Փաշինյանը խոսել է գերիների վերադարձի, Արցախից բռնի տեղահանվածների, հայ- ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների, արտաքին ուժերի եւ այլ հարցերի մասին

  • 12.03.2024
  • 0
  • 104 Views

Մարտի 12-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի առավոտյան քննարկել է գերիների վերադարձի հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Այսօր առավոտյան գերիների վերադարձի հետ կապված հարց եմ քննարկել։ Ո՞ւմ հետ և ի՞նչ եմ քննարկել, չեմ կարող ասել։  Կարող եմ ասել, որ քննարկել եմ գերիների վերադարձի հարցը, քննարկել եմ գերիների վերադարձի որոշ ուղղությամբ որոշ քայլերի նպատակահարմարության և աննպատակահարմարության հարցը։ Ի միջի այլոց, երեկ կեսօրին էլ եմ քննարկել, այդ թվում մեր անհետ կորած հայրենակիցների հարցը»,-ասաց Փաշինյանը։

«Մենք պետք է մեզ վրա հույսներս դնենք, բացառապես մեզ վրա։ Դա նշանակում է նաև, որ արտաքին և անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացիան հույսն ինքդ քեզ վրա դնելու արտահայտություններից և ձևերից մեկն է, որովհետև դա հարաբերությունների մի ձև է, երբ ունես խնդիր քո օրակարգի խնդիրները քննարկել ավելի ու ավելի լայն շրջանակի հետ։ Երբ դու ավելի ու ավելի լայն շրջանակի հետ ես քննարկում այդ հարցերը՝ նշանակում է  հույսդ դնում ես քեզ վրա»,-ասաց Փաշինյանը հարցերից մեկին պատասխանելիս։ Նրա կարթիքով, որ լավ կլինի, որ այդ փոփոխությունը արձանագրվի քաղաքացիների մտածողության մեջ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը Հայաստանում հանրային քննարկման փուլում  է։ Այս մասին ասուլիսին ասաց Նիկոլ Փաշինյանը, ով նաև հերքեց խոսակցությունները, թե չի շարունակվելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակվարձի և կոմունալ վճարների համար ցուցաբերվող «40+10» հազար դրամի չափով պետական աջակցության ծրագիրը, որը նրա խոսքով կերկարաձգվի առնվազն մինչև տարեվերջ։

«Այսինքն՝ մենք ինչ-որ նախնական դիզայն արել ենք, բայց վերջնական որոշումը կկայացնենք լսելով տարբեր կարծիքներ և վերլուծելով։ Բայց ես ուզում եմ ասել նաև մեր տրամաբանությունը, որպեսզի ավելի հասկանալի դառնա՝ մեր տրամաբանությունը հետևյալն է, որ եթե մենք բնակարանային այս ծրագիրն անենք միայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար, կարող է լարում ստեղծվել հանրության ներսում, որովհետև կան մարդիկ՝ ակնհայտորեն բազմաթիվ, ովքեր նույն խնդիրն ունեն ՀՀ քաղաքացի լինելով։ Մենք ուզում ենք, որ մի ծրագիր ձևավորենք, որը հասանելի կլինի նաև ՀՀ քաղաքացիներին»,-ընդգծեց վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը փորձում է խնդրին համակարգային լուծում տալ։

Անդրադառնալով բնակապահովման նախատեսվող ծրագրից օգտվելու համար ՀՀ քաղաքացիություն ընդունելու պահանջին, Փաշինյանը կարծիք հայտնեց, որ առանց դրա նույնպես կարող է լարում ստեղծվել։

Ինչ վերաբերում է աջակցության համար նախանշվող 3 միլիոն դրամի չափին (յուրաքանչյուր չափահաս անդամի համար), ապա, ըստ վարչապետի, դա դիտարկվում է որպես բազային։ «Դրա վրա կարող են լինել, և ըստ ամենայնի, կլինեն գործակիցներ։ Ընդ որում՝ կարող են լինել տարբեր գործակիցներ, այդ թվում՝ ընտանիքի կոնկրետ իրադրության, բազմազավակության հետ կապված, զոհվածի ընտանիք լինելու հետ կապված»,-մանրամասնեց Փաշինյանը՝ հավելելով, որ գործակիցները պայմանավորված կլինեն նաև համապատասխան բնակավայրերով։

«1996 թվականից Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել և 2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերը ուզում էին Հայաստանի հարցը լուծեն և փակել ամբողջությամբ։ Ավելին ասեմ՝ ինչպես եղավ, որ 2021 թվականի մայիսին ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժեցին այն ժամանակ, երբ խորհրդարանը լուծարված էր և վարչապետը հրաժարական էր տվել՝ երկրում ո՛չ խորհրդարան կար, ո՛չ կառավարություն։ Ի՞նչու դա տեղի ունեցավ 2021 թվականի մայիսի 12-ին, երբ բոլոր որոշումները ուժի մեջ էին մտել։ Օրինակ՝ ինչո՞ւ մայիսի 5-ին, մայիսի 2-ին, ապրիլի 30-ին, ապրիլի 25-ին տեղի չունեցավ։ Այդ հարցը չի կարող չծագել։ Եվ մյուս կողմից էլ ասում էին, թե ինչո՞ւ ռազմական գործողություններ չեն սկսում, գնացեք։ Պատասխանը շատ պարզ է՝ ամբողջ հաշվարկը դրա մեջ էր, որ պատերազմ սկսվի, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չլինի ընտրություններ անցկացնել և որի արդյունքում 2021 թվականի ամռանը դե-յուրե և դե-ֆակտո տեղի կունենա Հայաստանի Հանրապետության լուծարում։ Սա է ամբողջ պատմությունը և այս պատմությունը 2018 թվականին չի սկսել։ Այս պատմությունը սկսել է 1996 թվականից, զարգացել 1999 թվականի հոկտեմբերի 27-ով, 2003 թվականի, 2008 թվականի իրադարձություններով և այդպես շարունակ»,- ընդգծեց վարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսին ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով այն երեք սկզբունքները և պատկերացումները, որոնցով ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ գնալ խաղաղության։ 

Անդրադառնալով 3 սկզբունքներին՝ վարչապետը նշեց, որ դրանք այն մասին են, որ Խորհրդային միության փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը՝ Ալմա Աթայի հռչակագրով և 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած համաձայնություններով վերահաստատվել է՝ որպես սահմանների և փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք։

«Այդ համաձայնությունների բերումով ադմինիստրատիվ նախկին սահմանից, որը գոյություն է ունեցել Խորհրդային միության ժամանակ, ինչը որ գտնվում է դեպի այն կողմ՝ Ադրբեջան է, ինչն այս կողմ՝ Հայաստան է։ Հիմա դելիմիտացիայի գործընթացում մենք պետք է աշխատենք, որևէ ֆորմատով, այդ սահմանը վերարտադրելու վրա։ Եվ հիմա մենք պետք է ելնենք դե յուրե իրողությունից»,- ընդգծեց Փաշինյանը։   

Խոսելով այն մասին, թե դելիմիտացիան որ փուլից և որտեղից պետք է սկսել, վարչապետը նկատեց, որ այդ հարցի շուրջ կան բազմաթիվ տեսակետներ։

«Նախկինում էլ չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսել Տավուշի մարզից։ Եվ այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից և Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջները, անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,-նշեց վարչապետը։

Վարչապետը հավելեց, որ բանակցային գործընթացում երբեմն եղել է տպավորություն, որ հնարավոր է որոշակի իրողությունները հաշվի առնելով, սահմանի գծի վերականգնումից հետո կամ դրան զուգընթաց, տարածքների որոշակի փոխանակումներ անել։

«Բայց տեսնում եմ, որ նման հնարավորությունները մեծ չեն կամ դա կարող է դեֆորմացնել գործընթացը և լրացուցիչ ռիսկեր բերել։ Այդ պատճառով, կարծում եմ, որ առաջիկայում մենք պետք է գործողություններ անենք հետևյալ տրամաբանությամբ՝ այնտեղ, որտեղ մեր կոմունիկացիաներն այս պայմանավորվածությունների վրա հիմնված դե յուրե սահմաններից դուրս են, այդ հատվածները վերակառուցենք, որպեսզի ՀՀ բոլոր կոմունիկացիաներն անցնեն ՀՀ դե յուրե տարածքով, որպեսզի մենք այդ ոլորտում խնդիրներ չունենանք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ առաջիկայում նպատակ ունի այցելել Տավուշի մարզ և տեղում ծանոթանալ հնարավոր խնդիրներին։

Վարչապետն արձանագրեց նաև այն, որ ՀՀ անվտանգության ապահովման հարցում պետք է ևս մեկ կոմպոնենտ ավելացնել՝ լեգիտիմության կոմպոնենտը, և այդ տրամաբանությամբ պետք է գնալ լուծումների. ՀՀ դե յուրե սահմաններն արձանագրել, ճանաչել և դե ֆակտո գործողությունները տեղավորել դե յուրե սահմանների ներսում։

«Ես կարծում եմ, որ մենք էլ պետք է շահագրգռվածություն ցույց տանք, որպեսզի սահմանագծման և նույնիսկ սահմանազատման գործընթացները հնարավորինս շուտ մտնեն գործընթացի մեջ՝ զուգահեռ ապահովելով երեք կարևոր պայման. առաջինը՝ տեղի ունեցող գործընթացի իրավական հենքը, որպեսզի մենք իրավունքից և օրինականությունից դուրս որևէ բան չանենք, երկրորդը՝ ֆունկցիոնալ հարցերի լուծումը՝ մասնավորապես ենթակառուցվածքների բնականոն ապահովելը և երրորդն՝ անվտանգությունը, որովհետև պետք է ապահովվի նաև անվտանգությունը դելիմիտացված սահմանի երկայնքով, այդտեղ ապրող մարդկանց համար և այս առումով արդեն իսկ դելիմիտացված սահմանը պետք է, ըստ էության, դառնա երկաթյա երաշխիք այդ հատվածի հարատև կայունության համար»,-եզրափակեց Փաշինյանը։

Պատասխանելով Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակի, մարտահրավերների և ռիսկերի վերաբերյալ հարցին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշեց. «Հայաստանի շուրջ առկա անվտանգային միջավայրի հետ կապված, կարծում եմ, ասածս նորություն չի լինի. ՀՀ-ի շուրջ և մեր տարածաշրջանում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Բայց, շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաբերվում և ինչպես պետք է վերաբերվենք այդ իրավիճակին: Կարծում եմ, պետք է վերաբերվենք, որպես մի հարցի, որի կառավարման պատասխանատվությունը մերն է, առաջին հերթին՝ ՀՀ կառավարությանը:

Ի՞նչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ ՀՀ-ի անվտանգության ապահովման գործում պետք է ավելի մեծ շեշտ դնել լեգիտիմության վրա: Նկատի ունենք սա (ցույց է տալիս ՀՀ քարտեզը- խմբ.): Սա ՀՀ տարածքն է, և այս սահմանագծից դուրս մենք ոչ մի հավակնություն չպիտի ունենանք: Որովհետև այս սահմանագծից դուրս ցանկացած հավակնություն օգտագործվելու է, որպես մեր խոցելի տեղ: Եվ օգտագործվելու է մեր լեգիտիմության դիրքերը խաթարելու համար: Հիմա ի՞նչ ենք ասում. ասում ենք՝ այս գծից այն կողմ ինչ-որ կա մերը չէ, այդ գծից այս կողմ ինչ-որ կա՝ մերն է: Եվ մեր անվտանգությունը պատրաստվում ենք ապահովել այս տրամաբանությամբ: Իմ կարծիքով, առաջիկա աշխատանքը դրա մասին պետք է լինի, որովհետև սրան պետք է գումարենք երեք կոմպոնենտ: Առաջինը՝ դե յուրե կոմպոնենտը»:

Շարունակելով միտքը՝ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց. «Տեսեք, խոսում ենք Ալմա Աթայի հռչակագրով ֆիքսված և 2022 թվականի հոկտեմբերի 6-ով և հոկտեմբերի 31-ով վերահաստատված դե յուրե գծի մասին: Պետք է գնալ հողի վրա տեսնել՝ դե յուրե գիծը որտեղով է անցնում: Այդ գծից այն կողմ ինչ կա՝ մերը չէ, այդ գծից այս կողմ ինչ կա՝ մերն է: Բայց շատ կարևոր է, որ տեղում ինչ գիծ էլ ֆիքսենք, ինչ կետ էլ արձանագրենք՝ առաջինը դրա դե-յուրե հիմնավորումը պետք է լինի, որը կա ընդ որում: Տեսեք բոլորովին վերջերս ԱԺ-ում ասացի, որ միլիմետրի ճշտությամբ գիտեմ, թե որտեղով են անցնում ՀՀ  սահմանները: Իմ ասածի մեջ չափազանցություն չկար… Այդ հարցում մեր վերաբերմունքը պետք է լինի ոչ թե աքսիոմատիկ, այլ թեորեմի տրամաբանությամբ: Եվ մենք հարցերին պետք է պատասխանենք: Ընդ որում՝ մենք խնդիր չունենք, թե որտեղ նայենք: Եվ պատրաստ ենք գնալ լուծումների: Ինչո՞ւ ենք պատրաստ գնալ լուծումների: Այն պատճառով, որ չենք սիրո՞ւմ ՀՀ-ն և նրա ժողովրդին: Ուղիղ հակառակը՝ որ սիրում ենք ՀՀ-ն և նրա ժողովրդին: Եվ չենք ուզում նոր տառապանքներ բերենք այդ ժողովրդին: Այս գծից այն կողմ ինչ կա, մերը չէ, այդ գծից այս կողմ ինչ կա՝ մերն է: Այդ տրամաբանությամբ գնալու ենք լուծումների»:

Արտաքին քաղաքականության և անվտանգային ոլորտում Հայաստանի որդեգրած դիվերսիֆիկացման քաղաքականությանը, այդ ուղղությամբ ձեռքբերումներին և գործընթացից բխող ռիսկերի կառավարմանն առնչվող հարցին ի պատասխան՝ վարչապետը հնչեցրեց հետևյալ պատասխանը. «Մանավանդ այսօրվա աշխարհում արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հետ կապված հաջողությունների մասին խոսելն այդքան էլ տեղին չեմ համարում, որովհետև իրադրությունը պետք է կայունանա, որպեսզի խոսենք հաջողության մասին: Քանի դեռ կայուն չի, ընդ որում, հասկանալիորեն նկատի ունեմ Հայաստանը, բայց հասկանալիորեն Հայաստանի կայունությունը և տարածաշրջանի կայունությունը կախված է միջավայրի կայունությունից և գլոբալ կայունությունից: Այստեղ բազմաթիվ հարցեր կան»:

Հայաստանը փաստացիորեն սառեցրել է իր գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում․ սա պետության քաղաքական որոշումն ու դիրքորոշումն է, որը պետք չէ շփոթել իրավական գործընթացների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մարտի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը չի մասնակցում կառույցի նիստերին, չունի մշտական ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում, չի օգտագործում իր քվոտան գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու համար, կարծիք չի արտահայտում ՀԱՊԿ-ում շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ։

«Քաղաքական որոշումն ու դիրքորոշումը պետք չէ շփոթել իրավական գործընթացների հետ։ Այո, մենք ՀԱՊԿ-ում փաստացիորեն մեր գործունեությունը սառեցրել ենք»,- ասաց վարչապետը։

Խոսելով այն մասին, թե ինչքանով է հայկական կողմի դիրքորոշումը ՀԱՊԿ նկատմամբ ազնիվ, արդար և բարոյապես ճիշտ, նա նկատեց, որ ՀՀ խնդրանքը և նաև պահանջը ՀԱՊԿ-ին մեկն է՝ հստակեցնել, թե որն է կառույցի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում։ «Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիր չենք ստեղծել։ Բոլոր խնդիրները ստեղծվել են այն կետից, երբ մենք հարց ենք բարձրացրել, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում և այդ հարցի պատասխանը չենք ստացել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նկատեց, որ տարբեր քննարկումների ժամանակ Հայաստանը ստացել է ՀԱՊԿ և Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների շատ հստակ, տարակարծության և տարընթերցման տեղ չտվող դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է իրենց համար։ Սակայն, 2021 թվականի մայիսին, նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին տեղի են ունեցել իրադարձություններ, երբ այդ կարմիր գիծը հատվել է, մինչդեռ դրանց չեն հետևել ՀԱՊԿ կանոնադրության և ճգնաժամային իրավիճակներին արձանագրման կարգի մեջ նախանշված քայլերը։

Փաշինյանն արձանագրեց՝ եթե ՀԱՊԿ -ն կպատասխանի հարցին՝ թե որն է իր պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը և այդ պատասխանը կհամապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, դա կնշանակի ՝ Հայաստանի և ՀԱՊԿ միջև հարցերը հասցեագրված են, լուծված և ամփոփված՝ դրանից բխող հետևանքներով։ «Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Թե երբ, չեմ կարող ասել»,- եզրափակեց վարչապետը։

Նախքան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը՝ ՀՀ վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, ողջունում եմ բոլորիդ: Ողջունում եմ նաև եթերում մեզ հետևողներին: Սույն թվականի փետրվարի 24-ին Կառավարությունն ընդունեց և Ազգային ժողով ուղարկեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2023 թվականի զեկույցը:

Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ խորհրդարանական քննարկումներից առաջ հրավիրել եմ այս ասուլիսը նաև Կառավարությունում հավատարմագրված լրագրողների հետ հարցուպատասխանի միջոցով զեկույցը քննարկելու համար:

Մինչ հարցուպատասխանին անցնելը՝ ընդգծեմ, որ 2023 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 8,7 տոկոս տնտեսական աճ: Այստեղ ճշգրիտ լինելու համար, ասեմ, որ Ֆինանսների նախարարության և Վիճակագրական կոմիտեի մեջ որոշակի քննարկում կա աճի ճշգրիտ թվի հետ կապված, բայց վստահ ենք, որ տնտեսական աճը 8 տոկոսից ավելի է, հընթացս երևի կճշգրտվի կամ կմնա նույնը:

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Կառավարությունը 2021-2026 թվականներին տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճի ապահովումը սահմանեց որպես առանցքային թիրախ: 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, 2021 թվականին՝ 5,8 տոկոս տնտեսական աճ: Ըստ այդմ՝ ընտրություններին հաջորդած երեք տարվա արդյունքներով տնտեսական աճի թիրախն ապահովված է:

Բազմիցս եմ նշել, որ Հայաստանի պետական շահը տնտեսական զարգացումն է, որից պետք է բխեն Կառավարության քաղաքականություններն ու որոշումները: Տնտեսական զարգացումն է, որ Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտա սպասարկել պետական օրակարգն իր ամբողջության մեջ: Այս առումով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալող և հարկեր վճարող բոլոր անձանց, ովքեր 2023 թվականի պետական բյուջեի համար ռեկորդային՝ 2 տրիլիոն 222 միլիարդ դրամ, հարկային եկամուտներ են ապահովել: Այս ցուցանիշը 2017 թվականի պետական բյուջեի եկամուտների համեմատ ավելի է շուրջ 92 տոկոսով կամ 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով:

Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,

2023 թվականի մեծագույն մարտահրավերը Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանումն էր: Կառավարությունն ու Հայաստանի ժողովուրդն ի վիճակի եղան 1 շաբաթում ավելի քան 100 000 մարդ ընդունել և հասցեագրել նրանց կարճաժամկետ կարիքները: Առջևում բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների երկարաժամկետ կարիքների հասցեագրումն է, և առաջիկայում ավարտին կհասցնենք նրանց բնակարանային կարիքների հասցեագրման ծրագիրը: Ինչպես ասել եմ, եթե բռնի տեղահանված մեր քույրներն ու եղբայրները Լեռնային Ղարաբաղ վերադառնալու օբյեկտիվ հնարավորություն կամ ցանկություն չունենան, կառավարության քաղաքականությունն ուղղված կլինի նրանց Հայաստանի Հանրապետությունում մնալու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն:

Հարգելի լրագրողներ,
Սիրելի ժողովուրդ,

Վերջին տարիների իրադարձությունների խորը և համապարփակ վերլուծության արդյունքներով Կառավարությունը շարունակում է արտաքին և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը: Այս համատեքստում մեզ համար շարունակում է առաջնային մնալ խաղաղության օրակարգը, և Կառավարությունը շարունակում է երեք սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու և սահմանների սահմանազատում և սահմանագծում իրականացնելու քաղաքականությունը: Ու չնայած այդ սկզբունքները հանրահայտ են, շփոթության տեղիք չտալու համար հարկ եմ համարում կրկին բարձրաձայնել դրանք:

Առաջին՝ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:

Երկրորդ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման քաղաքական հիմք է, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ստեղծելու օրակարգ չկա, այլ անհրաժեշտ է հողի վրա արտահայտել ԽՍՀՄ փլուզման շրջանում հանրապետությունների միջև դե-յուրե գոյություն ունեցած վարչական սահմանը, որ Ալմա-Աթայի հռչակագրով դարձել է պետական սահման:

Երրորդ՝ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս թեմայի վերաբերյալ մեր պատկերացումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:

Հարգելի լրագրողներ,

Այժմ պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին»։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում