Պետք է ջանքեր գործադրել, որպեսզի դիվանագիտությունը զսպի ուժի կիրառումը. Նատալի Լուազոն Ղարաբաղյան հակամարտության մասին

  • 27.06.2023
  • 0
  • 122 Views

«Ես հանդիպեցի քաղաքացիական անձանց, ովքեր բոլորն էլ զգացել էին ռմբակոծությունների պատճառած արհավիրքը, նրանցից ոմանք կորցրել էին մտերիմ մարդկանց, մյուսները՝ իրենց տները և ողջ ունեցվածքը», – ասաց Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ֆրանսիացի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն  ուրբաթ օրը Փարիզում կայացած «ԱՊՐԻ Արմենիա»-ի կողմից կազմակերպված համաժողովում՝ խոսելով Հայաստան կատարած իր վերջին այցի մասին։

«ԱՊՐԻ Արմենիա»-ն Երևանում գտնվող հետազոտական վերլուծական կենտրոն է և քաղաքականության արագացուցիչ, որը կենտրոնացած է տարածաշրջանային կայունության, կայուն բարգավաճման և քաղաքացիական ներգրավվածության առաջխաղացման վրա: Հունիսի 23-ին «ԱՊՐԻ Արմենիա»-ի և ՀԲԸՄ (AGBU) նախաձեռնությամբ Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում (Sciences Po) տեղի ունեցավ  համաժողով՝ «Հայաստանը խաչմերուկում. խաղաղություն և բարեկեցություն Եվրոպայի հարևանությամբ» թեմայով։ Այս համաժողովը միավորեց քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և քաղաքացիական հասարակության առաջնորդներին՝ քննարկելու խաղաղության կառուցումը և կայուն զարգացումը։

Նատալի Լուազոն, ով մինչ Փարիզում կայացած համաժողովին ելույթ ունենալը եռօրյա այցով գտնվում էր Հայաստանում, կիսվեց իր և գործընկերների այցի մասին իր տպավորություններով՝ ընդգծելով, որ իր և մյուս խորհրդարանականների համար կարևոր է սեփական աչքերով իրավիճակին ականատես լինելը։

«Հայաստանը պատրաստ է խաղաղության և խաղաղություն է ուզում։ Ադրբեջանն, ընդհակառակը, շարունակում է բազմապատկել հրադադարի խախտումները։ Եվ եթե Եվրոպան և Միացյալ Նահանգները որոշել են առաջ մղել խաղաղությունը, ինչը ես ողջունում եմ, նրանք կարծես մոռանում են, որ եթե Հայաստանը զգալի ռազմական ճնշում է կրել, ապա իրենց գործն է զգալի դիվանագիտական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ապահովելու միջնորդական ջանքերի հաջողությունը», – ասաց Լուազոն:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը հավելել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամեն կերպ փորձում է շրջանցել Ֆրանսիայի ներկայությունը բանակցություններում՝ հավելելով, որ Քիշնևում տեղի ունեցած հանդիպմանը Գերմանիայի ներկայությունը ողջունելի նորություն է։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Լուազոն ավարտել է իր խոսքը կոչով` ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի դիվանագիտությունը զսպի ուժի կիրառումը:

Նշենք, որ համաժողովի առաջին հատվածում ելույթներով հանդես են եկել նաև France24-ում միջազգային հարաբերությունների հարցով մեկնաբան Աղմել Շաղյեն, Սորբոնի համալսարանի միջազգային հարաբերությունների և ԵՄ ուսումնասիրությունների գծով դոցենտ Լոռ Դելքուռը,  «ԱՊՐԻ Արմենիա»-ի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը, Իսպանիայի արտաքին գործերի նախկին նախարար, Փարիզի միջազգային հարաբերությունների դպրոցի դեկան (Sciences Po) Արանչա Գոնսալես Լայան, Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան, Գալվուեյի համալսարանի Մարդու իրավունքների իռլանդական կենտրոնի գիտաշխատող Էնդրյու Ֆորդը, Դիվանագիտական և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մայքլ Ջ. Ստրաուսը, Impact Litigation-ում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային իրավաբան, Sciences Po-ում իրավագիտության դասախոս, Ֆրանսիայի Amnesty International-ի Միջազգային արդարադատության հանձնաժողովի նախագահ Ժաննա Սուլզերը, Լեռնային Ղարաբաղի Հերհեր գյուղի ուսուցչուհի Նինա Շահվարդյանը, Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Ժակ Ֆորը։

Թղթակցություն Փարիզից հատուկ ՕՐԵՐ-ի համար

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում