Չեխական մամուլն անդրադարձել է Պրահայի հայերի ցույցին՝ Արցախի հայերի հայրենազրկումը

  • 03.10.2023
  • 0
  • 208 Views

Չեխիայի հայ համայնքի կիրակնօրյա ցույցին, երկուշաբթի օրվա առցանց մամուլում, անդրադարձել են չեխական «PrahaIN.cz» և «parlamentnilisty.cz» կայքէջերը՝ մասնավորապես ներկայացնելով հետևյալը.

«Ահաբեկչական պետությու՜ն», հնչում էր Պրահայի Հին քաղաքի հրապարակում։ Բայց Ռուսաստանի մասին չէր

Հավաքն ինքնին հիշեցում էր մի ժողովրդի բնաջնջման մասին, «որին աշխարհը գերադասում է անտեսել»։ Պրահայի «Ստարոմեստսկե» հրապարակում կիրակի կեսօրին այսպես է ներկայացվել Ադրբեջանի վերջին հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, որի հետևանքով տեղահանվել են մարզի հարյուր հազարից ավելի հայ բնակիչներ։

Աշխարհի ավելի քան տասը քաղաքներում հայերը համախմբվել են բարձրաձայնելու իրենց տառապանքի, ինչպես նաև նավթի ու գազի կարիքից դրդված ոճրագործ ռեժիմը չդատապարտող Արևմուտքի դժկամության մասին»,- գրել է հոկտեմբերի 1-ի չեխական «parlamentnilisty.cz» կայքէջը։

«Պրահայի հայերը դուրս էին եկել փողոց՝ քննադատելու ՄԱԿ-ին և ԵՄ-ին, իբր միայն լուռ հետևում են ցեղասպանությանը»,- գրել է հոկտեմբերի 1-ի չեխական «PrahaIN.cz» կայքէջը։

«Մենք եկել ենք ուշադրություն հրավիրելու վայրագություններին, այդ թվում՝ ցեղասպանությանը, որն Ադրբեջանը սանձազերծել է Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ»,- ցույցի ընթացքում լրատու աղբյուրներին է հայտնել «Կովկաս-Արևելյան Եվրոպա» լրատվական կենտրոնի տնօրեն, «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը՝ ընդգծելով, որ համաշխարհային հանրությունը, ՄԱԿ-ի և Եվրամիության գլխավորությամբ, պետք է անհապաղ գործեն, քանի որ հարյուրավոր հայերի կյանքն ուղղակիորեն վտանգված է։

«Սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ շուրջ երկու հարյուր հայ զոհվել են և հինգ հարյուրը վիրավորվել։ Ավելի քան հարյուր հազար հայեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը՝ այդպիսով կորցնելով իրենց հայրենիքը։ Բայց հարյուրավոր մարդիկ մնացել են այնտեղ։ Ոչ ոք չգիտի՝ ինչպիսին կլինի նրանց հետագա ճակատագիրը, քանզի մեծ վտանգի տակ են։ Ռուսական խաղաղապահները, որոնք պետք է ապահովեին վերջիններիս անվտանգությունը, հարձակման ժամանակ ոչինչ չեն արել։ Եթե ​​այդ զորքերին հրամայեն հեռանալ, հայտնի չէ, թե ինչ է լինելու Ղարաբաղում մնացած հայերի հետ։ Նրանք գտնվում են անմիջական վտանգի մեջ»,- նշել է «Օրեր»-ի խմբագիրը։

(Ժամերգություն Պրահայի Սբ. Հոգի եկեղեցում։ Լուսանկարը՝ PrahaIN.cz-ի)

«PrahaIN.cz»-ի ավելացմամբ, կիրակի օրը հայերը ցույց են անցկացրել աշխարհով մեկ. «Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Բրյուսելում, Պրահայում, Լոնդոնում, Վիեննայում, Աթենքում, Ստոկհոլմում, Լիսաբոնում, Սոֆիայում, Մարսելում և այլ քաղաքներում»,- նշել է կայքէջը։

(Քայլերթ Պրահայի կենտրոնական Պարիժսկա փողոցով։ Լուսանկարը՝ PrahaIN.cz-ի)

Ըստ չեխական լրատվության, ցուցարարները «դադարե՛ք լռել» և «սկսե՛ք գործել» կարգախոսերով պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Միաժամանակ կոչ են արել Եվրամիությանն ու Միացյալ ազգերի կազմակերպությանը՝ ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահ զորքեր ուղարկել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական օգնություն խնդրելով Լեռնային Ղարաբաղի հայերի համար։

«Ասատրյանի մատնանշմամբ, ադրբեջանական բանակի ռազմական հարձակմանը նախորդել է Լեռնային Ղարաբաղում հայերի դաժան մեկուսացումը։ Շրջափակման ինն ամիսների ընթացքում ղարաբաղաբնակ հարյուր քսան հազար հայեր սովի են մատնվել և ենթարկվել են ահաբեկման»,- ընդգծել է կայքէջը՝ խոսելով ցույցի մասնակիցների հրապարակած հայտարարության մասին, որում ՉՀ-ի կառավարությանը և Չեխիայի քաղաքացիներին, հրապարակային ընթերցմամբ, զգուշացրել են հետևյալը. «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանական բանակը լայնածավալ ռազմական հարձակում է իրականացրել Ղարաբաղում՝ խլելով հարյուրավոր մարդկանց կյանք, այդ թվում՝ փոքր երեխաների։ Վերջին մի քանի օրերի ընթացքում հայերի մեծ մասը հարկադրված լքել է Լեռնային Ղարաբաղը։ Այդպիսով հազարավոր մարդիկ կորցրել են իրենց տները, որտեղ սերնդեսերունդ խաղաղ ապրել են հազար տարիներ: Ներկայումս մնացել են ընդամենը մի քանի հարյուր հայեր, որոնք գտնվում են նավթային բռնապետական ​​ռեժիմի ողորմածության ներքո՝ բոլոր գլխավոր դերակատարների լուռ համաձայնությամբ, այդ թվում՝ Եվրամիության»,- ասվել է հայտարարության մեջ՝ շեշտը դնելով հետևյալ կարևորության վրա. «Իրադրությանը պատասխանատու են նաև ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք պետք է ապահովեին անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում։ Եվրամիությունը բավականաչափ ազդեցություն ունի այս հումանիտար աղետը կանխելու համար։ Սակայն առաջնահերթություն է տվել ադրբեջանական գազի մատակարարմանը, քան մարդկային կյանքի ու իրավունքների պաշտպանմանը։

 (Հայ ցուցարարներին հետևող զբոսաշրջիկներ։ Լուսանկարը՝ PrahaIN.cz-ի)

Ուստի խնդրում ենք ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահ զորքեր ուղարկել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ։ Մենք հումանիտար օգնություն ենք խնդրում հօգուտ Լեռնային Ղարաբաղի հայերի։ Դադարեցրե՜ք էթնիկ զտումները Ղարաբաղում»,- հետևյալ կոչերով են ավարտել հայտարարությունը ցույցի կազմակերպիչները Պրահայում։

Արսեն Քոչարյան

Հատուկ «ՕՐԵՐ»-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում