Փետրվարի 19-ին «Լոռվա Ձոր» հայրենակցական միության և թիվ 135 միջնակարգ դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանի նախաձեռնությամբ հանդիսավոր ձեռնարկով նշվեց Հովհաննես Թումանյանի 155-ամյակը։
Առավոտյան Երևանի թիվ 135 դպրոցի երեխաները և ուսուցիչները իրենց տնօրենի, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Գարգեին Ներսիսյանի եւ միության անդամների հետ հարգանքի տուրք մատուցեցին Թումանյանին՝ ծաղիկներ խոնհարելով նրա հուշարձանին եւ ասմունքելով Մեծ Լոռեցու բանաստեղծությունները։



Այնուհետեւ Երևանի թիվ 135 դպրոցում երկու շատ արժանահիշատակ միջոցառում տեղի ունեցավ․․Նախ տեղի օրվա հոբելյանին էր միացել բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սերգո Երիցյանի կողմից խմբագրված ազգային բարերար Գալուստ Գյուլբենկյանի Ճանապարհորդական հուշերի հայերեն թարգմանության՝ «Անդրկովկասը եւ Ապշերոնյան թերակղզին» գրքի շնորհանդեսը։ (Տես Օրեր ամսագրում՝ Գալուստ Գյուլբենկյանի ճամփորդական հուշերի գիրքը 130 տարի անց լույս է տեսել հայերեն – Orer)։ Պետք է արժանին մատուցել «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, դոկտոր Սերգո Երիցյանին, որ անցյալ տարի կարողացավ կազմակերպել եւ 130 տարի անց հայ ընթերցողի դատին հանձնել այս խիստ ուշագրավ եւ ուսանելի գիրքը, որը նաեւ մաս է կազմում հայ ժողովրդի մեծանուն բարերար եւ գործարար Գալուստ Գյուլբենկյանի գրական ժառանգության։



Օրվա բանախոսներ Թեքեյան մշակութային միության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը և բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Կառլեն Մատինյանը կարևորեցին գրքի լույս ընծայումը հատկապես ժամանակակից մարտահրավերների տեսանկյունից, ընգծվեց բարերարի,հայի կերպարը մատաղ սերնդի ոգեշնչման դաստիարակության տեսանկյունից։ Գալուստ Գյուլբենկյանի կյանքը և գործունեությունը ներկայացվեց նաև դպրոցի սաների կողմից։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ Լոռվա Ձոր հայրենակցական միության նախագահ Գարեգին Ներսեսյանը։




Հետաքրքիր է, որ ե՛ւ Թումանյանը, ե՛ւ Գյուլբենկյանը ծնվել են նույն՝ 1869 թվականին, մեկ ամսվա տարբերությամբ։
Գրքի արժանաիքներին է անդրադարձել նաեւ Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրելով.« 130 տարի անց Սերգո Երիցյանը հայ ընթերցողի դատին հանձնեց ուշագրավ, ուսանելի և հետաքրքիր գիրքը, որով փորձեց հայ ժողովրդի մեծանուն բարերար և գործարար Գալուստ Գյուլբենկյանին ներկայացնել այլ դիտանկյունից, նրա գրական ժառանգությունը հասանելի դարձնել լայն հանրությանը։

Սերգո Երիցյանն առաջաբանում նշել է, որ Գյուլբենկյանն իր ճամփորդությունը Անդրկովկաս սկսել է 1888 թվականի աշնանը, որպեսզի սեպտեմբերի 29-30-ին լինի Թիֆլիսում, ուր պետք է ժամաներ Ալեքսանդր 3-րդ ցարը։ Ապա տարբեր վայրերում կանգառներով նա ճամփորդում է մինչեւ Բաքու եւ ապա վերադառնում է Պոլիս։ «Հեղինակն իր շարադրանքի 13 գլուխներից յուրաքանչյուրում ոչ միայն առանձին ամբողջական պատմություններ է ներկայացնում , այլև ինչ տեսել է ճանապարհորդ Գալուստ Գյուլբենկյանը, ինչ նախապես կարդացել է և տաբեր աղբյուրներից տեղեկացել տարածաշրջանի պատմությանն ու մարդկանց։ Հետաքրքիր են հատկապես Բաքվի հանքերի մասին իր գնահատականներն ու կանխատեսումները։ Այս ճամփորդությունը նաև ճակատագրական նշանակություն է ունենում Գյուլբենկյանի համար, և նա իր կապերն օգտագործելով, դառնում է ժամանակի նավթարդյունաբերության կարևոր դեմքերից մեկը»։Պարոն Երիցյան, Ձեր ընտանիքն արժանիորեն շարունակում է Ձեր գործը։ Ձեր ներկայությունը միշտ կա և կլինի….»։
Նշենք նաեւ, որ նույն դպրոցում կազմակերպվել էր նաեւ հայտնի հեռուստառեժիսոր Էդուարդ Տեր֊ Սահակյանի կոլաժների հրաշալի ցուցահանդեսը, որն իսկական բացահայտում էր ներկաների համար։
orer.eu
Լուսանկարները՝ Էդուարդ Տեր-Սահակյանի






