
Հայ կինոյի 100-ամյակի կապակցությամբ Չեռնոգորիայի Բար քաղաքի 36-րդ կինոփառատոնի շրջանակներում օգոստոսի 7-ից 12-ը կանցկացվեն Հայկական ֆիլմի օրեր, որը կազմակերպել են Բար մշակութային կենտրոնը և Չեռնոգորիայի կինոկենտրոնը։ Օրերի շրջանակներում նախատեսված են հայկական ֆիլմերի ցուցադրություններ եւ քննարկումներ։
Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ առաջին քննարկումը, որին մասնակցեցին «Ավրորայի արևածագը» ֆիլմի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Տիգրան Առաքելյանը, «Զուլալի» ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Հայկ Օրդյանը և «Չնչիկ» ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը։
Քննարկումից հետո հանդիսատեսը դիտեց «Ավրորայի արևածագը» վավերագրական անիմացիոն ֆիլմը (ռեժիսոր՝ Իննա Սահակյան) Հայոց ցեղասպանությունից փրկված և ԱՄՆ տարագրվելուց հետո համր ֆիլմերի դերասանուհի դարձած Ավրորա Մարդիգանյանի կյանքի մասին։ Ֆիլմը ներառում է կարճ տեսարաններ 1919 թվականի «Հոգիների աճուրդ» ֆիլմից, որտեղ Ավրորան խաղում էր գլխավոր դերը։

Օգոստոսի 8-ին, մեկ այլ պանելային քննարկման կմասնակցեն երկու երկրների կինոարդյունաբերության փորձագետները: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջազգային կապերի բաժնի վարիչ Նաիրա Գևորգյանը, Չեռնոգորիայի կինոկենտրոնի տնօրեն Ալեքսանդրա Բոժովիչը, դրամատիկական արվեստի ֆակուլտետի դեկան Էդին Յաշարևիչը։
Կինոփառատոնում ելույթ կունենան FCCG խորհրդի նախագահ Բերկուլյանը՝ Radio Televizije Crne Gore-ի գլխավոր պրոդյուսերը և Պավլե Սիմոնովիչը՝ Crnogorske kinoteke-ի ծրագրային հատվածի մենեջերը:
Քննարկմանը կհաջորդի «ԹՈՆՐԱՏՈՒՆ, Կանանց պատմած հայոց պատմությունը» (ռեժ. Իննա Մխիթարյան) ֆիլմի ցուցադրությունը, որը պատկերացում է տալիս հայկական գյուղի հինգ կանանց կյանքի մասին։ Նրանց պատմությունների միջոցով ֆիլմը բացահայտում է հայ հասարակության մեջ առկա հայրիշխանական ավանդույթները՝ ցույց տալով, որ կանայք պատրաստում են ավանդական լավաշ հաց՝ կիսվելով իրենց փորձառությամբ, ուրախությամբ և տխրությամբ:
Օգոստոսի 9-ին, կներկայացվի «Զուլալի» ֆիլմը, որը պատմություն է գեղատեսիլ ձորում գտնվող փոքրիկ գյուղի և մի ընտանիքի ողբերգական ճակատագրի մասին։ Ֆիլմը բաղկացած է երեք մասից, որոնք խոսում են նույն ժամանակաշրջանի մասին տարբեր տեսանկյուններից՝ ապահովելով մարդկային ճակատագրի բարդ խճանկարը։
Իսկ շաբաթ օրը՝ օգոստոսի 12-ը, վերապահված է «Չնչիկ» ֆիլմին, որը ներկայացնում է Կովկասի հեռավոր գյուղերից մեկում ապրող մի երիտասարդ աղջկա կյանքը։ Նրա յուրահատկությունն ու ֆիզիկական արատը հարուցում են տեղացիների ծաղրը, և ֆիլմը բացահայտում է պատվի, սիրո և ավանդական արժեքների թեմաները:
Հայկական կինոյի օրերն առաջինն են այս տարվա կինոփառատոնում եւ անցկացվում են համաձայն Չեռնոգորիայի կինոկենտրոնի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցության հուշագրի, որը ստորագրել են կենտրոնների տնօրեններ Ալեքսանդրա Բոժովիչն ու Շուշանիկ Միրզախանյանը։ Հուշագրի նպատակն է կենտրոնների համագործակցությունը՝ կինոարդյունաբերության ոլորտում խթանելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև Չեռնոգորիայի և Հայաստանի կինոգործիչների ցանցային կապի հաստատումը:
Բացման օրը Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է նաեւ տեղի փոքարթիվ հայ համայնքի ներկայացուցիդների հետ։
Orer.eu
