Հայաստանի 6 մարզերի ու Երևանի 16 ավագ դպրոցներում կիրականացվի արհեստական բանականության կրթություն

  • 12.08.2023
  • 0
  • 158 Views

Հայաստանի վեց մարզերի և մայրաքաղաքի 16 ավագ դպրոցի բաղադիչ ունեցող ուսումնական հաստատություններում սեպտեմբերից կմեկնարկի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական ծրագիրը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հավանության է արժանացրել բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված դպրոցների ցանկը։ Նախատեսված 10-ի փոխարեն կրթությունը կիրականացվի 16 դպրոցներում։

Ծրագիրը մշակվել է Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST-ի) կողմից և իրականացվում է ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ և ոլորտի կառույցների ու մասնավոր հատվածի հետ լայնամասշտաբ համագործակցությամբ։

Այս ուսումնական տարվանից ծրագրին կմիանան Արմավիրի մարզի երկու, Գեղարքունիքի` մեկ, Լոռու` երեք, Կոտայքի` չորս, Սյունիքի` մեկ, Շիրակի` երկու և Երևանի երեք կրթական հաստատությունները՝ ԱԲ կրթությունը հասանելի դարձնելով շուրջ 200 աշակերտի։ Այդ հաստատություններն են՝ Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ․ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը, Էօրնեկեան հանրակրթական դպրոցը, Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ․ Աբրահամյանի անվան ավագ դպրոցը, Լոռու մարզի ՀԱՊՀ հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը, Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցը, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը, Կոտայքի մարզի Չարենցավանի Մ․ Մաշտոցի անվան ավագ դպրոցը, Հրազդանի Հ․ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցը, Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցը, Հրազդանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը, Սյունիքի մարզի Կապանի թիվ 2 ավագ դպրոցը, Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը, Գյումրու տնտեսագիտական վարժարանը, Երևանի թիվ 198 ավագ դպրոցը, Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցն ու Եվրասիա հենակետային վարժարանը։

«ԱԲ սերունդ»-ը նպատակ ունի ստեղծելու արհեստական բանականության ոլորտի գիտնականի ու նորարարի կրթական ուղին՝ սկսած դպրոցից։ Աշակերտները կուսումնասիրեն խորացված մաթեմատիկա, ծրագրավորում՝ Python լեզվի հիման վրա, արհեստական բանականություն՝ ընդհանուր և խորացված ծրագրով, արդեն 12-րդ դասարանում կիրականացնեն պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում։ Ծրագիրը միտված է ապահովելու մասնագիտական կողմնորոշում՝ արհեստական բանականության (ԱԲ) հետազոտողի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման և այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։

Նախատեսվում են նաև դասավանդող խմբի վերապատրաստումներ և մենոթորական ծրագիր՝ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ։

FAST հիմնադրամն ուսումնասիրել է միջազգային փորձն ու ներգրավել կրթության ոլորտի համահայկական ներուժը՝ ծրագրի ողջ ընթացքում ստանալով մասնագիտական բազմակողմանի խորհրդատվություն։

Ծրագրի փորձարարական ժամկետ է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոս ամիսը, որից հետո այն նախատեսվում է ընդլայնել ու հասանելի դարձնել մեծաթիվ աշակերտների:

«ԱԲ սերունդ» ծրագիրն իրականացվում է Advance Armenia գլոբալ արշավի աջակցությամբ։

***

FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Հիմնադրամի տեսլականն է օգնել Հայաստանին դառնալ առաջատար նորարարական երկիր մինչև 2041 թվականը: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: 

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում