Հայաստանը կրկին ներկայացավ Բեռլինի միջազգային տուրիստական ցուցահանդեսում. զրույցներ հայկական տաղավարում

  • 09.03.2024
  • 0
  • 191 Views

Մարտի 5–ից 7–ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցավ միջազգային տուրիստական ընկերությունների ցուցահանդեսը, որին մասնակցեց նաև Հայաստանը։

«Միջազգային տուրիստական բորսա» (ITB) կոչվող այս ամենամյա ցուցահանդեսը կազմակերպվում է 1966 թվականից։ Ինչպես մենք տեղեկացանք ընկերության մամուլի բաժնից, այս տարի մասնակից երկրները թվով 170–ն էին՝ իրենց 5․500 կազմակերպություններով։ Հայաստանն այստեղ պաշտոնապես հանդես է գալիս 1998 թվականից։

«Ես հստակ հիշում եմ՝ 1998–ին էր, ես այդ պատվիրակության կազմում էի, Հայաստանն առաջին անգամ էր ներկայանում այդ ժամանակ, երևի 7-8 ընկերություն էին»,– հիշում է «Լևոն թրեվլ» (Levon travel) ընկերության ներգնա տուրիզմի ղեկավար Դավիթ Խաչյանը և ավելացնում․ «Մինչ այդ մեր հայկական ընկերություններից մասնակիցներ վստահ եղել են այստեղ, բայց առանձին, մասնավոր սկզբունքներով»։

Այս տարվա հայկական պատվիրակության կազմում էին 11 ընկերություններ, որից մեկը անհատապես էր դիմել  և գրանցվել, մյուսները՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության միջոցով։

«Մենք մշտապես մասնակցում ենք միջազգային նմանատիպ ցուցահանդեսների, իսկ սա խոշորն է աշխարհում և հեղինակավոր։ Մեծ հնարավորություն է տալիս Հայաստանն էլ ավելի ճանաչելի դարձնել, լսելի դարձնել, նոր գործընկերներ ձեռք բերել, հետևապես՝ նոր բիզնես հնարավորություններ է տալիս։ Այս անգամ 10 տուր-օպերատորներ են, բոլորս մեկ տաղավարի ներքո ներկայացնում ենք Հայաստանը՝ որպես գրավիչ ուղղություն»,– մեզ հետ զրույցում  նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի կոմիտեի մարկետինգի բաժնի խորհրդական տիկին Լուսինե Բասմաչյանը։

Ինչպես զրուցակիցս տեղեկացրեց՝ սա բաց հարթակ է, ոչ մի սահմանափակում չկա։  Մասնակցության համար պարզապես հայտարարության են տարածել։ Կազմակերպությունները գրանցվել են, մանրամասներին ծանոթացել և իրենք որոշել  իրենց մասնակցությունը։ Պետական հովանավորությամբ տեղի է ունեցել տարածքի վարձակալությունը և տաղավարի կառուցապատումը, իսկ կեցության և  ճանապահի ծախսերը հոգացել են գործարարներն իրենք։

«Վիզա կոնկորդ գրուպ»–ի դուստր ընկերություն «Գո Արմենիա»–ն (Go Armenia) սակայն որոշել է ինքնուրույն մասնակցել՝ առանձին տաղավարով․ «Մեր ընկերությունն արդեն տարիներ ի վեր մասնակցում է այս ցուցահանդեսին։ Միշտ ինքնուրույն ենք ներկայացել, մեր ծախսերով։ Քանի որ սա տուրիստական ամենամեծ ցուցահանդեսն է աշխարհում, մասնակցում ենք, որ պահենք մեր ներկայությունը նախ կարգավիճակի համար։ Բացի դրանից շատ գործընկերներ ունենք, որ մեզ փնտրում են, կապը վերահաստատում են, որովհետև համավարակից հետո բարդ էր։ Այժմ, դինամիկան դրական է։  Փորձում ենք, իհարկե, նոր գործընկերներ ևս գտնել։ Այստեղ գովազդում ենք Հայաստանը և  մեր գինի արտադրողներին։ Գերմանացի տուրիստին ճանաչելի ենք արդեն»,– մեզ հետ զրույցում պատմեց ընկերության տուրիզմի զարգացման ղեկավար Լիլիթ Սարաֆյանը։

Մասնակիցներից «Սառա վոյաժ» (Sara voyage) տուրիստական ընկերությունն այստեղ առաջին անգամ էր․ «Տաս տարեկան ենք արդեն, ունենք ներգնա և արտագնա տարաբնույթ երթուղիներ։ Մեր գերնպատակը մարդկանց Հայաստան բերելն է»,– նշեց ընկերության ներկայացուցիչ Անահիտ Բաբայանը։

Իսկ քսանամյա «Գեոգրաֆիկ թրեվլ կլուբ» (Geographic travel club) ընկերությունն արդեն տաս տարուց ավելի է, որ գալիս է ցուցահանդեսին․ «Նոր գործընկերներ, նոր հնարավորություններ ենք ձեռք բերում, որ շուկան ավելի մեծանա։ Մենք խմբեր ենք բերում Հայաստան եվրոպական գրեթե բոլոր երկրներից»,– նշեց  ներգնա տուրիզմի ղեկավար Տաթևիկ Մուշեղյանը։

«Արմենիա թրեվլ» (Armenia travel, 1996) ընկերության ներգնա տուրիզմի ղեկավար տիկին Նինա Դադայանը նշեց, որ իրենց համար ամենամեծ շուկան Գերմանիան է։ Մեր երկիրը հաճախորդներին ավելի գրավիչ դարձնելու համար մոտ մեկ տասնամյակ առաջ որոշել են պտույտ անել Արարատ լեռան շուրջ․ «Պատմական մեր երեք լճերի մեջտեղում գտնվող բարձր և ճանաչելի կետը մեր Արարատն էր, այդպես որոշվեց այս երթուղին։ Սա շատ հետաքրքրեց եվրոպացիներին։ Նրանցից շատ–շատերը  չգիտեին մեր երկրի տեղը։ Աշխատում ենք նորամուծություններ անել, որ մեր երկիրը տպավորիչ լինի։ Հիմա կարծեք, թե պահանջարկն ավելի շատ մարդկանց հետ  շփվելն է դարձել։ Կարծում եմ, որ ծրագրով կանենք՝ ասենք օրինակ՝ երաժիշտը դուդուկ նվագի, իրենք լսեն կամ քանդակագործը խաչքար սարքի, իրենք տեսնեն, մասնակցեն լավաշ թխելուն և այլն, և այլն»։

«Լևոն թրեվլ» ընկերության ներգնա տուրիզմի ղեկավար պարոն Խաչյանը կարծում է, որ այս և նման ցուցահանդեսները նախ հնարավորություն են տալիս տեղեկանալու և հասկանալու, թե ինչ է կատարվում աշխարհում առհասարակ, ինչ զարգացող միտումներ կան․ «Այս պահին կարծեք թե մարդիկ արկածային տուրեր են ուզում, քայլարշավներ։ Ժամանակակից տուրիստն  ավելի շատ ձգտում է ճամփորդությունից հաճույք ստանալ։ Այդ ամենն անշուշտ մենք զուգակցում ենք տեսարժան վայրեր այցելելով, գինու, կոնյակի, խոհանոցի և մշակույթի մյուս բաղադրիչների հետ միասին։ Տարաբնույթ են մեր առաջարկները՝ դասական, արկածային, հեծանվային, ամենագնաց մեքենաներով, ձիերով և այլն»։

«Միջազգային տուրիստական բորսա» ցուցահանդեսում ներկայացած հայաստանյան մյուս տուր օպերատորների ներկայացուցիչները ևս կարևորեցին  շփումը տեղի՝ եվրոպական գործընկերների հետ, նրանց հետ հարաբերությունների պահպանումը և  նորերի ձեռքբերումը։ Մենք հանդիպեցինք՝ «Արկուս տուրս» (Arcus tours), «Արմենիա հոլիդեյս» (Armenia holidays), «Արմինտուր» (Armintour), «Սաբերատուր Սևան» (Saberatours Sevan), «Բիթրավելեր Արմենիա» (Betraveler Armenia) և «Մերի տուր» (Merry tour) ընկերությունների ներկայացուցիչներին։

Ցուցահանդեսում Հայաստանն ու հայկական տաղավարն ավելի տպավորիչ դարձնելու համար երկրի մասին պատմող տեսանյութերից բացի այստեղ ներկայացված էր նաև գորգագործությունը։ Այցելուներին այն երկու օր շարունակ ցուցադրում և բացատրում էր ավստրիաբնակ ուսանողուհի Եվա Բալայանը։ Նա մասնակցում էր միջոցառմանը «Մեգերյան կարպետ»–ի, «Կեռնուն» ՍՊԸ–ի և տուրիզմի կոմիտեի նախաձեռնությամբ։

Գայանե Առաքելյան

Բեռլին

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում