
Այսօր լրանում է հայ ժողովրդի մեծանուն զավակներից մեկի՝ հայտնի բարերար եւ գործարար Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 154-րդ տարեդարձը։
Նա ծնվել է 1869 թ. մարտի 23ին Ստամբուլում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Լոնդոնի Թագավորական քոլեջում, ապա նշանակվել է Լոնդոնում Օսմանյան Կայսրության առեւտրային ներկայացուցիչ։ Հետագայում տեղափոխվել է Փարիզ՝ դառնալով Պարսկաստանի առեւտրի ներկայացուցիչ։ Հայտնի է, որ նա լավագույնս ուսումնասիրել էր նավթարդյունաբերությունը եւ երիտասարդ տարիքում դարձել ժամանակի ամենահարուստ գործարարներից մեկը։ 1942 թվականից նա հաստատվել էր Լիսաբոնում եւ ստեղծել իր անունով հիմնադրամ, որը պետք է նպաստեր գիտական հետազոտություններին, կրթությանը, հայկական մշակույթի եւ արվեստի զարգացմանը, ինչպես նաեւ իր արվեստի գործերի պահպանության եւ ցուցադրության համար բացվում է մշտական գործող թանգարան։
Մինչեւ այժմ լայն հասարակությանը հայտնի են եղել Գյուլբենկյանի կատարած մարդասիրական, կրթական ծրագրերը։ Բայց շատ քչերին է հայտնի, որ նա հիանալի հուշագիր էր, եւ 1891 թվականին Փարիզում ֆրանսերենով հրատարակել է «Անդրկովկասը եւ Ապշերոնյան թերակղզին» ճամփորդական հուշերը, որը Գյուլբենկյան անհատին բացահայտում է ոչ միայն իբրեւ ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկը, այլեւ իբրեւ հիանալի գրող, պատմաբան եւ նավթարդյունաբերության գիտակ։ Գիրքը կարդացվում է մեկ շնչով՝ բազմազան տեղեկություններ փոխանցելով ընթերցողին ոչ միայն հեղինակի անձնական տպավորությունների մասին, այլեւ տարածաշրջանի քաղաքական, տնտեսական ու ժողովրդագրական փոփոխությունների մասին։

Եվ ահա, անցյալ տարի՝ 2022 թվականին «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանի նախաձեռնությամբ «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը լույս ընծայեց Գյուլբենկյանի «Անդրկովկասը եւ Ապշերոնյան թերակղզին» ճամփորդական հուշերի հայերեն թարգմանությունը՝ ծանոթագրություններով ու արխիվային լուսանկարներով։
Գիրքը տպագրվել է «Ապավեն» ընկերության աջակցությամբ եւ հիմնադիրներից Արսեն Ղազարյանի նախաբանով։ Գրքի առաջաբանը գրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը՝ անդրադառնալով Գյուլբենկյանի առաջին գրական փորձերին, իսկ ֆրանսերենից թարգմանությունը կատարել է Դոնարա Ղազարյանը, որն էլ անդրադարձել է Գյուլբենկյանի կյանքին ու գործունեությանը։ Լոռեցի գործարար Աշոտ Թունյանն էլ ստանձնել է թարգմանության ծախսերը։ Նաեւ մի հատված է տպագրվել Ջոնաթան Քոնլինի «Պարոն հինգ տոկոս» գրքից, որ հրատարակել է «Էդիտ Պրինտը» 2019 թվականին։
Իր առաջաբանում Սերգո Երիցյանը նշել է, որ Գյուլբենկյանն իր ճամփորդությունը Անդրկովկաս սկսել է 1888 թվականի աշնանը, որպեսզի սեպտեմբերի 29-30-ին լինի Թիֆլիսում, ուր պետք է ժամաներ Ալեքսանդր 3-րդ ցարը։ Ապա տարբեր վայրերում կանգառներով նա ճամփորդում է մինչեւ Բաքու եւ ապա վերադառնում է Պոլիս։ «Հեղինակն իր շարադրանքի 13 գլուխներից յուրաքանչյուրում ոչ միայն առանձին ամբողջական պատմություններ է ներկայացնում , այլեւ ինչ տեսել է ճանապարհորդ Գալուստ Գյուլբենկյանը, ինչ նախապես կարդացել է եւ տաբեր աղբյուրներից տեղեկացել տարածաշրջանի պատմությանն ու մարդկանց։ Հետաքրքիր են հատկապես Բաքվի հանքերի մասին իր գնահատականներն ու կանխատեսումները։ Այս ճամփորդությունը նաեւ ճակատագրական նշանակություն է ունենում Գյուլբենկյանի համար, եւ նա իր կապերն օգտագործելով, դառնում է ժամանակի նավթարդյունաբերության կարեւոր դեմքերից մեկը»։
Գալուստ Գյուլբենկյանն այդ մասին հանգամանալից գրում է իր գրքի առաջաբանում.« Ես նախաձեռնեցի այս ճամփորդությունը դեպի Կովկաս՝ տեսնելու համար այս երկիրը մինչեւ իր վերջնական փոփոխությունների ենթարկվելը, ավելի մոտիկից ճանաչելու պատմության մեջ անջնջելի հետք թողած հերոսական սերունդների կենդանի հետնորդներին, ինչպես նաեւ ուսումնասիրելու արդյունաբերական վերածնունդը, որը ձեւափոխել էր Ապշերոնի այս հետաքրքիր ու զարմանահրաշ թերակղզին»։
Նա հիացել է գեղատեսիլ բնությամբ եւ եւ ամենավառ տպավորություններով վերադարձել Փարիզ՝ ֆրանսիացի ընթերցողին առաջարկելով ճամփորդել իր նշած երկիրը։ Նա անդրադառնում է իր իսկ ասելով Կովկասի երկու հիմնական ժողովուրդների՝ հայերի ու վրացիների պատմության վաղ շրջանին, մեջբերումներ է կատարում իրենից առաջ ճամփորդած հայտնի ճանապարհորդների գրքերից։ Գյուլբենկյանը մանրամասն նկարագրում է իր կանգառներից յուրաքանչյուրը՝ Բաթումին, Քութայիսը, Թիֆլիսը, տալիս վրացիների ու հայերի մասին իր բնութագրումները։ Ի դեպ այդ տարիներին Թիֆլիսում ավելի շատ հայ է ապրել, քան վրացի՝ 40 հազար հայ, 30 հազար վրացի, 18 հազար թաթարներ եւ պարսիկներ, 12 հազար՝ այլ ազգեր։ Նա նաեւ մեջբերում է տարբեր օտար հեղինակների բնորոշումները՝ «Թիֆլիսի հայերի մասին խոսում են ե՛ւ լավ, ե՛ւ վատ։ Օրինակ՝ բարոն Տիելմանը նրանց կոչում էր « կովկասյան առեւտրի արքաներ», իսկ լորդ Բեկոնսֆիլդը՝ «Ասիայի հրեաներ»։ Պարոն Դյուլորիեն ֆրանսիական մի ամսագրում հայերին համեմատում է հոլանդացիների հետ՝ գրելով. «Հայերը հոլանդացիների նման եռանդուն են, սակայն աշխատանքում ավելի հանդարտ ու զուսպ են, իրենց նպատակին հասնելու համար դրսեւորում են միեւնույն համառությունն ու հաստատակամությունը, որքան էլ որ աննշան թվա, խուսափում են արտաքին փայլից եւ ուշադրության կենտրոնում լինելուց։ Հայտնի է, որ լորդ Բայրոնը մի փոքր միամիտ անկեղծությամբ գրել է. «Հայի որակները սեփական առաքինության արդյունք են, իսկ արատները ձեռք են բերվել այլոց հետ շփումների հետեւանքով»։
Չայած որ, շատերը համակարծիք չեն այս բնութագրմանը, այնունամենայնիվ, կարելի է այն պաշտպանել, քանի որ եթե հայի որակները հատկանշական են այս ազգին, ապա թերությունները, միայն նրան չեն բնորոշ, դրանք հատուկ են բոլոր ժողովուրդներին՝ նույնքան արգահատելի ու պարսավելի, բայց ոչ երբեք հային բնութագրող։ «Երբեք նրանք թույլ չեն տա ռուսացնել իրենց, ,-ասել է ֆրանսիացի պատմաբան եւ աշխարհագրագետ Էլիզե Ռեքլյուն,- Ռուսաստանում նրանք զգալի հեղինակություն են վայելում՝ շնորհիվ իրենց լեզուների իմացության, ճարպկության, հաճախ նաեւ իրենց հետաքրքրասիրության եւ վարչարարական ակնհայտ տաղանդի։ Պետերբուրգում հայերը նույն դերն են խաղում, ինչ հնարամիտ իտալացիները՝ Ֆրանսիայում։ Նույնիսկ Անդրկովկասում նրանք աստիճանաբար սկսում են կարեւոր պաշտոններ զբաղեցնել»։
Գրքի հետաքրքիր բաժիններից մեկը նվիրված է գորգագործությանը. ամենայն մանրամասնությամբ Գյուլբենկյանը պատմում է, թե ինչ գործիքներով են հյուսում գորգերը, ինչ թելերով, ինչպիսի ներկանյութերով, որքան գորգ են տարեկան արտահանում եւ այլն։ Ուշագրավ են նաեւ Բաքվում կատարած նրա դիտարկումները նավթարդյունաբերության պատմության մասին, նավթի տարբեր որակների, դրա արդյունահանման մեթոդների, շուկայում իշխող ընկերությունների ու նավթի արտահանման ձեւերի ու ճանապարհների մասին։
Այս գիրքը լոկ ճամփորդական նոթերի հիման վրա գրված պատմություն չէ։ Հեղինակը նախապես ուսումնասիրել է Անդրկովկասի պատմությունն ու աշխարհագրությունը, այնտեղ ապրող ազգերի ավանդույթները, հարաբերությունները, եւ ներկայացրել է ժամանակին հայտնի դարձած հանրագիտարանային տվյալներ, որոնք լուրջ հիմք կարղ են հանդիսանալ տարբեր ուսումնասիրությունների համար։
Պետք է արժանին մատուցել «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, դոկտոր Սերգո Երիցյանին, որ կարողացավ կազմակերպել եւ 130 տարի անց հայ ընթերցողի դատին հանձնել այս խիստ ուշագրավ եւ ուսանելի գիրքը, որը նաեւ մաս է կազմում հայ ժողովրդի մեծանուն բարերար եւ գործարար Գալուստ Գյուլբենկյանի գրական ժառանգության։
Հ.Ասատրյան
Պրահա