Ընդունվում են սեպտեմբերին կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին մասնակցության հայտերը

  • 04.03.2024
  • 0
  • 145 Views


ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (04 մարտ, 2024)  – 2024 թվականի սեպտեմբերի 17-20-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը:

Հայաստանի և սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը կքննարկվեն միասնական հարթակում տարբեր ձևաչափերի շրջանակներում: Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթնաժողովը կհյուրընկալի սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների:

«Հայաստան-սփյուռք առողջ համագործակցության գլխավոր նախադրյալն անկեղծ երկխոսությունն է: Համահայկական իրականության ներկայիս մարտահրավերների հաղթահարման գործում համահայկական միասնականությունը և գաղափարների ու լուծումների համատեղումը միակ ուղղորդող ճանապարհն են ներկայի բարեփոխման և կայուն զարգացման համար: Սփյուռքը և հայրենիքը կարիք ունեն ներգրավվածության և ներառականության նոր հնարավորությունների և ուղիների: Հայաստանը սփյուռքում և սփյուռքը Հայաստանում պետք է դառնան օրակարգային թեմաներ՝ ունենալով առավելագույն մասնակցություն համահայկական իրականության զարգացման բոլոր գործընթացներում: Այս համատեղ աշխատանքի և երկկողմ պատասխանատվության ստեղծման ճանապարհին հայ իրականության երկու հանգույցները՝ հայկական պետությունը և հայկական սփյուռքը, կարիք ունեն երկխոսության և համագործակցության նոր և դինամիկ հարթակների: Համաշխարհային հայկական գագաթնաժողովները նախևառաջ ռազմավարական քննարկումների, փոխըմբռնման և լուծումների

հարթակներն են»,- անդրադառնալով գագագթնաժողովի կարևորությանը՝ նշել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սփյուռքի համայնքներում ակտիվ ներգրավվածություն ունեցող գործիչները, մասնագիտական խմբերի ներկայացուցիչները, համահայկական, երիտասարդական, մշակութային, կրթական, գործարար և այլ կառույցների անդամները, ովքեր հետաքրքրված են համաժողովին մասնակցությամբ, կարող են լրացնել հայտադիմումը՝ արտահայտելով գագաթնաժողովին մասնակցելու իրենց ցանկությունը՝  https://forms.gle/mnXaP3TD2sv88BYa7: Մասնակիցների վերջնական ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով:

Հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել globalarmeniansummit@gov.am կամ globalarmeniansummit@gmail.com էլ. հասցեներով:

Հիշեցնենք, որ Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին, որին մասնակցություն են ունեցել 600-ից ավելի մասնակիցներ 50-ից ավելի երկրներից և 130 բանախոսներ 15 երկրներից: Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է համահայկական նշանակության հարցերի լայն շրջանակ, որոնց արդյունքում բարձրաձայնված առաջարկները և հարցադրումները հիմք  են հանդիսացել Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարարության մշակման համար:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում