Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդը հանդիպել է Արցախի նախագահի հետ

  • 20.12.2023
  • 0
  • 201 Views

Դեկտեմբերի 19-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ և Բալկանյան երկրներում Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը  հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։

Հանդիպմանը ներկա էին նաև Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Արցախի Հանրապետության պետնախարար Արթուր Հարությունյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված արցախահայության սոցիալ-տնտեսական վիճակը և այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության խնդիրները: Սրբազան Հայրը նշեց, որ անցյալ ամիս Բուխարեստում Ռումինիայի Կրոնից նախարարության և Ռումանիոյ հայոց թեմի նախաձեռնությամբ կայացել էր ժողով-քննարկում՝ նվիրված Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանությանը և արցախահայերի առջև ծառացած հումանիտար ծանր իրավիճակին։ Տաթև Սրբազանի հրավերով ժողովին մասնակցել էին Արցախի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն հոգշ․ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, քրիստոնեական մի շարք եկեղեցիների բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք իրենց աջակությունն էին հայտնել արցախահայությանը և պատրաստակամություն մասնակցելու սոցիալական տարբեր նախաձեռնությունների։

Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրն իր խորը մտահոգությունը հայտնեց Արցախի պետական կառույցների գոյության վտանգման առիթով և կարևորեց պետական կառույցների, օրենսդիր և գործադիր մարմինների գործունեության շարունակականությունը՝ որպես ստեղծված ծանր իրավիճակում համայն արցախահայությանը միավորող ուժ: Նշվեց, որ Սփյուռքի հայության տեսլականը ևս Հայաստանում Արցախի պետական կառույցների գործունեության շարունակումն է, որը հեռանկար և հնարավորություն կարող է տալ դեպի Արցախ վերադարձի համար։

Կարևորվեց, որ Արցախին հուզող հարցերին և հատկապես մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված գիտաժողովներ պետք է անցկացվեն այլ երկրներում ևս, որոնք նշանակալից քայլ կլինեն վտանգված հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու և դրանց պահպանության ուղղված անհապաղ միջոցներ ձեռնարկելու գործում:

Հանդիպման ավարտին Տաթև Սրբազանը վերահաստատեց առկա խնդրիների լուծմանը նպաստելու իր պատրաստակամությունը:

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում