Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում

  • 05.04.2024
  • 0
  • 408 Views

ՕՐԵՐի գլխավոր խմբագրի հարցերին պատասխանում է ֆրանսահայ կինոբեմադրիչ եւ լուսանկարիչ Ալեքսիս Փազումյանը

Մարտի 19-ին ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սեւ այգին» վավերագրական լիամետրաժ ֆիլմը  ցուցադրվեց դանիական հայտնի CPH Dox կինոփառատոնում, որտեղ էլ տեղի ունեցավ ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Մոտ ապագայում ֆիլմը կցուցադրվի նաեւ Գերմանիայում եւ Իտալիայում։ 80 րոպեանոց ազդեցիկ ֆիլմը նկարհանվել է Ֆրանսիական Solent Productionի եւ բելգիական  Naoko films ընկերության համատեղ նախագծով։  Ֆիլմի հիմնական հերոսներն են Թալիշ գյուղից Սամվելն ու Ավոն, Էրիկն ու Կարենը, ովքեր ապրում էին Արցախում։  Ալեքսիսը  չորս տարի շարունակ նկարահանել է նրանց՝ ցույց տալով թե՛ Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, եւ թե՛ արցախցիների մտածումները։ Տղաներն այնքան բնական են խաղում, որ երբեմն թվում է, թե գեղարվեստական ֆիլմ ես դիտում։  Սա է նաեւ ֆիլմի կարեւոր առավելություններից մեկը։

Հարգելի Ալեքսիս, խնդրեմ պատմեք ձեր մասին։ Ի՞նչ ընտանիքում եք ծնվել, ի՞նչ կրթություն եք ստացել, ինչպե՞ս է ձեր հայկական ընտանիքը հայտնվել Փարիզում։

-Ես ծնվել եմ Փարիզի արվարձանում՝ Իսի-լե-Մուլինոյում, և ծնողներս էլ ծագումով հայ են: Հայկական կրթությունս ստացել եմ հիմնականում իմ տատիկից ու պապիկից։ Դպրոցն ավարտելուց հետո, ուսանել եմ Փարիզի «Intuit lab» գրաֆիկայի դպրոցում։ Պապս՝ Ռիչարդ Ջերանյանը, իր ժամանակին հայտնի նկարիչ էր Հայաստանում։ Ես պարբերաբար այցելում էի Հայաստան, քանի որ հայրս ղեկավարում էր Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, ուստի ես միշտ կապեր եմ ունեցել իմ ծագման երկրի հետ։: Իսկ իմ մեծ պապերը, ովքեր փախել են Հայոց ցեղասպանությունից, Ֆրանսիայոմ հաստատվել են 1920 թվականին։

-Ե՞րբ և ինչո՞ւ սկսեցիք հետաքրքրվել կինոյով, ե՞րբ  նկարահանեցիք ձեր առաջին ֆիլմը։

– Ես միշտ բուռն հետաքրքրություն եմ ունեցել  պատկերների նկատմամբ, որը, կարծում եմ, գալիս է իմ պապիկից, ապա նաեւ մայրիկից, ով սովորել է Փարիզի հայտնի Beau-Art դպրոցում և միշտ դաստիարակել է ինձ արվեստի և մշակույթի մթնոլորտում: Իմ առաջին կիրքը լուսանկարչությունն էր, իսկ հետո եկան շարժվող պատկերներն ու կինոն: Իմ առաջին վավերագրական ֆիլմը ես նկարահանեցի, երբ դեռ ապրում էի Ռիո դե Ժանեյրոյում։ Ֆիլմը կոչվում էր «Ֆավելադո», ֆավելաների բնակիչների մասին, իսկ վերջերս՝ կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ գնչուների համայնքի մասին, որը կոչվում էր «Բելլուս», որը նկարահանել ենք հատուկ Canal+-ի համար:

Իսկ  «Սև այգին» իմ առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմն է։

-Ե՞րբ հասունացավ «Սև այգի» ֆիլմի գաղափարը, և ինչո՞ւ որպես հերոս ընտրեցիք Արցախի Թալիշ գյուղի բնակիչներին։ Ինչո՞վ աչքի ընկան թալիշցիները։

