Ալեքսանդր Սպենդիարյանին և Ղազարոս Սարյանին նվիրված համերգ Քյոլնում

  • 14.11.2023
  • 0
  • 467 Views

Գերմանիայի Հայոց Թեմի և Քէօլնի կաթողիկէ Bildungswerk-ի կազմակերպությամբ, Լոնդոնի Klingen Երգչախումբ ու Մշակութային Ասոցիացիայի, Երեւանից Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանների համագործակցությամբ նոյեմբերի 10ին 2023 Քէօլնի «Domforum» համերգասրահում տեղի ունեցավ հայ անվանի կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանին (1871-1928) և Լազար (Ղազարոս) Սարյանին (1920-1998) նվիրված համերգ։

Նշենք, որ Դոմֆորում համերգասրահը գտնվում է Քյոլնի դեմքը հանդիսացող Մայր տաճարի հարևանությամբ՝ այն դարձնելով խորհդավոր և բացառիկ երաժշտական կենտրոն։

Համերգի ամբողջ ծրագիրը կազմել  էր միջոցառման գեղարվեստական ղեկավար Սիփան Օլահը երկու կոմպոզիտորների ծանօթ ու անծանոթ մի շարք ստեղծագործություններից, որոնք Քյոլնում հնչեցին առաջին անգամ։ 

Փայլուն կատարումներով հանդէս եկան Սիփան Օլահը (տենոր, դիրիժոր Լոնդոն), Անուշ Նազարյանը (սոպրան, Քէօլն), Մարիա Փալազեանը (դաշնամուր, Լոնդոն), Յակոբ Մուրադյանը (հոբոյ, Լոնդոն), ինչպէս նաեւ լարային քառեակը Քէօլնից (Լյուսի Հովհաննիսյան՝ 1-ին ջութակ, Աստա Մամիկոնյան՝ 2-րդ ջութակ, Սարգիս Սարուխանյան՝ ալտ, Դմիտրի Գորնովսկի՝ թավջութակ)։

Նշենք, որ անվանի կոմպոզիտորների բվագախմբային ստեղծագործությունները այս կազմի համար փոխադրել էր մաեստրո Սիփան Օլահը, հնարավորություն ընձեռելով կամերային կազմով կատարելու այս հոյակապ երաժշտական գործերը։

Ծրագրում ընդգրկված էին Սպենդիարյանի Երևանյան Էսքիզներից «Էնզելին», Ղրիմյան Էսքիզներից «Ղայթարման», Սարյանի «Ադաջիո և Պար» ստեղծագործությունը, Սիմֆոնիկ Սերենադից «Սերենադ» առաջին մասը, ինչպես նաեւ մի շարք գործիքային անսամբլային ստեղծագործություններ եւ երկու կոմպոզիտորների լիրիկական ռոմանսները։ 

Համերգի բացումը կատարեցին Domforum-ի փոխտնօրեն Ռայնէր Վիլլը եւ Առաջնորդարանի քարտուղար Սայաթ սարկաւագ Բոյաջյանը։

Համերգի ավարտին Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր երաժիշտներին՝ բարձրակարգ կատարումների ու մի փոքր Հայաստան ու հայ մշակույթ ներկաներին ներկայացնելու համար և իր օրհնությունը փոխանցեց նրանց իրենց հետագա ստեղծագործական կյանքի ճանապարհին։

Նկարները՝ Էդմոն Հախնազարյանի

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում