Ապրիլի 23-Ին Պրահայի Չեռնինյան պալատում տեղի ունեցավ նախարար Յան Լիպավսկիի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովի հանդիպումը։ Նախարարները քննարկել են ուկրաինական պատերազմի լույսի ներքո արտաքին քաղաքականության ընթացիկ խնդիրները՝ մասնավորապես անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության իրավիճակին։ Այս մասին հաղորդում է Չեխիայի արտգործնախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը քննարկման կարևոր կետ էր։ Նախարարները համաձայնել են, որ ուկրաինական պատերազմը չպետք է հանգեցնի անվտանգության այլ խնդիրների շեղմանը։
«Մենք քննարկել ենք նաև քաղաքական և անվտանգության իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Չեխիան մեծ շահ ունի այս տարածաշրջանի կայունության և բարգավաճման մեջ: Մենք միշտ դիտարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը որպես սկզբունքային խնդիր»,- ասել է Չեխիայի արտգործնախարարը։
Չեխիայի դիվանագիտության ղեկավարը աջակցություն է հայտնել ԵՄ միջնորդական ջանքերին և Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին և բարձր է գնահատել մինչ այժմ դրանց արդյունքները։
«Մենք աջակցում ենք ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների անմիջական շփմանը: Այս համատեքստում ես կցանկանայի ողջունել Ադրբեջանին չորս գյուղերը վերադարձնելու վերաբերյալ վերջերս ստորագրված շրջադարձային համաձայնագիրը», – ասել է նախարարը:
Նախարար Լիպավսկին նաև շնորհավորել է նախարար Բայրամովին նոյեմբերին Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP 29) համաժողովի 29-րդ նստաշրջանը հյուրընկալելու կապակցությամբ։ Նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը` շեշտը դնելով դրանց տնտեսական հարթության վրա, և կենտրոնացել են էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացման վրա։ 2023 թվականին ադրբեջանական նավթը բավարարել է Չեխիայի պահանջարկի ավելի քան մեկ քառորդը։
Ցավոք, պաշտոնական հաղոդագրության մեջ որեւէ խոսք չկա Արցախում կատարված ցեղասպանության եւ Բաքվում անօրինական պահվող գերիների մասին։
orer.eu