– Ես առաջին անգամ այցելեցի Թալիշ 2016 թվականին՝ որպես Vice France-ի լուսանկարիչ։ Դա 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի ներխուժումից հետո էր, որը հայտնի է որպես Քառօրյա պատերազմ: Այնուհետև ես որոշեցի վերադառնալ և վավերագրական ֆիլմ նկարահանել  2019 թվականի դեկտեմբերին, արդեն ստեղծագործական թիմով՝ Ֆաբիեն Ֆորի, Սիլվեն Շոյի և Ադրիանո Սերոնեի հետ։ Ես  ուզում էի հասկանալ, թե ինչու են ընտանիքները վերադառնում այնտեղ՝ չնայած պատերազմի սպառնալիքին: Թալիշը սահմանին ամենամոտ գյուղն էր, և որոշ շրջաններ գտնվում էին դիպուկահարների նշանառության տակ։ Ի սկզբանե մտադիր էի կենտրոնանալ միայն Թալիշ գյուղի ռազմաբազայի զինվորների վրա։ Իմ ֆիլմի հերոս Էրիկին հանդիպեցի զորանոցում։ Նա տանկի վարորդ էր, և ես անմիջապես կապ զգացի այս երիտասարդի հետ։ Կրակոցներին զուգահեռ մենք մնում էինք Թալիշ գյուղում և դպրոցում շատ ժամանակ էինք անցկացնում ուսուցիչների հետ։ Հետո մենք հանդիպեցինք ֆիլմի մյուս հերոսներին՝ երկու երեխաներին, և ես անմիջապես սիրահարվեցի նրանց։ Մենք որոշեցինք այդ պահին հետևել նրանց, և դա շարունակվեց չորս տարի։

Screenshot

Ի՞նչն է Ձեզ իսկապես տպավորել նկարահանման ժամանակ:

-Այո,  իսկապես չէի սպասում, որ այսքան տարիների ընթացքում ֆիլմ կնկարահանեմ. Չէի կարծում, որ լիամետրաժ վավերագրական ֆիլմն այդքան ժամանակ կխլի։ Բայց այս անգամ այն էական է հատկապես պատերազմի համատեքստում։

Երբ սկսեցիք ֆիլմի նկարահանումները, դեռ պատերազմ չկար, մենք չէինք կորցրել Արցախը։

-Իսկապես, ես Լեռնային Ղարաբաղ գնալու կարիք զգացի 2019 թվականի դեկտեմբերին՝ պատերազմի սկսվելուց 6 ամիս առաջ…

Այդ ժամանակ կպատկերացնեի՞ք նման ավարտ։

-Ո՛չ, անհնար էր պատկերացնել, որ ամբողջությամբ կկորցնենք Արցախը։ Ոչ մի հայ չէր կարող դա պատկերացնել՝ նույնիսկ մղձավանջում… Իսկ ամենավատն այն է, որ այսօր մենք ունենք նույն մտավախություններն՝ արդեն հայաստանյան սահմանների համար…

Ի՞նչ էին մտածում ֆիլմի հերոսները այն ժամանակ և հիմա, քանի որ նրանց նկարահանել եք տարիներ շարունակ, նույնիսկ Արցախի կորստից հետո։

-Նրանք ուրախ են, որ օգնել են և նպաստել ինչ որ հետք թողնելուն։ Նրանց միակ ցանկությունը առաջ գնալն է, իսկ Էրիկի համար՝ նաեւ Հայաստանը պաշտպանելն է։ Ֆիլմը շատ ազդեցիկ է իր պատմություններով և արդեն արժեքավոր այն կադրերով, որոնք դժվար կլինի նորից կրկնել։

Ո՞րն էր ֆիլմի գլխավոր ուղերձը։

-Այս ֆիլմի սկզբնական նպատակն ու հիմնական ուղերձն է օգնել օտարներին՝ հասկանալու  խնդրի էությունն ու վերջին իրադարձությունները:

Իսկ դա հասկանալի՞ էր օտար հանդիսատեսի համար։

-Այն վերջերս ցուցադրվել է Դանիայում՝ որտեղ ֆիլմի  միջազգային պրեմիերան էր և արժանացել է չափազանց լավ ընդունելության։  Շուտով մենք կլինենք Գերմանիայում՝ Մյունխենում, իսկ հետո՝ Իտալիայում՝ Բոլոնիայում։ Ես այնքան հպարտ եմ, որ կարող եմ այս պատմությունը ներկայացնել տարբեր երկրներում:

Արդեն որոշե՞լ եք Ձեր հաջորդ աշխատանքի թեման։

-Այո, ես այժմ աշխատում եմ գնչուների համայնքի մասին իմ առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի սցենարի վրա։

Զրույցը վարեց

Հակոբ Ասատրյանը

Պրահա

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում