Բաքվում հայերի նկատմամբ դատավարությունները չեն համապատասխանում արդար դատաքննության չափանիշներին, նշվում է Իրավաբանների միջազգային հանձնաժողովի (International Commission of Jurists – ICJ) «Արդարադատությունը ճնշման ներքո․ փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը Ադրբեջանում» խորագրով զեկույցում:
Միջազգային փորձագետները խիստ քննադատության են ենթարկել դատավարությունները՝ արձանագրելով համակարգային թերություններ: Զեկույցում նշված է, որ քաղաքացիական անձանց գործերը քննել են ռազմական դատարանները՝ առանց որևէ իրավական հիմնավորման: Մեղադրյալներին զրկելով իրենց ընտրած փաստաբանների օգնությունից՝ ադրբեջանական կողմը նրանց համար պետական պաշտպաններ է նշանակել, որոնք անտեսել են առկա ապացույցները։
Զեկույցում, որպես հայերի իրավունքները ոտնահարող փաստեր, նշված են փաստաթղթերի տրամադրումն անհասկանալի լեզվով, ինչպես նաև անբավարար դատական թարգմանությունը կամ դրա բացակայությունը։ Բացի այդ, դատավարություններն անցկացվել են դռնփակ՝ առանց միջազգային դիտորդների և դիվանագետների մասնակցության։
Փաստաթղթում առանձնահատուկ անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործին։ Ըստ ICJ-ի՝ նրան առաջադրված մեղադրանքները հակասում են օրինականության սկզբունքին, քանի որ վերաբերում են 1988 թվականից սկսած ժամանակահատվածին, երբ նա Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էր։
Հանձնաժողովն ընդգծում է, որ սա հիմնարար մտահոգություններ է առաջացնում, քանի որ նա չէր կարող կանխատեսել, որ այդ տարիների գործողությունները տասնամյակներ անց քրեական հետապնդման հիմք կդառնան։ Միջազգային իրավաբանները կոչ են արել Ադրբեջանին ապահովել, որպեսզի հայ պաշտոնյաների գործերով բողոքարկումները քննվեն քաղաքացիական դատարաններում։ Միևնույն ժամանակ, ICJ-ն դիմել է Եվրոպայի խորհրդին՝ առաջիկա դատական նիստերը դիտարկելու և թափանցիկությունն ապահովելու համար մուտքի իրավունք ստանալու պահանջով՝ շեշտելով, որ այս դատավարություններն արտացոլում են Ադրբեջանի արդարադատության համակարգի ընդհանուր ճնշված վիճակը։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի ղեկավարները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատման հնարավորությունը։
Armenia Today



