«Հայաստանը պաշտոնապես միացել է Հաագայի միջազգային քրեական դատարանին՝ համալրելով ՄՔԴ-ի վճիռներով կառավարվող երկրների շարքը»,- գրել է այսօրվա չեխական ՊՐԱՎՈ պարբերականը՝ օգտվելով Հայաստանի դատական մարմնի ներկայացուցչի այդ մասին հայտարարած տվյալներից։ Հոդվածի հեղինակ Եվա Տուրեչկովայի հավաստմամբ. «Դատարանի իրավասությունն ընդունելու Երևանի որոշումը, որով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանքի հրաման էր արձակվել որոշ ժամանակ առաջ, արդեն արժանացել է Մոսկվայի քննադատությանը։ Եթե Պուտինը այսուհետ այցելի Հայաստան, ըստ որոշման, պետք է ձերբակալվի ու հանձնվի Հաագայի դատարանին»։
Հոդվածում ընդգծվում է . «Փետրվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ՄՔԴ Հռոմի ստատուտը։ ՄՔԴ-ին միանալը հնարավորություն է տալիս Հայաստանին կանխել ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները իր հողում»,- AFP-ին հայտնել է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրոկոսյանը, ում խոսքով դա առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքի շուրջ հակամարտության խնդրում։
Օրաթերթը նշել է, որ միջազգային դատարանի իրավասությունն ընդունելու որոշումը Հայաստանի միապալատ խորհրդարանի անդամները կայացրել են դեռ հոկտեմբերին, ինչն այդ ժամանակ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անվանել է «ծայրահեղ թշնամական» քայլ:
«Հիշեցնենք, որ ՄՔԴ-ն անցյալ տարի ՌԴ նախագահ Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային հրաման է տվել՝ ուկրաինացի երեխաներին անօրինաբար Ռուսաստան արտաքսելու առնչությամբ»,- ընդգծել է Տուրեչկովան՝ ավելացնելով, որ Մոսկվան չի ճանաչում Հաագայի տրիբունալը և մերժել է մեղադրանքները՝ միաժամանակ քննադատելով նաև ՄՔԴ-ին միանալու Հայաստանի որոշումը։
«Երևանը պնդում է, որ այդ քայլն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Ավելի ստույգ նա այդ քայլին գնացել է հենց հարևան Ադրբեջանի պատճառով»,- շեշտել է հեղինակը՝ հոդվածն ամփոփելով հետևյալ վերջաբանով.
«Հայաստանի հզոր և ավելի լավ զինված այս հարևանը վերջերս արագ ռազմական հաղթանակ գրանցեց՝ ավարտին հասցնելով երկար տարիների հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, որը բնակեցված էր հայերով։ Անկախ Ղարաբաղի վախճանի հարցում Երևանը մեղադրել է Ռուսաստանին՝ իրեն օգնություն չցուցաբերելու առումով՝ չնայած, որ համարվում է իր դաշնակիցը։ Մոսկվան մերժել է մեղադրանքը»։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա