Ռուսական լրտեսական ցանցը Եվրոպայում եւ Կրեմլի տեղեկատվական պատերազմի դեմ պայքարը

  • 02.12.2023
  • 0
  • 194 Views

«Եվրոպան դիմակայում է Կրեմլի տեղեկատվական պատերազմի հետ առճակատմանը» վերնագրով հետաքրքիր վերլուծությամբ է հանդես եկել նոյեմբերի 30-ի չեխական ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ պարբերականը, որի հեղինակը Մոսկվայի թղթակից Յիրժի Յուստն է։

«Փարիզյան տների պատերին պատկերված հրեական վեցթևանի աստղերի հետքերը չեն տանում դեպի Գազա, այլ սկիզբ են առնում Մոսկվայից։ Ռուսաստանը նոր ուղիներ է փնտրում Ֆրանսիայում հասարակությանը պառակտելու համար»,- օրաթերթի հետ հարցազրույցում հայտնել է քաղաքագետ և Վիեննայում Ժողովրդավարական ինտեգրման կենտրոնի ղեկավար՝ Անտոն Շեխովցովը, ով այդ ամենի հետևում գործող ռուսամետ քաղաքական շուկայավարների շարքում ներկայացրել է նաև ազգությամբ հայ մի գաղտնի գործակալի։ Հոդվածին ծանոթացեք ստորև.

«Ինչպես նացիստական ​​«Քրիստալնախտ»-ի ժամանակ, այնպես էլ՝ վերջերս Ֆրանսիայի մայրաքաղաքի շինությունների ֆասադները պատված էին «Դավթի աստղերի» խորհրդանշաններով: Փարիզի քաղաքային ոստիկանության պրեֆեկտ Լորան Նունյեզի խոսքով՝ առնվազն 250 նման յուղաներկ գծապատկերներ են հայտնաբերվել մայրաքաղաքի պատերին։ Միևնույն խորհրդանշանները հայտնվել են նաև Բեռլինում՝ հրեաներով բնակեցված տների դռներին։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա հակասեմիտիզմի ինքնաբուխ պոռթկում է՝ կապված Պաղեստինյան Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժման միջև հակամարտության սրման հետ։ Այնինչ, ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է մոլդովացի մի երիտասարդ զույգի՝ կեսգիշերին «Դավթի աստղերը» պատերի վրա նկարելիս, ովքեր կալանավայրում խոստովանել են, որ լավ վարձատրվող այդ «ժամանակավոր գործը» իրենց առաջարկել է մի անանուն ռուս գործատու»,-գրել է օրաթերթը։

Հոդվածագրի հավաստմամբ, ֆրանսիական Libération թերթը պարզել է, որ գծագրերը մոլդովացիներին պատվիրել է գործարար Անատոլի Պրիզենկոն՝ կապված որոշ ռուսամետ ուժերի հետ։ Այնուհետև, ֆրանսիացի լրագրողներին տված հարցազրույցում, նշյալ անձը տեղեկացրել է, որ խոսքը ոչ թե հակասեմականության, այլ, ընդհակառակը, Իսրայելին աջակցելու վերաբերյալ է՝ վստահեցնելով, իբր գործել է (ըստ երեւույթին գոյություն չունեցող) «Դավթի վահան» կազմակերպության դրդմամբ։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ փարիզյան փողոցների այդ հրեական աստղերի լուսանկարները ռուսական Recent Reliable News (RRN) ապատեղեկատվական ցանցը, բոտերի միջոցով, միտումնավոր տարածել է սոցցանցերում՝ ֆրանսիական հասարակության մեջ ատելություն և լարվածություն սերմանելու նպատակով։

