Իսրայելում նշվել է անվանի կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի 80-ամյա հոբելյանը

  • 20.04.2024
  • 0
  • 239 Views

« Ապրածս տարիների համար շնորհակալ

եմ Աստծուց ու ծնողներից, Հունաստան

երկրին` որտեղ ծնվել եմ , Հայաստանին,

որն ինձ սիրեց, գուրգուրեց ու փայփայեց և

վերջապես Իսրայելին` ինձ գնահատելու ու…ամեն ինչի համար» ։

Հարգանքով՝ Նուբար Ասլանյան:

Ապրիլի 17-ին Իսրայելի Հայֆա քաղաքի «Կրիգեր» Համերգային դահլիճում տեղի ունեցավ անվանի կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի 80 ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Միջոցառման հովանավորներն էին Իսրայելի մշակույթի նախարարությունը, Հայֆայի քաղաքապետարանը, Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբը և «Էտոս» արվեստի, մշակույթի և սպորտի ընկերությունը:

Մաեստրո Ասլանյանը տարիներ ի վեր բնակվում է Իսրայելում, բայց սրտով կապված է Մայր Հայաստանի հետ։ Նա ծնվել է 1943 թվականին Աթենքում, 1946 թվականին ընտանիքով հայրենադրաձվել է Հայաստան, 1973 թվականին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան, իսկ 1994 թվականից բնակվում է Իսրայելում։ Նրա ստեղծագործությունները կատարվել են աշխարհի 15 երկրներում։ Նրա գործերը հաճախ է կատարել Իսրայելի բանակի հանրահայտ փողային նվագախումբը, նաեւ ձայնագրել է նրա ստեղծագործությունները։ Ասլանյանի ստեղծագործությունները նվագել են նաեւ ,Հայֆայի Սիմֆոնիկ նվագախումբը, Իսրայելի «Զամիր» եւ «Կիներետ» լարային քառյակները։ Իսրայելցի երեք մենակատարները նվագել են Նուբար Ասլանյանի, Տրոմբոնի, Շեփորի եւ Կլարինետի  կոնցերտները Հայաստանի Ֆիլհարմոնիկ եւ պետական սիմֆոնիկ նվագախմբերի հետ։

«Եթե անկեղծ՝ հուզված եմ, խոստովանում է կոմպոզիտորը, Հայֆայի «Յադ լե բանիմ» դահլիճում է նշվել 60-ամյակս, 70 ամյակը նույն քաղաքի «Ռոպպոպրտ» համերգային մեծ դահլիճում , 80- ամյակին այս միջոցառումը մի այլ կարգի է, սա ուրիշ է » ։

Հոբելյանական համերգի կապակցությամբ կոմպոզիտորը բազմաթիվ զանգեր, շնորհավորանքներ է ստացել։ Դրանք նրա ֆեյսբուքյան ընկերներն են, իսրայելցի ու այլ երկրների գործընկերները, նրանք, ովքեր տարբեր երկրների համերգասրահներում կատարել են մաեստրոյի ստեղծագործությունները։

Նուբար Ասլանյանին հասցրել են շնորհավորել Հայաստանում Իսրայելի նախկին դեսպաններ Ռիվկա Կոհենը, Շմոլ Միրոմը, Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մումջիանը։ Հայաստանից շնորհավորել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Համերգի նախօրեին հոբելյարից հարցազրույց է վերցրել Հայֆայի քաղաքապետարանի խոսնակը, այն արդեն տպագրվել է տեղի մամուլում։ Իսրայելի «Երաժշտական ձայն» ռադիոյի խմբագրի հետ զրույցը ևս արդեն հեռարձակվել է։

Հոբելյանական երեկոյին հնչեցին մաեստրո Նուբար Ասլանյանի ստեղծագործությունները, նրան հանդիսատեսի կողմից հասցեագրված լավագույն գնահատականներով` ծափողջյուններով, ջերմ ու անկեղծ խոսքերով ու ծաղկեփնջերով։ Համերգը եզրափակվեց մաեստրո Ասլանյանի «Սարդարապատ» մարշով` նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

«Նիդերլանդական օրագիրը» եւ ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը միանում են բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին` կոմպոզիտորին մաղթելով ամուր առողջություն եւ նոր բտեղծագործական ձեռբերումներ

Նիդերլանդական օրագիր

Օրեր ամսագիր

Լուսանկարը՝ Արտյոմ Չեռնամորյանի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում