«Հայահավաք» նախագծի շրջանակներում ջութակահար և դիրիժոր Լևոն Չիլինկիրեանի 75-ամյակին նվիրված համերգ կկազմակերպվի։ Համերգը կկայանա նոյեմբերի 8-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան)։ Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար Աստղիկ Վարդանյանը և Լևոն Չիլինկիրեանը (Միացյալ Թագավորություն)։
Ծրագրում՝Յ. Ս. Բախ, Բ. Բարտոկ, Ս. Բարբեր, Յ. Հայդն։
Լևոն Չիլինկիրեանը Միացյալ Թագավորությունում բնակվող հայ ջութակահար է, դիրիժոր, «Չիլինգիրյան լարային քառյակի» հիմնադիր, Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայի պրոֆեսոր, Գիդհոլի երաժշտա-դրամատիկական դպրոցի ջութակի և կամերային երաժշտության պրոֆեսոր։
1971 թվականին հիմնադրել է «Չիլինգիրյան» լարային քառյակը, որի կազմում համագործակցել է մի շարք հանրահայտ կոմպոզիտորների (Ջոն Տավեներ, Մայքլ Բերքլի) և երաժիշտների հետ, կազմակերպել ջութակահարների բարձրագույն դասընթացներ։ «Չիլինգիրյան» լարային քառյակը կազմակերպել է ամենամյա ամառային դպրոց Ուստթ Դին քոլեջում։ «Անգլիական համերգի» (The English Concert) առաջին անդամներից է, նվագել է նրանց 1973 թվականի Լոնդոնյան առաջին համերգին։
Համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնակցել մի շարք երաժշտական փառատոների։ Որպես մենակատար ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրներում` լավագույն նվագախմբերի հետ և քառյակի կազմում։ Երկացանկում ունեցել է արևմտաեվրոպական կոմպոզիտորների, նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Ալան Հովհաննեսի, Ս. Ասլամազյանի և այլոց երկերից։
Հիշեցնենք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի ընթացքում Հայաստանում ելույթ են ունենում այնպիսի արտիստներ, ովքեր նախկինում որոշ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Գործնականում, հայազգի արտիստներին ներկայացնելով ու իրենց ձայնն ավելի լսելի դարձնելով, ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապի ամրապնդմանը:
Նախագծի շրջանակում այս տարի համերգներով Հայաստանում հանդես կգան Մարիամ Խառատյանը (դաշնամուր, Նորվեգիա), Վարվարա Մանուկյանը (կլավեսին, Գերմանիա)։ Նախագծի շրջանակներում Երևանում ավելի վաղ համերգով են ներկայացել սիրիահայ դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը, կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը, շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը, լիբանահայ դիրիժոր Կարո Ավեսյանը, ամերիկահայ դիրիժոր Պետրոս Շեթիլյանը, Ազնավուրյան քույրերը (ԱՄՆ)՝ Անի Ազնավուրյանը (թավջութակ) և Մարթա Ազնավուրյանը (դաշնամուր)։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։