 թվականի դեկտեմբերի 12–ին իննամսյա շրջափակմամբ և ավարտվեց Ադրբեջանի հարձակմամբ և բռնի տեղահամամբ»։

Տիկին Հոֆմանը խոսելով առաջիկա տեղի ունենալիք մի շարք միջոցառումների և հայոց հարցի լուծման ճանապարհների մասին՝ իր խոսքն ավարտեց Սիամանթոյի «Մահվան տեսիլք» բանաստեղծությամբ։

Պարոն դր․ Ժիրայր Քոչարյանը սրտի խոր կսկիծով ելույթ ունեցավ․ «Հարգելի՛ ընկերներ, այսօր ինձ համար առանձնակի դժվար է խոսել Արցախի ցեղասպանության ու հայաթափման մասին, որովհետև այն իմ հայրիկի ծննդավայրն է։ Ամեն անգամ այցելելով՝ ուրախությամբ էի տեսնում ու խոսում Արցախի ծաղկման մասին։ Իսկ հիմա նորից նույն ձեռագրով ցեղասպանված ու կորցրած հայրենիքի այս մասը ևս․․․ Արցախի կորստյան ցավը պարզապես անտանելի է»։

«Գերմանիայում հայ երիտասարդների միության» աշխատակից Անուշ Դարբինյանն առավելապես անդրադարձավ այն իրողությանը, որ մենք պատմությունից դեռ ճշգրիտ դասեր չենք քաղել։ «Հայոց Ցեղասպանությունը անցյալի պատմության առանձանպես ծանր ու մութ հետքն է, որից դեռ շատ դասեր պիտի քաղենք։ Հստակ եմ հիշում այն օրը, երբ առաջին անգամ կարդացի Հայոց Ցեղասպանության մասին․ աչքերս անդադար արցունքներով էին լցվում։ Միլիոնավոր մադիկ կարծես թե սխալ պահին սխալ տեղում են եղել ու դաժանաբար սպանվել։ Նրանց ճակատագիրն ինձ խորապես ցնցեց։ Բառերով այն հազիվ թե հնարավոր լինի նկարագրել։ Իմ հիշողության մեջ առանձնապես կարևորվում են այն պահերը, երբ անցած տարի ինձ բախտ վիճակվեց լինել Լիբանանի որբանոցում ու թանգարանում, որը շատ երեխաների համար հարազատ տուն է համարվել։ Եվ հիմա ցավալիորեն հայ հասարակությունը նորից է այդ ծանրագույն ողբերգությունն ապրում։ Մենք բոլորս ասում ենք «այլևս երբեք» ու չնայած դրան թողնում ենք հազարավոր մարդկանց շրջափակման մեջ, հանցավոր լռությամբ թույլ տալիս, որ հարյուր հազարավոր մարդիկ իրենց հայրենիքը լքեն․․․ Այսօր մենք հարգանքի տուրք մատուցելով՝  նաև պետք է մեր սովորելիքն առանձնացնեք, որով որ պիտի առաջնորդվենք»,– նշեց իր խոսում բանախոսը։

Բունդեսթագի պատգամավոր պարոն Դիթմար Նիթանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ եթե մենք միլիոնավոր այս անմեղ զոհերին չհիշենք, ապա նրանց երկրորդ անգամ կսպանենք։ «Հայերի հանդեպ կատարված անմարդկային կոտորածը, որը գենոցիդ է, չի մոռացվում։ Մենք պարտավոր ենք այդ պատմություններից դասեր քաղել։ Իմ  նախնիներն էլ, որ Ֆրանսիայում ապրող բողոքականներ էին, ստիպված լքել են Ֆրանսիան, հաստատավել Լեհաստանում։ Այսօր ես գերմանալեհական հարաբերությունների համակարգողն եմ և ջանքեր չեմ խնայում, որ հարաբերություններն էլ ավելի սերտանան։ Երբ Արցախում ապրող մարդկանց վրա կրկին հարձակումներ եղան և բռնի տեղահանվեցեին, համայն աշխարհը դա անտեսեց։ Բայց կասեմ, որ հույսը պետք չի կորցնել, չնայած այն բանին, որ այդ ահասարսուռ իրադարձությունները որպես աննշան իրադարձություն է ներկայացվում։ 2023, 24 թվականները 1915–ը չեն, Հայաստանն էլ ժողովրդավարության խորհրդանիշ է այդ տարածաշրջանում՝ ի համեմատություն իր հարևանների։ Այո՛, եվրամիությունը բավարար չափով չի արել այն, ինչ որ պիտի աներ, որպեսզի կանխեր Արցախում կատարվելիքը։ Բայց պետք չէ հուսահատվել, ես համազված եմ, որ արդարադատության կհասնենք։ Իբրև այստեղ Հայաստանի հարցերի զեկուցող, ես հույսով եմ կատարում իմ առաքելությունը»,– եզրափակեց պարոն Նիթանը։

Երեկոյին երաժշտական կատարումներով հանդես եկավ երիտասարդ հայ երաժիշտ Գուրգեն Արսլանօղլուն, ով անդամակցում է «Բեռլին–Բրանդենբուրգի հայ երիտասարդական միությանը»։

Միջոցառման ավարտին մասնակիցները մոտեցան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշապատին, ուր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին։ Բեռլինաբնակ երգիչ Արտակ Կիրակոսյանն իր կատարմամբ եզրափակեց երեկույթը։

Գայանե Առաքելյան

Բեռլին

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում