
Իտալիայի Տրիեստե քաղաքում անցկացվող միջազգային կինոփառատոնում երիտասարդ կինոբեմադրիչ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը արժանացել է Լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին։
Մրցանակն ստացել է ֆիլմի հեղինակը՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ մրցանակի համար։ Նա նաեւ անդրադարձել է 44օրյա պատերազմին, Արցախին, հայերի էթնիկ զտմանը, այլ պատերազմներին, նշելով, որ բացի իր հոգում ամբարված ցավից՝ եղբոր կորստից, մտածել է աղոթել նաեւ նաեւ ապրողների մասին, նրանց խաղաղության, սիրո ու ազատույթան համար։
Շողակաթի ֆիլմը 44-օրյա պատերազմում զոհված իր եղբոր՝ Սողոմոնի մասին է եւ թե ինչպես է նա որոնում զոհված եղբորը։ «1489»ը եղբոր մասունքների համարն է։
Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերին վավերագրական կինոյի ամենահեղինակավոր կինոփառատոներից մեկը՝ Ամստերդամի միջազգային փաստավավերագրական փառատոնը (IDFA) «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող էր ճանաչել կինոռեժիսոր ՇՈՂԱԿԱԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, 44-օրյա պատերազմի անձնական ողբերգությունից ծնված «1489» դեբյուտային ֆիլմը և շնորհել գլխավոր մրցանակը: Ֆիլմը նաեւ արժանացել էր կինոքննադատների՝ FIPRESCI-ի մրցանակին: Այս մասին հայտնում է Հայաստանի Կինոգործիչների միությունը եւ շնորհավորում երիտասարդ ռեժիսորին։
«Սա աննախադեպ հաջողություն է հայ կինոյի պատմության մեջ, որը ռեժիսորի՝ ՇՈՂԱԿԱԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ համար կյանքի պատմություն է, տառապանքի պատմություն, իրական ապրածի ու իրական զգացածի պատմություն, որը մեծագույն ջանքով, մարդկային մեծագույն կամքով վերածվել է կինոյի, որին փառատոնի ժյուրին արձագանքել է այս կերպ. «Ֆիլմ, որը հանդես է գալիս որպես թափանցող լույս, որը տեսանելի է դարձնում հսկայական վշտի թաքնված ներքին լանդշաֆտը և ստեղծում է շոշափելի ներկայություն անտանելի բացակայությունից: Կինոն որպես գոյատևման գործիք՝ թույլ է տալիս բոլորիս տեսնել այն, ինչ մենք նախընտրում ենք չտեսնել: Եվ, ի վերջո, այն կինոյի անմոռանալի օրինակ է՝ որպես սիրո ակտ»:
Կրկին շնորհավորում ենք ՇՈՂԱԿԱԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հերթական հաղթանակի համար և մաղթում, որ նրա նոր կինոն այսուհետ շարունակի նույն հաղթական ճանապարհը, բայց լինի նրա նոր պրպտումների, նոր որոնումների արդյունքը և ոչ անձնական ապրումի և միանում ենք բոլոր շնորհավորանքներին:
orer.eu