Այս ամառ RRN-ն հայտնվել է Եվրամիության պատժամիջոցների ցանկում՝ տեղեկատվության խեղաթյուրման և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի աջակցության միտումով քարոզչություն տարածելու համար։ «Չէի ասի, որ կոնկրետ այս գործողությամբ Ռուսաստանը փորձում է ապակայունացնել ամբողջ Եվրոպան։ Սակայն Ֆրանսիայում ձգտում են նոր ուղիներ ստեղծել՝ տեղի հասարակությանը պառակտելու և երկրում քաղաքական ու սոցիալական իրավիճակը ապակայունացնելու համար»,- ԼՆ-ին հայտնել է ծայրահեղականության փորձագետ Անտոն Շեխովցովը, ով նաև Եվրոպայում ժողովրդավարության վրա ավտորիտար ռեժիմների ազդեցության հետազոտություններով զբաղվող Վիեննայի Ժողովրդավարական ինտեգրման կենտրոնի ղեկավարն է։

Հոդվածում «Կրեմլի քաղաքական մարքեթոլոգները» ենթավերնագրի ներքո, հիմնվելով փորձագետի կարծիքին, օրաթերթը եկել է այն եզրահանգմանը, որ դա ավելի շուտ քաղաքական շուկայավարների գործն է, քան ուղղակիորեն ռուսական հետախուզական ծառայությունների։ «Դրա հետևում կարող են կանգնած լինել Recent Reliable News ցանցի հետ կապված մարդիկ կամ այնպիսի փորձառուներ, ովքեր պատասխանատու են Ֆրանսիայում ապատեղեկատվության քարոզարշավի համար, որի ընթացքում, ռուսական քարոզչության տարածման մեջ, կիրառվել են հայտնի լրատվական սերվերների կայքերի հավաստի պատճենները»,- ընդգծել է փորձագետ Շեխովցովը՝ ավելացնելով, որ այդ մասնագետները կատարում են Կրեմլից կամ գաղտնի ծառայություններից ստացված առաջադրանքներ։

«Ռուսաստանում քաղաքական մարքեթոլոգներն այն մարդիկ են, ովքեր զբաղվում են տարբեր քաղաքական նախագծերի, այդ թվում տեղեկատվական արշավների իրագործման աջակցությամբ։ Նրանք, ընդհակառակը, ապատեղեկատվության, վարկաբեկող նյութերի կամ կոմպրոմատների միջոցով կարող են ազդել նույնիսկ կոնկրետ քաղաքական գործիչների ժողովրդականության նվազեցմանը։ Այլկերպ ասած՝ գործ ունենք այնպիսի անձանց հետ, ովքեր հաճախ անազնիվ մեթոդներով փորձում են ազդեցություն գործել քաղաքական գործընթացների վրա»,- բնութագրել է քաղաքագետը՝ զգուշացնելով անգամ Ռուսաստանի սահմաններից դուրս որոշ քաղաքական մարքեթոլոգների ազդեցիկ գործունեության մասին։ «Նրանք փորձառու կերպով գործունեություն են ծավալում ոչ միայն ռուսական, այլև եվրոպական տեղեկատվական դաշտում։ Այդ առումով էլ նրանց վարձում են Եվրոպայի տարածքում տեղեկատվական պատերազմ վարելու համար»,- ավելացրել է Շեխովցովը։

Օրաթերթի ներկայացմամբ, այս տարվա փետրվարին բացահայտվել է Եվրոպայում տեղեկատվական արշավներին մասնակցող ռուս քաղաքական շուկայավարներից մեկի անունը։ «Նախկինում գաղտնազերծված էլեկտրոնային նամակներից պարզվել է, որ Ռուսաստանի ժամանակակից քաղաքականության միջազգային գործակալության ղեկավար Սարգիս Միրզախանյանը առնվազն յոթ տարի առաջ ստեղծել է Ռուսաստանին հավատարիմ եվրոպացի քաղաքական գործիչների, լրագրողների և ակտիվիստների ցանց։ Ըստ հասանելի տեղեկությունների, խոսքը լայնածավալ ազդեցության մասին էր։ Միրզախանյանի ցանցից մարդիկ պետք է ռուսամետ տեքստեր հրապարակեին եվրոպական լրատվամիջոցներում։ Ենթադրաբար պետք է առաջ քաշեին ԵՄ պատժամիջոցների վերացման հարցը՝ Ռուսաստանի կողմից ուկրաինական Ղրիմ թերակղզու բռնակցումից հետո։ Որպես այսպես կոչված դիտորդներ, ոմանք նույնիսկ մասնակցել են ընտրություններին Ռուսաստանում, կամ որպես «պաշտոնական ներկայացուցիչներ» մեկնել են Ղրիմ։ Եվ այդ ամենը՝ մի քանի հազար եվրոյի սահմաններում հոնորարի դիմաց»,- գրել է թղթակից Յիրժի Յուստը հոդվածում։Օրաթերթից տեղեկանում ենք, որ հետաքննական լրագրությամբ զբաղվող «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ» (Organized Crime and Corruption Reporting Project) միջազգային կազմակերպության ենթադրմամբ, նշյալ ցանցում պետք է ընդգրկված լիներ նաև Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր, հանգուցյալ Յարոմիր Կոհլիչեկը՝ (KSČM կուսակցությունից)։

«Ռուսաստանի բարեկամների թունավոր հարաբերությունները» ենթավերնագրով պարբերության եզրափակիչ հատվածում, օգտվելով փորձագետ Շեխովցովի վերլուծություններից, ԼՆ պարբերականը նշում է, որ անցյալ տարի Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա որոշակիորեն ազդել է Ռուսաստանի եվրոպացի «բարեկամների» հարաբերությունների վրա՝ այդ առումով մատնանշելով «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը (AfD) և Ֆրանսիայի խորհրդարանի «Ազգային ասոցիացիայի» ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Մարին Լը Պենին առնչվող երկու դեպքերը։ «Կարող ենք նկատել, որ անցյալ տարի Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո երկու նշանակալից երևույթ է տեղի ունեցել: Մի կողմից ակտիվացել է ռուսամետ հռետորաբանությունը, ինչը AfD կուսակցության դեպքն է։ Սակայն, միևնույն ժամանակ, Ֆրանսիայի «Ազգային ասոցիացիան»՝ ի դեմս Մարին Լը Պենի, ռուսական ներխուժման առաջին իսկ օրվանից հեռվացել է Ռուսաստանից։ Հավանաբար գիտակցել են, որ շատ թունավոր է Ռուսաստանի հետ հարաբերություններ պահպանելը»,– կարևորել է վերլուծաբանը և ընդգծել հետևյալը. «Դա պայմանավորված է ռուսական ագրեսիայից ի հայտ եկող ցնցումով, բայց նաև այն հանգամանքով, որ ռուսական ներխուժումն Ուկրաինա բոլորովին ժողովրդականություն չի վայելում Եվրոպայում։ Դրան աջակցում են միայն ծայրամասային կուսակցությունները։ Եթե ​​քաղաքական կուսակցությունները հավակնում են իրենց երկրում առաջատար քաղաքական ուժերի պաշտոնին, նրանք չեն կարող աջակցել այն, ինչ հասարակությունը մերժում է։ Ֆրանսիայի «Ազգային ասոցիացիան» մեղադրվում էր Ռուսաստանից գումարներ ընդունելու մեջ։ Թեև, վերջիններս ռուսական վարկատուին մարել են իրենց վարկը, այնուհանդերձ այժմ փորձում են ձևացնել, թե երբեք չեն ունեցել ու հիմա էլ չունեն Ռուսաստանի հետ և ոչ մի կապ։ Այլ կերպ ասած, Մարին Լը Պենի և նրա կուսակցության ներկայիս վարմունքը միանգամայն այլ է, քան անցյալ տարվա Ուկրաինա ներխուժումից առաջ»,Անտոն Շեխովցովի այս վերջաբանով է հոդվածն ամփոփում հեղինակը։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում