Սուրբ  Ծննդյան նախօրեին Չեխիայում սուգ էր. Երկու օրում 38 միլիոն կրոն է հանգանակվել զոհերի ընտանիքների օգնության համար

  • 23.12.2023
  • 0
  • 177 Views

Հինգշաբթի  օրը Պրահայի փիլիսոփայության ֆակուլտետում տեղի ունեցած ողբերգական հրաձգության զոհերի հիշատակը հարգելու նպատակով դեկտեմբերի 23-ը ողջ Չեխիայի տարածքում հայտարարված էր սգո օր։ Առավոտյան Սուրբ Վիտի, Վոզտեխի եւ Վացլավի  տաճարում կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված Չարի զոհերի հիշատակին։ Պատարագը  մատուցեց Պրահայի արքեպիսկոպոս  Յան Գրաուբները, որին ներկա էին  երկրի նախագահ  Պետր Պավելը, խորհրդարանի երկու պալատների նախագահները, երկրի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, դասախոսներ, ուսանողներ և հասարակության ներկայացուցյիչներ:

Իր քարոզում արքեպիսկոպոսը նշեց, որ այսօր բոլորն են շոկի մեջ, ցավակցեց զոհերի հարազատներին,  եւ աղոթեց զոհերի հոգիների հանգստության համար։ Նա նշեց, որ չարը գոյություն ունի եւ պետք չէ աչք փակել եւ չպայքարել չարի դեմ։ Նա հույս հայտնեց, որ սերը կհաղթի չարին։

Այնուհետեւ Սուրբ գրքից հատվածներ կարդացին փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Եվա Հալաչկովան, զինվորական հոգեւորական Վլադիմիրը եւ ուսանողները, իսկ վերջում՝ Կարլի համալսարանի ռեկտոր Միլենա Կրալիչկովան։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Հալաչկովային, որն իր օպերատիվ գործողություններով կանխել է ավելի մեծ թվով զոհերի։

Ժամը 12ին  թե՛ Վիտի տաճարում պատարագի մասնակիցները, եւ թե՛ ողջ Չեխիայի տարածքում  մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։  Պատարագներ անցկացվեցին նաեւ այլ քաղաքներում։  Մարդիկ ծաղիկներ էին բերում եւ մոմեր վառում Կարլի համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց, ինչպես նաեւ փիլիսոփայության ֆակուլտետի շուրջբոլորը։

Երեկ հոգեհանգստյան պատարագ էր մատուցվել նաեւ Սուրբ Սալվադորի եկեղեցում՝ աստվածաբան, փիլիսոփայության ֆակուլտետի դասախոս եւ հոգեւորական, պրոֆեսոր Հալեկի կողմից։

 Սուրբ Ծննդյան հանգստյան օրերին մշակութային բոլոր միջոցառումները չեղյալ են հայտարարվել կամ փոփոխվել։ Համերգները սկսվել են  մեկ րոպե լռությամբ՝ ի նշան ողբերգության զոհերի նկատմամբ հարգանքի:

Պրահայի Սուրբ Ծննդյան շուկաները կմնան բաց, բայց  առանց բարձր երաժշտության:

Այսօր հայտնի դարձավ , որ զոհերի եւ վիրավորների ընտանիքների օգնության հաշվեհամարին արդեն փոխանցվել է մոտ 38 միլիոն չեխական կրոն, որից 5 միլիոնը փոխանցել է Պրահայի քաղաքապետարանը։

Անցած օրերին ոստիկանության ղեկավարությունը մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասն ներկայացրեց զինված ահաբեկիչի վնասազերծման հատուկ գործողության մանրամասները։ Ոստիկանության ղեկավարը հայտնեց, որ եթե ահազանգը ստանալուց 4-5 րոպե անց  հատուկ ջոկատայինները չհասնեին  Պալախի հրապարակի վրա գտնվող ֆակուլտետի այդ մասնաշենքը, ապա զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ։ Ոստիկանները շենքում հայտնաբերել են  զինյալ մարդասպանի կողմից թաքցրած այլ զենք ու զինամթերք։

Ոստիկանության քննչական բաժինը գրեթե համոզված է, որ մի շաբաթ առաջ Կլանովիցեի անտառում երկու ամսական աղջնակի եւ նրա հոր սպանությունը կատարել է նույն անձը։

Լենկա Հլավկովա

Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում զինված հարձակման զոհ է դարձել նաեւ երաժշտագիտության բաժնի ղեկավար Լենկա Հլավկովան։ Ֆակուլտետի ղեկավարությունը , ինչպես նաեւ Պրահայի գարուն միջազգային երաժշտական փառատոնի ղեկավարությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ցավակցել են զոհվածի հարազատներին։ Զոհերի թվում է նաեւ Լիդովե Նովինի թերթի սրբագրիչը, որը սովրում էր նաեւ փիլիսոփայության ֆակուլտետի խուլերի ու համրերի լեզվի ոււսուցման բաժնի առաջին կուրսում։ ։

Պրահայի քաղաքապետարանը եւ ոստիկանությունը բացել են թեժ գիծ՝  974 823 158, որը գործելու է անվճար։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում