Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։
Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը։
Իր հերթին, «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին իր լիազորությունների շրջանակում երկխոսության միջոցով համապատասխան քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժման նպատակով ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ տեղափոխվող 68-ամյա քաղաքացու Ադրբեջանի սահմանապահների կողմից անհայտ վայր տեղափոխելու ուղղությամբ:
Զառա Ամատունին նշել է, որ շնորհիվ իրենց նախապես համաձայնեցված ընթացակարգերի, մինչև օրս կարողացել են ապահով կերպով տեղափոխել մարդկանց՝ բուժառուների կամ քաղաքացիների, որոնք ժամանակին ցանկություն էին հայտնել միավորվել իրենց ընտանիքների հետ:
«Ինչ վերաբերվում է կոնկրետ այս իրավիճակին, պետք է նշեմ, որ մենք բոլոր խնդիրները հասցեագրում ենք համապատասխան իշխանություններին, սակայն անելու ենք դա երկխոսության միջոցով և դա կոնֆիդենցիալ բնույթ է կրելու, այս պահի դրությամբ այլ մանրամասներ միջադեպի կապակցությամբ հաղորդել չեմ կարող»,- նշել է Ամատունին:
orer.eu



