Սահակ Պողոսյանի «Խուլի Տունը» ցուցադրության բացումը 2023թ. նոյեմբերի 30-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

  • 28.11.2023
  • 0
  • 428 Views

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է Սահակ Պողոսյանի «Խուլի Տունը» ցուցադրության բացումը 2023թ. նոյեմբերի 30-ին:

2023 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 18:30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում կկայանա Սահակ Պողոսյանի «Խուլի Տունը» ցուցադրության հանդիսավոր բացումը։

Սահակ Պողոսյանի «Խուլի Տունը» ցուցադրությունը կոթողային մի նախագիծ է՝ հարուստ տարաշերտ պատմական, կոնցեպտուալ, վիզուալ և արվեստային նարատիվներով։ Այս «բազմահարկ» նախագծի հիմքերը գտնելու համար պետք է շուրջ երկու հարյուրամյակ հետ գնալ՝ Ֆրացիսկո Գոյայի ժամանակներ, Պաբլո Պիկասոյի հետ բարձրանալ 20-րդ դարի «աստիճաններով» և հայտնվել 21-րդ դարում՝ Սահակ Պողոսյանի «Խուլի Տանը»։

Ի՞նչ է այս «Խուլի Տունը»․ վիզուալ ցիտա՞տ, հղու՞մ, ալյուզիա՞, օմա՞ժ, գուցե որոշ մարդկանց համար անգամ գրագողությու՞ն։ Չէ՞ որ բոլոր այս կտավները «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում Պիկասոյի և Գոյայի աշխատանքներից պարզապես ոգեշնչված չեն, այլ տեղ-տեղ թվացյալ կրկնություններ են կարծես։ Սահակ Պողոսյանի ստեղծած կտավները պոստմոդեռնիստական, անգամ մետամոդեռնիստական բնույթ ունեն, երբ աշխատանքներն առաջացնում են իրական կապ անցյալի հետ, դրա արդիականությունը ներկայում հասկանալու կամ նոր իմաստներ և նարատիվներ առաջարկելու համար:

Արվեստագետը իսպանացի նկարիչների աշխատանքներում կարմիր գծով անցնող ողբերգության, թախիծի, հեգնանքի և հակաուտոպիայի մեջ երևան է հանում հայկական պատմամշակութային իրականության հետ կապը, և արտացոլում է դա ամենաանսպասելի ձևով։ Սահակ Պողոսյանի համար «Խուլի Տունը» մեր իրականությունն է, որտեղ «Խուլը» մարդկությունն է, իսկ «Տունը» մեր մոլորակը։ Այս ցուցադրությունը լսելու, այլ ոչ թե զուտ ականջ դնելու մասին է։

Ցուցադրությունը կգործի հանրության համար Կենտրոնի «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 28-ը։ Մուտքն ազատ է։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009թ. նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում կրթական ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և դասախոսություններ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում