
Սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Գոհար Հակոբյանը (Բելառուս) ներկայացրել է իր Ave-Maria ստեղծագործությունը։ Այն հեղինակել է կոմպոզիտոր Դավիթ Բադալյանը, իսկ մշակումն ու գործիքավորումն իրականացրել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Զարիֆյանը։
Ստեղծագործության երաժշտությունը Բադալյանը գրել է դեռևս Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին։ Գաղափարն իրականություն դառնալու ճանապարհին նրան է օգնել Նարինե Զարիֆյանը։ Իսկ այն Ave-Maria անվանելը Գոհար Հակոբյանի գաղափարն էր, նա է հենց հեղինակել տեքստը։ Տեքստի գաղափարը ծագել է բոլորովին անսպասելի։
«Քթիս տակ երգելով ստեղծագործության մեղեդին, ստենդի վրա նկատեցի «Ավե Մարիա» ժողովածուն և իմպրովիզ անելով, մեղեդու հետ համադրելով աղոթքի լատիներեն տեքստը՝ նկատեցի, որ ամեն ինչ այնքան համահունչ միաձուլվեց, որ այլ տեքստ այլևս հնարավոր չէր պատկերացնել։ Ստեղծագործությունն ունի խորը իմաստ։ Այն պատմում է այն մասին, որ անկախ նրանից, թե որքան դժվար է ամեն ինչ հիմա, ավելի լավ օրեր, անշուշտ, կգան: Պետք է միշտ հիշել, որ ամենակարևորը, որ չպետք է կորցնենք, Հավատն է, Հույսն ու Սերը…»,-նշում է Գոհար Հակոբյանը։

Ave-Maria-ն ձայնագրվել է Բելառուսի Հանրապետության նախագահական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների հետ։ Երգի հիման վրա Բելառուսում նկարահանվել է հոլովակ, իսկ մոնտաժային և գունամշակման աշխատանքներն իրականացրել են Երևանում։
Հոլովակը նոյեմբերի 21-ից հասանելի է համացանցում։ Այն մեզ տանում է լքված գոթական շենք, որտեղ ամեն ինչ մութ է և մառախուղ։ Պատմողը (այսինքն՝ երգիչը) մեզ կներկայացնի մի աղջկա պատմություն, որը կորցրել է իր մուսան (երազանքը): Այրվող նոտաների (անհայտ) մոխրի միջով հերոսուհին տեսնում է լույսը (հույսը), որը նրան տանում է Եդեմի պարտեզ, (աշխարհ, որտեղ չկա պատերազմ), որտեղ ամեն ինչ ծաղկում և իմաստ է ստանում: Ամբողջ տեսահոլովակի խորհրդանիշը թիթեռն է, որը հայտնվում է ավարտին։ Թիթեռը խորհրդանշում է Վերածնունդը և նոր, անհայտ, բայց գեղեցիկ բանի սկիզբը:
Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=h0yj3I5rZmw