ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացավ «Հովեր» երգչախմբի համերգը՝ նվիրված Սբ․ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին

  • 03.07.2023
  • 0
  • 790 Views

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը, որով եզրափակվեց Սբ․ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-երորդ տարելիցին նվիրված, ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող փարիզյան միջոցառումների շարքը:

Ծրագրում ընդգրկված էին հայկական եւ բյուզանդական շարականներ, կոմիտասյան հոգեւոր եւ աշխարհիկ մշակումներ, ինչպես նաեւ ժամանակակից հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգեր (մենակատարներ՝ Արամո Մամիկոնյան, Շահանե Աղաքարյան, Արամ Ավետիսյան)։

Համերգը ղեկավարում էին Սոնա Հովհաննիսյանը եւ Նարինե Ոսկանյանը։

«Ներսես Շնորհալու մահվանից 850 տարի հետո էլ, գիտակցաբար կամ ենթագիտակցորեն, հայոց «Առավոտ լուսոները» կրկին բացվում են Շնորհալու շարականով, «հողմոց հնչմամբ ոչ տատանիմ, այլ՝ կամ»-ով ենք դիմակայում, եւ «զի չեմ ես միշտ ի նոյն, այլ շրջական եմ»-ով՝ մշտապես նորոգվում, «Անդունդք ի խոր բարձունք ի վեր»-ով՝ խորհրդածում։

Այս անգամ եւս ի դեմս «Հովեր» պետական կամերային երգչախմբի, հայկական խմբերգային երաժշտությունը արժանավայել ներկայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հեղինակավոր հարթակում, իր անցյալով եւ ներկայով։ Ծրագիրը կազմված էր ժամանակագրական ընթացքով եւ բացառապես հոգեւոր խմբերգային տրամաբանությամբ» նշում է Սոնա Հովհաննիսյանը։

Համերգին ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, Ֆրանսիայի գիտական շրջանակների ներկայացուցիչներ, քույր եկեղեցիների հոգեւոր հայրեր, մշակութային գործիչներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության, Հայաստանի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ներկայացուցիչներ, հրավիրյալ հյուրեր։

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդո Ֆիրմին Մատոկոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Քրիստիան Տեր-Ստեփանյանը։ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքի փոխանցմամբ հանդես եկավ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Սբ. հայրապետի մահվան 850-երորդ տարելիցին նվիրված միջոցառումներն իրականացվում էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանի կողմից ներկայացված նշանակալի տարելիցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում  ընդրգրկելու արդյունքում (2022-2023թթ երկամյակի համար)։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում