Նոյեմբերի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից Թբիլիսիում կազմակերպվեց տոնական համերգ` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա տարեդարձին։ Միջոցառումը անցավ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հովանու ներքո և մասնակցությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։


Համերգին ներկա են եղել նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վրաստանի պետական մարմինների և խորհրդարանի ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, հասարակական-մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը խոսել է Արամ Խաչատրյանի համաշխարհային համբավի մասին` նշելով վերջինիս դասական դարձած ստեղծագործությունների հեղինակությունը երաժշտագետների և երաժշտասերների շրջանում։
Համերգին հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը` դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ:
Համերգին հաջորդեց պաշտոնական ընդունելությունը։
Նույն օրը, նոյեմբերի 27-ին Թբիլիսիի Դիմիտրի Ուզնաձե 93 հասցեում տեղի ունեցավ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Այս հասցեում 1906-1922 թվականներին ապրել է աշխարհահռչակ կոմպոզիտորը։

Միջոցառմանը մասնակցում էին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն։
Ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և սակրեբուլոյի նախագահ Գ.Տղեմալաձեն։ Իր խոսքում ՀՀ դեսպանն ընդգծեց Թբիլիսիում անցկացրած տարիների ազդեցությունը Խաչատրյան կոմպոզիտորի ձևավորման և կայացման գործում և շնորհակալություն հայտնեց Թբիլիսիի սակրեբուլոյին՝ Վրաստանում ՀՀ դեսպանության և Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությանը աջակցելու համար։
Միջոցառմանը կարճ ելույթով հանդես եկավ Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան համար 10 երաժշտական դպրոցի սան Ալեքս Հակոբյանը։




