Այսօր՝ մարտի 12-ին, ժամը 10:30-ին, Պրահայի վրայով կթռչեն վեց ռազմական ինքնաթիռներ, որոնցից երեքը կլինեն «JAS-39 Gripen» կործանիչներ՝ ՉՀ-ի Չասլավյան օդուժի բազայից, իսկ երկու գերմանական «Eurofighter Typhoon»-ները և մեկ տրանսպորտային «Airbus A-400M Atlas»-ը հանդես կգան Գերմանիայից՝ միատեղ ներկայացնելով երկու կազմավորում։
Ինքնաթիռները նախ կհանդիպեն Զվիկովից հարավ (որը երբեմնի Չեխիայի թագավորության գրեթե ամենահին և երբեք չնվաճված ամրոցներից մեկն է), այնուհետև Վլտավայի երկայնքով կթռչեն դեպի Պրահա։
Կործանիչների թռիչքը կնշի ՆԱՏՕ-ին Չեխիայի անդամակցության 25 տարին: «Յուրաքանչյուր պետություն պատասխանատու է իր օդային տարածքը պահպանելու համար, իսկ Դաշինքի շրջանակներում մենք կիսում ենք այդ պատասխանատվությունը։ Հաճախ ենք օգնում միմյանց՝ երբեմն նույնիսկ ներկայացնելով այս ունակությունը»,- Žive.cz լրատու սոցցանցում այսպես է մեկնաբանել թռիչքը ՉՀ-ի Օդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Պետր Չեպելկան։
Ավելի ստույգ, այսօրվա թռիչքը նախատեսված է հիշատակելու Չեխիայի և Գերմանիայի ռազմաօդային ուժերի քառորդ դար համագործակցությունը, որն ընթանում է ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգում (NATO Integrated Air and Missile Defence System) ինտեգրված օդային տարածքի համատեղ հսկողության ոլորտում:
Lidovky.cz լրատու կայքէջի հիշեցմամբ՝ Հյուսիսային Եվրոպայի գլխավոր շտաբը գտնվում է Գերմանիայի Ուեդեմ քաղաքում։ Չեխիան այդ համակարգի մաս է դարձել դեռևս 1999 թվականի մարտի 12-ից, երբ անդամակցել է ՆԱՏՕ-ին։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա