
Այսօր ողջ չեխական մամուլը ողողված էր Կարել Շվարցենբերգին անմահացնող հոդվածներով և վերլուծություններով։ Ակնառու է հատկապես «ՄՖ ԴՆԵՍ» ազդեցիկ օրաթերթի այսօրվա համարը՝ իր առաջին էջի նկարով։

Բացի այդ, ՄՖ Դնեսի կայքէջում, պարբերականն այսօր հանդես է եկել. «Պատկերասրահ. Արքայազն, դիվանագետ, խողովակների կոլեկցիոներ։ Ինչպե՞ս անցավ ժամանակը Կարել Շվարցենբերգի հետ» հանգուցյալի ողջ քաղաքական կյանքն ամփոփող արխիվային լուսանկարներով ու պատմագրություններով, որոնցից որոշակի դրվագներ ներկայացվում են ստորև.

Չեխ քաղաքական գործիչ Կարել Շվարցենբերգը, 1989 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, Վացլավ Հավելի կողքին ծառայել է որպես Պրահայի ամրոցի կանցլեր։ Հետագայում հիմնել է իր քաղաքական «TOP 09» կուսակցությունը՝ հանդիսանալով դրա պատվավոր նախագահը։ Իր քաղաքական կարիերայում եղել է պատգամավոր և սենատոր, արտաքին գործերի նախարար, Պետր Նեչասի կառավարության փոխվարչապետ, իսկ 2013 թվականի նախագահական ընտրություններում՝ «TOP 09»-ի կողմից առաջադրված թեկնածու։ Կարել Շվարցենբերգը համարվել է չեխական հետհեղափոխական քաղաքականության խորհրդանիշը՝ սերտորեն կապված լինելով Չեխիայի պատմության մեջ առաջին ուղիղ նախագահական ընտրությունների և Չեխիայի արտաքին քաղաքականության հետ, որի համար նախագահ Պետր Պավելն այս տարի
նրան պարգևատրել է «Սպիտակ առյուծի» Առաջին աստիճանի շքանշանով։

Կարել Շվարցենբերգը (լուսանկարում ձախ կողմում) ծագումով Շվարցենբերգների հին ազնվատոհմ ընտանիքից է: Ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 10-ին: 1948 թվականի փետրվարյան «պուտչից» հետո ընտանիքը կորցրել է Չեխոսլովակիայում գտնվող իր ողջ ունեցվածքը և տեղափոխվել Ավստրիա: Աքսորում Կարելը սովորել է անտառագիտություն՝ Մյունխենում, իսկ իրավագիտություն՝ Վիեննայում և Գրացում։

Դղյակի վերածված Օրլիկ ամրոցը գտնվում է Հարավային Չեխիայում, Վլտավայի ափին տեղակայված Պիսեկ շրջանի Օրլիկ նադ Վլտավու գյուղի մոտ։ Ամրոցի տարածքը պահպանվում է որպես մշակութային հուշահամալիր։

Շվարցենբերգի դամբարանը, որը գտնվում է վերոհիշյալ Օրլիկ ամրոցից մոտ 1500 մ հյուսիս-արևմուտք ընկած հատվածում, Շվարցենբերգների ազնվական ընտանիքի դամբարանն է՝ հենց ամրոցի այգում։ Դրա կառուցման խթանը եղել է դեռևս Կարել 3-րդ Շվարցենբերգի օրոք, որն օծվել է 1864 թվականից։ Սովորաբար դամբարանն ինքնին հասանելի չէ հանրությանը։ Այնինչ, իր կամքով այս դամբարանում է հանգչելու քաղաքական գործչի աճյունը, որը ներկայումս գտնվում է Ավստրիայում և պետք է փոխադրվի Չեխիա։

Նկարում 1989 թվականի աշնանը Կարել Շվարցենբերգը վերադարձել է Չեխիա: Այնուհետև, 1990 թվականի հուլիսին Հանրապետության Նախագահ Վացլավ Հավելի մոտ նշանակվել է որպես կանցլեր:

Կանցլերի իր պաշտոնավարման ընթացքում, Կարել Շվարցենբերգն ուղեկցում էր նախագահ Հավելին՝ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ:

1992 թվականին Շվարցենբերգը գլխավորել է ԵԱՀԿ առաջին պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի բռնկումից հետո։

Նախագահ Վացլավ Հավելի գահից հրաժարվելու կապակցությամբ, վերջինս լքել է կանցլերի պաշտոնը՝ 1992 թվականին։
Իհարկե, լուսանկարներն իրենց քանակությամբ բազմազան ու բազմաժանր են՝ ներկայացնելով Կարել Շվարցենբերգի ողջ քաղաքական կարիերան մինչև մեր օրերը, սակայն այսքանով ամփոփում ենք արժանահիշատակ քաղաքական գործչին նվիրված մեր համառոտ անդրադարձը ՕՐԵՐ-ի կայքէջում։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար