Դեկտեմբերի 9-10-ը չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքում անցկացվեց Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBF վարկածով Եվրոպայի գոտու մրցաշար, որին մասնակցում էր Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը։ Մրցաշարում տեղի է ունեցել 21 մենամարտ եւ վերջին մենամարտում 69կգ քաշային կարգում հանդես է եկել մեր հայրենակիցը։
Յուրիի մրցակիցն էր ազգությամբ մոնղոլ Բազարգուր Յուդգերը, որի հետ անցկացրած տասը մարտահերթերի արդյունքում հայ բռնցքամարտիկը հաղթեց եւ հռչակվեց WBF վարկածով եվրոպայի չեմպիոն։
ՕՐԵՐ ամսագրի այն հարցին, թե ինչպես անցավ մենամարտը, որքանո՞վ էր այն ծանր, 28- ամյա Յուրի Սաքունցը պատասխանեց.«Մինչեւ երրորդ ռաունդ (մարտահերթ) շատ լավ էր ընթացքը, բայց պետք է անկեղծորեն ասեմ, որ իմ կարողություններն ամբողջությամբ չկարողացա օգտագործել, քանի որ 5րդ ռաունդից թեթեւ վնասվածք ստացա, որն ըստ էության իմ նախկին վնասվածքը վերկանգնեց, եւ ես ստիպված վեցերորդ ռաունդից աշխատեցի ուժերիս կիսով չափ միայն։ Կամքի դրսեւորումն օգնեց, որպեսզի մինչեւ վերջ շարունակեմ։ Իրոք, դժվար մենամարտ ստացվեց։ Պրոֆեսիոնալ ռինգում սա իմ հինգերորդ մենամարտն էր ու կարելի է ասել՝ ամենադժվարը»։
Նշենք, որ Յուրիի հետ Հայաստանից ժամանել էին նրա մարզիչները՝ Արթուր Գալստյանն ու Սարգիս Մկրտչյանը, իսկ մրցաշարի ընթացքում նրան աջակցում էին նաեւ չեխահայ համայնքի ներկայացուցիչները։
«Ես շնորհակալ եմ թե՛ իմ մարզիչներից, եւ թե՛ այն բոլոր աջակիցներից, որոնց շնորհիվ ես հասա այս մրցաշարին եւ հաղթեցի։ Նույնիսկ ամենափոքր ներդրման եւ աջակցության համար, ես շնորհակալ եմ մեր հայությունից»,- ասաց Յուրին ՕՐԵՐի հետ զրույցում։
Ապագայի ծրագրերի մասին խոսելիս, Յուրին նշում է, որ կմասնակցի նոր մրցաշարարի, բայց նաեւ ցանկություն ունի սահմանելու նոր համաշխարհային ռեկորդ, այս անգամ նպատակ ունի ատամներով ուղղաթիռ քաշել, եթե, իհարկե, լինեն հովանավորներ։
Հիշեցնենք, որ Յուրի Սաքունցը Գինեսի ռեկորդակիր է, ուժային մենամարտի աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն։
Յուրի Սաքունցը ծնվել և մեծացել է ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Նա դեռ երիտասարդ տարիքում սկսել է որպես հոբբի ծանր առարկաներ քաշել՝ զուտ սեփական ներուժը ստուգելու համար: 2022 թվականի սեպտեմբերին Սաքունցը Երեւանում նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ հարթ մակերևույթի վրա 10 մետր գծային հեռավորության վրա քաշելով երկու հրշեջ մեքենա՝ 40 տոննա և 1 զբոսաշրջային ավտոբուս՝ 14 տոննա քաշով։
Յուրին բացի պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելուց, դասավանդում է նաեւ Հայաստանի Ճգնաժամային կառավարման ակադեմիայում։
Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաթում նոր հաղթանակներ։
Հ. Ա.
ՕՐԵՐ եվրոպական ամսագիր
Պրահա
orer.eu