
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ-ն։
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող առաջնության 87 կգ քաշայինների պայքարում Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (105+122) կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Հայ մարզուհին պոկում վարժությունում ևս նվաճել է փոքր բրոնզե մեդալը, իսկ հրում վարժությունում բավարարվել է 5-րդ տեղով:
36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը հրում վարժության իր վերջին մոտեցումից հետո հանել է մարզակոշիկները, համբուրել ծանրաձողն ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ ակնարկելով կարիերան ավարտելու մասին։
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 227 կգ (103+124) արդյունքով երկամարտում ցույց է տվել չորրորդ արդյունքը։

oorer.eu