Եթե հարց տանք, թե Հայաստան պետությունը կառավարման ո՞ր մոդելին է հետեւում, շատերը հավանաբար պիտի դժվարանան համոզիչ բնորոշում տալ: Ոմանք, թերեւս, պիտի պնդեն, որ մեր երկիրը կառավարվում է վարչապետական սկզբունքով, նկատի ունենալով գործող վարչապետի անսահման, անհակակշիռ եւ անհավասարակշիռ ղեկավարումը: Ուրիշներ, թերեւս, ավելի մակերեսային մոտեցումով, պնդեն նույնը՝ այս անգամ հենվելով այն փաստի վրա, որ մինչեւ 2015-ը, այսինքն՝ մինչեւ Սահմանադրական «բարեփոխումները», երկիրը համարվում էր «նախագահական» մոդելին հետեւող, մինչդեռ այնուհետեւ դարձավ «վարչապետական», որտեղ երկրի գլուխը վարչապետն է: Կլինեն նաեւ ուրիշներ, որոնք երկրի ղեկավարման ձեւը կբնորոշեն իբրեւ խորհրդարանական-պառլամենտական՝ ելնելով այն սկզբունքից, որ, համաձայն գործող Սահմանադրության, խորհրդարանն է ընտրում թե՛ վարչապետին, թե՛ նախագահին եւ, հետեւաբար, իշխանության աղբյուրը հենց խորհրդարանն է, այսինքն… ժողովուրդը:
Իսկ եթե լրացուցիչ հարց տանք, թե այդ ի՞նչպես է պատահում, որ համապետական քվեարկությունների արդյունքում եւ ժողովրդի կամքով խորհրդարանում մեծամասնություն կազմած եւ իր հերթին վարչապետ ու նախագահ ընտրած մարմինը, ներկա պարագայում՝ ՔՊ կուսակցությունը, դառնում է իր ընտրած ու ծնած պաշտոնյայի կամակատարը, առանց հակակշիռ որեւէ լծակ պահելու իր ձեռքին (գոնե վերջին 5 տարիներին չարձանագրվեց մի դեպք, որ օրենսդիրը վետո դնի գործադիրի օրինագծերին ու որոշումներին), ապա այդ անձը վստահաբար գլխապտույտ կունենա:
Մինչեւ վերջերս, երբ սկսեցի ծանոթանալ անգլո-սաքսոնական պառլամենտարիզմի պատմությանը, սկսյալ 1295 թ.ից, եւ այնուհետեւ դրա զարգացման դրվագներին եւ այլ երկրներում անգլիական այդ մոդելի տարբեր կիրառություններին՝ Ֆրանսիայում, Հոլանդիայում եւ Սկանդինավյան երկրներում ու Բելգիայում (ի դեպ՝ միայն վերջիններում է այն աշխատել գրեթե անխաթար), սակայն չգտա մերինի նմանը, որը մնաց անմրցակից, մինչեւ որ ընթերցումս հասավ Գերմանիային, որը Առաջին աշխարհամարտի ավարտին որդեգրեց անգլիական պրոտոտիպը, կիրառեց այն շուրջ երկու տասնամյակ, ապա Բունդեսթագում մանր ֆրակցիաների առատությունից գոյացած կոլապսը փոխարինեց… Նացիստական մեծամասնությամբ:
Թե ինչ պատահեց դրանից հետո՝ գիտենք բոլորս:
Անշուշտ նկատի չունեմ նացիստական գաղափարախոսությունը, այլ՝ կառավարման ձե՛ւը, մանավանդ որ մեր խորհրդարանական ճնշող ու ճզմող մեծամասնությունը ընդհանրապես չունի որեւէ գաղափարախոսություն, այլ՝ միայն լոզունգներ, որոնք ըստ օրվա տրամադրության փոխարինում են միմյանց առանց որեւէ արդյունք ու հետք թողնելու:
Անշուշտ նկատի չունեմ նաեւ Նացիստական Գերմանիայի ու նրա առաջնորդի հզորանքը: Այլ՝ միայն ու միայն՝ մեկ մարդու բթամատի տակ ծվարած մեր գույնզգույն մեծամասնությանը, որի համաձուլվածք-շաղախը պահպանվում է անհատական շահերի եւ կաշառքների շնորհիվ: Կաշառք՝ իր տարբեր՝ հնչուն, շարժական, անշարժ եւ այլ ձեւերով, արտահայտություններով ու հրապուրիչ խոստումներով: Ու մտածել, որ այդ՝ այսպես կոչված կուռ համաձուլվածքը, դրա պահապան ուժային կառույցները պահում ենք մենք, շաղախը տրամադրում ենք մենք՝ հարկատուներս, տուգանք վճարողներս, կողոպտվողներս:
Ընթերցմանս ընթացքում հանդիպեցի նաեւ մինչ այդ ինձ անծանոթ մի բնորոշման՝ խորհրդարանական բռնատիրություն (Parliamentarian Dictatorship): Դա իսկը մերն է, անկրկնելին, բացառի՛կը:
Պահպանե՞նք այն:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Ձեւով խորհրդարանական, բովանդակությամբ՝ բռնատիրական – Ազգ (azg.am)